×


Հայկ Պետրոսյան

Հայկ Պետրոսյան

Դերասանի “երեխան” մեկ տարեկան է :) Հայկի հետ ծանոթացանք ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր քաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցավ նրա stand-up շոուի պրեմիերան: Հիմա այն արդեն մեկ տարեկան է,  եւ մայիսի 10-ին արդեն “Հայկա-Stress” անվանումը ստացած ու նորացված ներկայացումը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի  անվան տիկնիկային թատրոնում:): “Ներկայացումը կարելի է երեխայի հետ համեմատել, նա մեկ տարեկան է:): Նախ` մեծացա ես, իսկ ներկայացումս ավելի հղկվեց”,- ասում է Հայկը: Hayk Petrosyan Պատասխանատվություն եւ անհանգստություն Ներկայացումից մի քանի օր առաջ Հայկն աղոթում էր ու վերջում խնդրեց Աստծուն, որ ներկայացումը հաջող անցնի, քանի որ մեկ տարվա հոբելյանի առիթով պատասխանատվության ու անհանգստության չափաբաժինը սովորականից շատ էր:): Ու հենց վերջին խնդրանքի ընթացքում Հայկենց դիմացի շենքում հրավառություն եղավ. նշան էր քաջություն հավաքելու համար:): “Ինչ-որ չափի անհանգստություն ու հուզմունք միշտ էլ պիտի լինի: Ներկայացումը սիրած աղջկան սեր խոստովանելու նման է, չգիտես` “հա”, թե “չէ” կասի :):  Մտածում ես` ինչպես կընդունի քեզ դահլիճը”,- պատմում է Հայկը: “Հայկա-Stress” = “Հայկի սթրեսը” “Ժպտացեք, եւ աշխարհը ձեզ կժպտա: Ամեն ինչ բումերանգի պես ետ է գալիս”, այսպես է եզրափակում իր ներկայացումը Հայկը: Սակայն դերասանը խոստովանում է` լինելով ուրախ անձնավորություն, ընկճախտն ու սթրեսը անպակաս են իր կյանքից: Կենդանակերպի նշանով խեցգետին Հայկին բնորոշ են “ներս գցելն ու խորանալը”: Մինչ իր ընկերները միեւնույն խնդիրը թեթեւ են տանում, նա խորանում է` հասնելով տիեզերքի ու Աստծո մասին խորհումներին:): “Բոլորս էլ մարդ ենք, բեմից դուրս բնական է, որ ամեն ինչին չէ, որ ժպտում եմ: Տխրությունն ու դժբախտությունն էլ է կյանք, ու, ցավոք սրտի, հենց այդ ընթացքում է մարդ ավելի զարգանում”, - ասում է Հայկը: Ի դեպ, Հայկի բոլոր ուրախ երգերը գրվել են հենց տխուր, սթրեսային տրամադրության ժամանակ, իսկ բոլոր տխուր երգերը` երջանիկ պահերին:): “Իմ ամենամեծ հակասթրեսը հենց ներկայացումն է ու բեմը:)”,- ավելացնում է նա: Hayk Petrosyan Հանդիսատես, քննադատություն ու սխալներ Հայկը հանդիսատեսի հետ շփումը շատ է գնահատում: Հաճախ է զրուցում ներկայացման հյուրերի, երկրպագուների հետ: “Քանի-որ ներկայացումը երիտասարդ սերնդի, տղա-աղջիկ հարաբերությունների մասին է, պետք է բեմից ասես այն, ինչ հանդիսատեսի սրտին մոտ կլինի”,- պատմում է նա: Հայկը կարծում է, որ յուրաքանչյուր առողջ քննադատություն գովասանքից լավ է, քանի որ, եթե պատրաստ չես, գովասանքը սխալ տեղ է տանում, հաճախ` փառասիրության: Իր խոսքերով, ամենամեծ քննադատները ծնողներն են ու մեծ եղբայրը, որը ոչ թե քննադատում, այլ “քլնգում” է :): “Stand-up շոուն սիրում է իմպրովիզներ, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս սխալվել”,-ասում է Հայկը: Ներկայացման վերջում այնպիսի տպավորություն էր, որ Հայկի ձայնը կտրվեց, բայց այդպես էլ ոչ ոք չհասկացավ` դա իմպրովիզ էր, սցենարի մի մաս, թե, իրոք, ձայնի կորուստ:): Հայր եւ որդի Պետրոսյաններ Հայկն առաջին անգամ բեմ է բարձրացել իր հայրիկի` հայտնի դերասան, նմանակող, դրամատուրգ, երգահան, երգիչ, նկարիչ Վարդան Պետրոսյանի հետ 8 տարեկան հասակում  ու հենց ինքն էր բացում ներկայացումը:): Վերջերս էլ “Հայսուպերսթար” նախագծից Իվետայի ու Րաֆֆի հետ Վարդան Պետրոսյանի համերգ-ներկայացման են մասնակցել, որտեղ Շառլ Ազնավուրի երգերն են կատարել: Ավելի մեծ բեմերից ու լուրջ ներկայացումներից խոսելիս Հայկը խոստովանում է. “Երբ մեկ օր ինձ որակապես, հոգեբանորեն ու ինտելեկտով պատրաստ ու արժանի զգամ` հորս կողքը կանգնելու, այդ ժամանակ, Աստծո կամոք, միասին կներկայանանք”: Hayk Petrosyan Ի՞նչ  է  սպասվում Չկարծեք` այս մեկ տարվա ընթացքում Հայկը միայն այս ներկայացմամբ է զբաղվել: Արդեն պատրաստ է երկու նոր ներկայացում, բայց դրանք հանդիսատեսը կտեսնի, երբ “Հայկա-Stress”-ը սպառվի: Պատրաստ է նաեւ “Սեր, սեքս եւ ռոքնռոլ” աշխատանքային անունը կրող համերգային ծրագիրը, որտեղ իրեն պերֆեկցիոնիստ համարող Հայկը ներկայացնելու է իր հեղինակային երգերը, ինչպես նաեւ հայտնի երգերի քավերներ: Եվս մեկ համերգ պլանավորվում է “սուպերսթարցի” ընկերների հետ: Ու ընդհանրապես, Հայկի հավակնությունները շատ “համեստ” են. նա պատրաստվում է գրավել Հայաստանը, այնուհետեւ “Օսկար”-ի արժանանալ, հետո գրավել Մարս ու Յուպիտեր մոլորակները, իսկ վերջում` նաեւ ողջ տիեզերքը :): Բայց մինչ այդ` հունիսի 6-ին Հայկը “Հայկա-Stress”-ն է ներկայացնելու բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել ներկա գտնվել դահլիճում: Ներկայացումներից հետո … “Ներկայացումներից հետո անպայման չէ, որ գնանք խմենք կամ քեֆ անենք: Պատահել է, որ ստեղծագործական էմոցիաները այնքան շատ են եղել, ու մենակ գնացել եմ տուն, նստել ու մտածել եմ, գրել եմ: Լինում է, որ մայրիկիս հետ սրճարանում նստում ենք ու քննարկում: Բայց ամենից կարեւորն այն է, որ ներկայացումից հետո ինձ հանգիստ եմ զգում, որովհետեւ մինչ այդ մի քանի օր լարված աշխատում ես` փորձեր, փորձեր, փորձեր”,- պատմում է Հայկը: Իսկ մայիսի 10-ին Հայկը ընկերների հետ գնալու էր սրճարան` քննարկելու ներկայացումը, այնուհետեւ` տուն, որտեղ մայրիկը գրկելու էր իրեն ու ասելու. “Այս մասը սենց պետք է անեիր, այն մասը` նենց”, իսկ Հայկը իր հերթին պատասխանելու էր. “Մամ ջան, էսօր թող հանգիստ քնեմ էլի”, բայց մի երկու ժամ անքնությամբ էր տառապելու :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին