«Կյանքը միակ տեղն է, որտեղ պետք չէ խաղալ»
Ջուլիետ /«Ռոմեո եւ Ջուլիետ»/, Սոֆի /«Չաո»/, Եվա /«Սպանել հանուն սիրո»/, Լեդի Մակբեթ /«Մակբեթ»/, Այծեմնիկ /«Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրան»/ եւ մի շարք հայտնի այլ կերպարներ, որոնց թվում շուտով կավելանա եւս մեկը. դերասանուհի Լուիզա Ղամբարյանը իր երկրպագուներին ներկայանալու է մի նոր կերպարով: Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլ ամսվա ընթացքում կլինի նոր ներկայացման պրեմիերա, որը բեմադրվել է իտալական կոմեդիայի հիման վրա: «Ախ, Աննա, Աննա» ներկայացման մեջ Լուիզա Ղամբարյանը հանդես կգա աղախնի` Աննայի կերպարում: Իր նոր կերպարի ու ներկայացման մասին դերասանուհին դեռ շատ բան չի պատմում, ասում է, որ հետաքրքիր ձեւաչափ ունի, իսկ եզրակացությունները թողնում հանդիսատեսին:
Տարիներ շարունակ բեմում եւ էկրանին գտնվող դերասանուհին ասում է, որ երբեմն կյանքն ու բեմը զուգահեռելն անխուսափելի է լինում. «Կյանքը գալիս մտնում է բեմ, իսկ բեմը տեղափոխվում է կյանք, որը շատ դեպքերում քեզ խանգարում է: Երբեմն շահում ես, երբեմն էլ տուժում, երբ դերիդ «տակ» ես մնում, բայց մեր գործում 21-րդ դարի խելացի մարդը պետք է կարողանա հստակ տարանջատել կենցաղը, կյանքն ու աշխատանքը, նամանավանդ, երբ խաղում ես հերոսուհու կերպար, մտնում այդ դերի մեջ, պետք չէ մտածել, որ իրական կյանքում էլ այդպես կլինի: Ոչ, կյանքն ունի իր կանոնները, բեմը` իրենը»:
Կերպարները կերտելիս դերասանուհին իր անձը մոտեցնում է տվյալ կերպարին, եւ, ինչպես ինքն է ասում, որոշ դեպքերում իր Լուիզ անհատականությունից շատ բաներ գալիս ու մտնում են այդ կերպարի մեջ:
«Թատրոնն ու սերիալը միանգամայն այլ աշխարհներ են»
Լինելով հայկական իրականության մեջ առաջին դերասանուհին, ով հանդես եկավ հեռուստասերիալում`Լուիզա Ղամբարյանն ասում է, որ ինքն իր վրա էր վերցրել առաջինը լինելու քարը, ինչի համար ժամանակին շատ քննադատություններ են եղել, իսկ հիմա այդ քննադատողներն են սերիալներում նկարահանվում. «Ես սիրում եմ սերիալը, որովհետեւ կարող եմ վստահ ասել, որ բոլոր այն սերիալները, որտեղ ես նկարահանվել եմ, եղել են շատ բարձրակարգ` թե դերասանական կազմով, թե սցենարով: Ես խաղում եմ պրոֆեսիոնալ դերասանների, ինձ համար հեղինակություն համարվող մարդկանց հետ»:
Լուիզան նշում է, որ այսօր սերիալների պահանջարկն ու լսարանը կա, ուղղակի պետք է հասկանալ, որ ամեն մարդ չի կարող սերիալի սցենար գրել կամ սերիալում նկարահանվել. «Քանի որ սերիալը հայկական իրականության մեջ նոր ոլորտ է, պետք է հավատանք, որ ժամանակի ընթացքում շատ ավելի բարձր որակի արտադրանք կունենանք, ամեն մի պատահական մարդ չի հայտնվի սերիալում»:
Դերասանուհին նշում է` պետք է տարբերել բեմն ու սերիալը. «Թատրոնն ու սերիալը միանգամայն այլ աշխարհներ են, միանգամայն այլ տեմպ ու պահանջներ ունեն. պետք է այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի»:
Ամենասիրելի կերպարը` Այծեմնիկ
Իր խաղացած մոտ քառասուն դերերից Լուիզային շատ հոգեհարազատ է կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրան» ներկայացման հերոսուհու` Այծեմնիկ կերպարը. «Ցավոք, շատ կարճ կյանք ունեցավ ներկայացումը: Կարելի է ասել, որ դա իմ բենեֆիսն էր: Դերասանուհու ներկապնակի իմաստով շատ տեղին էր կերպարը, Ջուլիետի դեպքում ինչ էլ որ անես, միեւնույն է, գիտենք, որ նա 14-ամյա սիրող աղջիկ է, ով ինքնասպանություն է գործում: Գուցե ասածս շատ մասնագիտական է, եւ մարդիկ, ովքեր երազում են Ջուլիետ խաղալ, ինձ ճիշտ չեն հասկանա, բայց ինձ համար այն արդեն անհետաքրքիր աշխատանք է: Բացի դա, չմոռանանք, որ ես շուտով մոտենում եմ երեսունհինգին. ինձ համար Ջուլիետ խաղալը զուտ տեխնիկական աշխատանք է, ես ուղղակի խաղում եմ Ջուլիետ` չհավատալով իմ արածին, վաղուց Ջուլիետի տարիքից դուրս եմ եկել: Իսկ Այծեմնիկ, ով ապրում էր աղբանոցում, երբեք բոմժ չդարձավ, ուղղակի լքեց աշխարհը, քանի որ ինքն էլ լքվել էր աշխարհի կողմից: Այծեմնիկ ուներ շատ հարուստ ներաշխարհ, ժամանակին շատ գեղեցիկ արտաքին տեսք ուներ, բայց շատերի նման չգնաց «հեշտ» ճանապարհով գումար վաստակելուն, քանի որ այլ արժեքներ ուներ»:
Աղբանոցում հայտնված եւ շների ընկերակցությամբ ապրող, թափթփված տեսքով կերպարը դերասանուհու համար, ինչպես ինքն է ասում, հազար Ջուլիետ ու Լեդի Մակբեթ արժի. «Անգամ այդ չխնամված վիճակում ես ինձ բեմում շատ ավելի գեղեցիկ էի զգում, քան իմ թագուհիների կամ լեդիների կերպարներում»:
Լուիզայի ցանկությունն է կերտել այնպիսի կերպարներ, որոնք արտահայտվելու հնարավորություն կտան. «Այնպես խաղամ, որ ես զարմանամ իմ արածից, ինքս ինձ ասեմ` ես դերասանուհի եմ: Երբեմն ես անում եմ այնպիսի բաներ, որ զարմանում եմ. դերասաններն այսօր այնքան շատ են, որ դա ամեն մարդ էլ կկարողանա անել, եթե ունենա մի քիչ «քթի ծակ» ու արտաքին տեսք»:
Դերասանուհին ասում է` կյանքը միակ տեղն է, որտեղ պետք չէ խաղալ, որտեղ կարող է լիցքավորվել, որ հետո կարողանա բեմում խաղալ. «Իմ անձնական կյանքում ես չեմ խաղում, քանի որ կողքիս ունեմ մի մարդ, ով խաղընկեր չէ, այլ իմ կեսը, մի մարդ, ով իմ խաղընկերուհին չէ, այլ ինձնից դուրս եկածը, մի մարդ, ումից ես եմ դուրս եկել, եւ ընկերներ, որոնց կարելի է հաշվել այս մատերի վրա (ցույց է տալիս մատերը-հեղ.), որոնց հետ պետք չէ, չարժե խաղալ:)»:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի, Bravo.am-ի եւ Մհեր Հովվյանի


×
23,176






