Վրացահայ ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսը
Նոյեմբերի 19-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ վրացահայ ստեղծագործող Մարիա Կազարյանի` “Ենթագիտակցություն” խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի աշխատանքները պատրաստվել են մետաքսի վրա, քանի որ, հեղինակի կարծիքով, այն «շնչում է ու կարծես կենդանի լինի»: Ներկայացված աշխատանքները ոչ մի կոնկրետ թեմատիկա չէին կրում, քանի որ մետաքսի վրա պատկերված կենդանիները, մրգերը, կերպարները, ծաղիկները, բոլորն էլ մարդկային ենթագիտակցության մի մասնիկն են կազմում: Մարիան նաեւ կտավների վրա պատրաստված աշխատանքներ ունի, որոնք խոստանում է ներկայացնել շուտով:
«Ես նկարում եմ այն, ինչ տեսնում ու զգում եմ, այն ամենը, ինչով որ ուզում եմ կիսվեմ մարդկանց հետ: Ենթագիտակցությունը ամենակարեւոր երեւույթն է, սակայն շատ հաճախ մենք անուշադրության ենք մատնում այն»,- պատմում է Մարիան:
Մարիա Կազարյանը ծնվել է Վրաստանում, նրա հայրը հայ է: Մարիան դեռ փոքրուց է սկսել նկարել, սակայն ավարտել է բժշկական տեխնիկում: Հասկանալով, որ չի կարողանում ապրել առանց արվեստի, 2009 թվականին ընդունվել է Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետը:
«Շատ եմ սիրում Հայաստանը ու Երեւանը: Սա իմ ամենամեծ երազանքն էր, որ առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունենար հենց Երեւանում: Այս նույն ցուցահանդեսը ներկայացնելու եմ նաեւ Վրաստանում, հետո մեկնելու եմ այլ երկրներ, արդեն շատ հրավերներ կան»,- ասաց Մարիա Կազարյանը:
Ի դեպ, Մարիայի սիրելի արվեստագետը ճարտարապետ Անտոնիո Գաուդին է: Սակայն իր աշխատանքների բազմազանության նման, նրա սիրելի նկարիչներն էլ բավականին մեծ ոճային տարբերություն ունեն` Գուստավ Կլիմտ, Սալվադոր Դալի, Լեոնարդո ԴաՎինչի, Վինսենտ Վան Գոգ:
Ցուցասրահը բավականին մարդաշատ էր, իսկ դաշնակահար Արմեն Իսրայելյանը եւ սաքսաֆոնահար Արա Առաքելյանը էլ ավելի էին ջերմացնում մթնոլորտը` իրենց ջազային իմպրովիզներով: Ցուցասրահում ներկա էր նաեւ «Խաչատրյան Տրիո»-ի դաշնակահար Արմինե Գրիգորյանը. «Նախեւառաջ եկել եմ այստեղ երաժշտական մասը լսելու :) : Բայց աշխատանքների ինքնատիպ արտահայտված ներաշխարհը շատ հետաքրքրեց ինձ: Ամենաուրախալին այն է, որ նման միջոցառումներ ավելի հաճախ են սկսել կազմակերպվել մեր քաղաքում, որտեղ երիտասարդ արվեստագետները կարող են դրսեւորել իրենց»:
Ի դեպ, նոյեմբերի 14-ին վրացահայ նկարչուհին դարձավ 30 տարեկան: Bravo.am թեպետ ուշացումով շնորհավորում է Մարիա Կազարյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով նոր ցուցահանդեսներ եւ գեղեցիկ աշխատանքներ :):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: