“Ինչից փախչում ես` գլխիդ է գալիս”
Ամեն ինչ սկսվեց իմ ծնողներից, որոնք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ են:
Անընդհատ խուսափում էի դերասան դառնալուց. ընդունվեցի Մոսկվայի ձեռներեցության ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը, բայց բանակից զորացրվելուց հետո երկու օր դասի գնացի եւ հասկացա, որ չեմ կարող… Մի օր արթնացա եւ ասացի` “Մայրիկ, ես գնում եմ Երեւան”:
Մտածում էի, որ մի տանը 4 դերասան չի լինի, քանի որ քույրս էլ ընդունվեց Թատերական ինստիտուտ: Սակայն ամեն ինչ նախանշված էր…
Երեւանում ընդունվեցի Ջազ քոլեջ ու զանգեցի մամայիս: Ինքն էլ հետեւյալը պատասխանեց. “Ես այդպես էլ գիտեի”. մայրս ամեն ինչ գիտի` տեսնում է մեկ օր առաջ:
2002-ին էլ Երգի պետական թատրոնում “Կանաչ գոտի” մրցույթն եղավ: “Թիվ 5” խմբի Ռաֆոն իմ կուրսեցին էր ու մասնակցում էր այդ մրցույթին:
Ամեն անգամ անցնում էի Երգի թատրոնի կողքով եւ երազում, որ մի օր կընդունվեմ` Արթուր Գրիգորիչի մոտ սովորելու. իր երգերի ներքո է անցել մանկությունս:
Մի խոսքով գնացի, փորձեցի բախտս: Խիզախության համար մոտակայքում գտնվող խինկալիանոցում 100 գրամ “արաղ քցեցի” եւ մտա:):
Ու տեսա հանձնաժողովին` Հրաչ Քեշիշյան, Վարդուհի Վարդանյան, Արթուր Գրիգորյան` ինձ համար շատ կարեւոր մարդիկ: Երկու երգ կատարեցի, եւ Գրիգորիչն ասաց` “Լավն ա, թող գա”:
Այդպես կազմավորվեց “Թիվ 5” խումբը: Հետագայում դարձա Գրիգորիչի ամենամտերիմ մարդկանցից մեկը` իր օգնականը:
Շատ հետաքրքիր տարիներ անցկացրի իր հետ, հետաքրքիր մարդ է Գրիգորիչը: Իր շնորհիվ տեսա Հայաստանը, ավելի շատ սիրեցի այն:
Երգի թատրոնում սիրահարվեցի մի աղջկա` պարուհու, ով սովորում էր Թատերական ինստիտուտում: Եվ այդ աղջիկն ինձ նորից դեպի թատրոն բերեց:):
Եվ, վերջապես, ընդունվեցի Սամսոնովիչի կուրս (Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մասին է խոսքը:)):
Զուգահեռ ընդունվեցի “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոն, բավական լավ դերեր խաղացի, իսկ 2006-ին ընդունվեցի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:
“Մհեր Մկրտչյան”-ում հիմա պայմանագրով խաղում եմ “Բուրատինո” եւ
“Հացթուխի կինը” ներկայացումներում: Որսորդ Անթոնեթի դերն իմ ամենասիրելին է, քանի որ այն Մհեր Մկրտչյանի խաղացած վերջին դերն է:
Իմ բախտը բերել է վարպետների առումով՝ Արթուր Գրիգորիչ, Ալբերտ Մկրտչյան եւ Ալեքսանդր Գրիգորյան: Այս մարդիկ մեջս սերմանեցին թատրոնի “կլասիկան”:
Բայց ամենաշատն իմ բախտը բերել է, որ ծնողներս ինձ դաստիարակել են ոչ թե բիզնեսմենի կամ խաբեբայի ոգով, այլ` արվեստագետի: Չեմ ասում` բիզնեսը վատ է, բայց սա է իմ կոչումը:
Առաջին դերս կերտել եմ էլի իմ իրական կոչումից փախչելու շրջանում: Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում ավարտական ներկայացում էր, դերասանը հիվանդացել էր, եւ ես փոխարինեցի…
Առաջին մեծ դերս “Հացթուխի կինը” ներկայացման մեջ եմ խաղացել, դեռ առաջին կուրսում էի: Հիմա ամենաշատը սիրում եմ “Մանյակը”, այս դերով եմ տարված եւ ապրում:
Չեմ սիրում, երբ հարցնում են` ինչպե՞ս եմ կերտում կերպարը: Դու ինձ այդ հարցը չտվեցիր:), չէի էլ կարող պատասխանել: Ինձ թվում է` դա նույնն է, թե հարցնեն` արդյո՞ք երեխայիդ սիրում ես:
Շատ ուրախ եմ, որ երբեք Մանվել Խաչատրյանին չեմ մարմնավորել, որովհետեւ դա ամենավատ դերս կլինի` անելիք չեմ ունենա:):
Մի շատ սիրելի դեր ունեմ, որն, ի դեպ, oրերս խաղացի “Հայֆեստ”-ի շրջանակներում: “Մեկ այլ մարդ”-ը մի քիչ աբսուրդի թատրոն է: Այն ամնեզիայով հիվանդ երկու մարդկու մասին է, ովքեր անընդհատ փորձում են “մեկը մյուսին հիշեցնելով” ապրել:
Ես դերասան եմ, ով նաեւ կարողանում է երգել:
Բախտս չի բերել, որ ինձ ճանաչում են ավելի շատ որպես երգիչ: Ուրախացա, որ ցանկացար իմ դերասանական կյանքի մասին խոսել:
Կնոջս եւ երեխայիս առավոտներն եմ տեսնում: Կինս տնտեսագետ է, բայց դաշնամուր է շատ լավ նվագում:
Ես բավարարված դերասան եմ, Աստված տա, այսպես էլ շարունակվի:
Գումարային առումով բավարարված չեմ: Արտասահմանյան հյուրախաղերի ժամանակներ հաճախ մտածում եմ` վերջ, հետ չեմ գնա, բայց էլի վերադառնում եմ, սակայն չեմ բացառում, որ կարող է մի օր ուրիշ երկիր գնամ:
Շատ ենք շրջագայել Ռուսաստանի քաղաքներով: Վերջին ներկայացումները Բրեստում էին: “Բելայա վեժա” փառատոնի շրջանակներում “Մանյակն” ենք ներկայացրել: Հրաշալի քաղաք էր. մի փողոց կար, ուր ամեն երեկո մի մարդ գալիս եւ ինչպես հին ժամանակներում, վառում էր պապտերները: Շատ թատերական քաղաք էր:
Ամեն տարի Սանկտ-Պետերբուրգ ենք գնում: Անցյալ տարի “Ռեւիզոր” ներկայացմամբ “Գրան Պրի” շահեցինք:
Մեր եւ արտասահմանյան հանդիսատեսը տարբերվում են, երկուսն էլ լավ են, բայց “տարբեր տեղերում են ռեակցիա տալիս”:
Ժամանակը չի հերիքում, չեմ հասցնում, ծնողներիս եմ շատ կարոտում….
Ինձ հանգստացնում է Գյումրին, երբ ցանկանում եմ մենակ մնալ, այնտեղ եմ գնում:
Երվանդ Ենգիբարյանի հետ ուզում ենք ռոքային երգ գրել եւ կատարել, այն Ստանիսլավսկու թատրոնի հիմնը կլինի:):
Մտերիմ մարդիկ ամենաճիշտ քննադատներն են:
Ներկայացումից 20 րոպե առաջ իջնում եմ բեմ, սնահավատության պես մի բան է դարձել:
Կարծում եմ, որ իմ մասին ավելի լավ կպատմեն ինձ շրջապատող մարդիկ:
Ինչպես ռուսներն են ասում` “Сказано–сделано!”: BRAVO.am-ը Մանվելից գաղտնի զրուցել է դերասան Երվանդ Ենգիբարյանի հետ:):
“Հավանում եմ Մանվելի աշխատասիրությունը, պահանջկոտությունն իր հանդեպ եւ այն չափավոր էգոիզմը, որը չի փչացնում մթնոլորտը եւ ներկայացումը: Ինձ համար շատ հեշտ է նրա հետ աշխատել: Մենք արդեն շատ լավ ենք իրար հասկանում բեմում, բայց երկուսս էլ հումորի մեծ զգացում ունենք, եւ եթե ներկայացման ժամանակ ինչ-որ բան պատահի, կարող ենք այն տապալել ;)”:
“Ի՞նչն է ինձ զայրացնում եւ միաժամանակ դուր գալիս Մանվելի մեջ. “Օ մադամ, օ մսյե” ներկայացման ժամանակ Մանվելը փնտրում է թատրոնի դերասաններից Իգիթխանյան Յուրային, որպեսզի բառերը կրկնի, չնայած որ այդ նույն ներկայացումն արդեն 3 տարի է` խաղում ենք”:
Նաեւ հանդիպեցինք Վիգեն Ստեփանյանին, ով “Օ մադամ, օ մսյե” ներկայացման ռեժիսորն է. “Առաջին անգամ եմ աշխատում Մանվելի հետ: Հանգիստ ենք աշխատում. երիտասարդ է, բայց արդեն լավ դերասան”:
Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Մանվել Խաչատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: