Ազգային առաջին մրցանակը կշնորհվի 2012-ին 2012 թվականի փետրվարին տեղի կունենա հայկական կինոպատմության մեջ Ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խթանել եւ զարգացնել ազգային կինոարտադրությունը, բացահայտել կինոյի աշխարհում հայտնված նոր անուններ, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնել: Կանոնակարգի համաձայն՝ առաջին մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 1991-ից 2011 թվականներին միայն Հայաստանում արտադրված ֆիլմերը: Հաջորդիվ մասնակցության իրավունք կստանան նաեւ արտասահմանում արտադրված հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը: Ժյուրիի կազմում են կինոյի եւ մշակույթի անվանի գործիչները, ովքեր Ազգային կինոյի մրցանակը կշնորհեն քվեարկության երկու փուլի արդյունքում: Առաջին փուլում յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 2-3 ֆիլմ, իսկ երկրորդում կորոշվեն հաղթողները: Ի դեպ, մրցանակաբաշխության ժյուրիի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Սոս Սարգսյանը: Ժյուրիի կազմում են Հենրիկ Հովհաննիսյանը, Կարինե Խոդիկյանը, Վահագն Հակոբյանը, Ռուբեն Հովսեփյանը, Հովիկ Հախվերդյանը, Գայանե Մարտիրոսյանը, Նարեկ Թովմասյանը, Սուրեն Հասմիկյանը, Զավեն Բոյաջյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը: Ազգային կինոյի մրցանակաբաշխության նախաձեռնողներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, “Orange Արմենիա” ընկերությունն ու Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը: Մրցանակաբաշխությունը ունենալու է 12 անվանակարգ, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր կնոջ դերակատար, լավագույն տղամարդու դերակատար, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն: Մեկ հատուկ մրցանակ կշնորհվի նաեւ հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար, իսկ “Orange Արմենիա” ընկերությունը կսահմանի հատուկ մրցանակ բջջային հեռախոսով նկարահանված ֆիլմի համար: Սեպտեմբերի 12-ին կհայտարարվի Ազգային կինոյի մրցանակի էսքիզի մրցույթ, հաղթողին կշնորհվի 370 հազար դրամ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: