×


Մարինա Մարտիրոսյան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհին ու իր արկածները Արարատի լանջին :) Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանն այն քիչ երջանիկներից է, ում բախտ է վիճակվել բարձրանալ Արարատ լեռն ու այնտեղ մի շարք արկածների հեղինակ դառնալ: Marina Martirosyan Bravo.am-ի հետ զրույցում Մարինան պատմեց իր մեծագույն ցանկություններից մեկի` Արարատի գագաթը բարձրանալու մասին, որն իրագործվել է 2010-ի օգոստոսին: «Արարատի մասին ես միշտ նույն ոգեւորությամբ կխոսեմ, թեկուզ տարիներ հետո: Գնացել էինք մեր արշավականների խմբով, որն առաջնորդում է Հովհաննես Մարտիրոսյանը: Ես նրանց հետ շատ պատահական ծանոթացա, դարձանք լավ ընկերներ: Մեզ միացավ նաեւ իմ ընկերներից մեկը, հայտնի մի նկարիչ իր որդու հետ, իրավաբան մի կին Նյու Յորքից... մենք ութ հոգով հավաքվեցին եւ գնացինք:): Դա այն ժամանակն էր, երբ սփյուռքից մի խումբ էր բարձրացել, գագաթի վրա հայկական դրոշներ թողել, իսկ թուրքերը հայերի վրա ահավոր կատաղած էին: Ով լսում էր, որ գնում ենք Արարատ, ասում էր, թե մենք խենթ ենք... դե, մենք էլ խենթ ու խելառ հավաքվեցինք ու գնացինք»: Marina Martirosyan Օգոստոսի 15-ին ճանապարհ ընկան, 16-ին հասան Բայազեթ, այնտեղ գիշերեցին, իսկ առավոտյան ճանապարհվեցին ստորոտ, որտեղ էլ, ինչպես Մարինան է ասում, սկսվեց իրենց արկածը: Ոտքով 2100 մետրից սկսեցին բարձրանալ, երեկոյան հասան առաջին ճամբար, որը 3200մ բարձրության վրա է. «Դե, ճանապարհին արկածներ եղան, որոնք չգիտեինք, թե ինչով կավարտվեն: Երբ հասանք 3200-ին, մեր քուրդ գիդը սկսեց խնդրել, որ միանգամից բարձրանանք երկրորդ ճամբար. իբր իրեն զանգել են ու ասել, որ ոստիկանները գալիս են ստուգելու: Եթե գային, գիդին դատ էր հասնում, իսկ մեզ չգիտեմ, թե ինչ կանեին... լավ չէր լինի: Գիդին ասացինք, որ եթե գան, կմիանաս գերմանացիների մի խմբի, մենք էլ քեզ չենք ճանաչի...»,- եւ քանի որ մեկ օրում մինչեւ 4200մ բարձրանալն առողջության համար վտանգավոր է, այդ օրը Մարինան եւ իր ընկերները հանգրվանեցին 3200-ում. «Վրաններ, ուտելիք, տաք թեյ, էմոցիաներ... ու ամեն ինչ բարեհաջող էր: Ոչ մի ոստիկան էլ չերեւաց մեր պապենական ու բիբլիական լեռան վրա: Իսկ Արարատի արեւածագը մի աննկարագրելի երեւույթ էր, մայրամուտի մասին էլ չեմ խոսում...»: Այս ամենով հիանալուց հետո` առավոտյան նախաճաշեցին ու գնացին դեպի 4200մ-ը: Եվս 6-7 ժամ քայլեցին, որն արդեն բավական դժվար է. լեռն ուղղահայաց է դառնում, քայլերն ավելի են մեծանում, բայց, պարուհու խոսքերով, Արարատը ջերմությամբ ու հոգատարությամբ իր գիրկն էր առել իրենց, ինչը շատ հարազատ զգացողությամբ էր պարուրել նրանց: Marina Martirosyan «Վերջապես օգոստոսի 19-ի առավոտյան 8:37 րոպեին ոտքս դրել եմ 5165մ-ի վրա:), անկախ ինձանից սկսել եմ գոռալ, հետո ընկերներով ուրախությունից սկսեցինք գրկախառնվել, դրանից հետո,  էլի անկախ մեզանից, վազեցինք դեպի Հայաստանի կողմը: Ճիշտ է, օդն այնքան էլ պարզ չէր ներքեւում, բայց Հայաստանը նշմարվեց, շատ պարզ ու գեղեցիկ Արագածը երեւաց, կարծես ափիդ մեջ լիներ: Մի խոսքով` հրաշք, հեքիաթ, անհասանելի մի երեւույթ, որն այլեւս իմն էր ու բոլորինս`այդ պահին ու առհավետ»: Մարինան պատմում է, որ բարձրանալը դժվարացել է հատկապես վերջին 250մ-ի ժամանակ, երբ սկսվում է ձյունածածկ ճանապարհը. «Քամին մի կողմից, թթվածնի պակասը մյուս կողմից... սակայն հաղթահարեցի, իհարկե, եթե չլինեին ընկերներս, հատկապես Վարդանը, ինձ շատ ավելի դժվար կլիներ այդ 250 մետրը»: Marina Martirosyan Իսկ իջնելն արդեն մեկ օր է տեւել, բայց դա համեմատաբար ավելի հեշտ կլիներ, եթե 3200-ից թիմով միմյանց չկորցնեին ու գիշերվա մթության մեջ փորձեին ճանապարհը գտնել. «Այ սա վերջին եւ ամենաուժեղ արկածն էր, որը երբեք չենք մոռանա: Ամեն անգամ հավաքվելով` դա նորից հիշում ենք, բայց արդեն ժպիտով ու ծիծաղով»: Վերջապես` մոտ 4 ժամ Արարատի ստորոտում միմյանց փնտրելուց հետո`շատ «հոգնած ու ջարդված», բոլորը միասին հասան Բայազեթ: Հաջորդ օրը նրանք գնացին Վան, եղան Ախթամար կղզում, Սուրբ խաչ եկեղեցում, Վանի բերդում. «Վանում սկսվեց մի ուրիշ աշխարհ... մի ուրիշ ցավ էր սրտիս մեջ. ունենալ նման հրաշք ու հետո կորցնել...»: Օգոստոսի 20-ի երեկոյան` լի տպավորություններով ու զգացողություններով, ճանապարհվեցին Երեւան. «Պարզվեց, որ մի ամբողջ ժամ բոլորս լուռ էինք, եւ հենց այդ լռության մեջ էր մեր ճամփորդության խորհուրդը, որ կոչվում է «Արարատ»: Շատ երկար կարող եմ պատմել, բայց գերադասում եմ լռել... թող այս վերջին լռության մեջ էլ Bravo.am-ի ընթերցողը գտնի իրեն հոգեհարազատը»: Marina Martirosyan Մարինան լեռնագնացության այլ ծրագրեր էլ ունի : ) Էքստրիմի սիրահար Մարինա Մարտիրոսյանը լեռնագնացության այլ ծրագրեր էլ ունի. ամռանը ծրագրել է լինել Կազբեկի ու Էլբրուսի գագաթին. «Այ այսպիսի գիժ բաներ:)»: Ինչպես մեր զրուցակիցն է ասում, շատ վտանգավոր բաներ է սիրում. «Եղել է նկարահանում, երբ Կիեւյան կամուրջից թռել եմ, իսկ 2009-ի աշնանը ռեժիսոր Արտակ Իգիթյանը վավերագրական ֆիլմ էր նկարում Հայաստանի մասին, եւ ես այնտեղ ներկայացնում էի Հայաստանի էքստրիմը»: Գարնանը Մարինան պատրաստվում է օդապարիկով թռչել, եթե հաջողվի, նաեւ պարապլան կփորձի: Marina Martirosyan Իսկ հիմա Մարինա Մարտիրոսյանը զբաղվում էր իր սիրելի գործերով` պարով ու հեռուստահաղորդավարությամբ, դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում, «Արեւներ» մանկապատանեկան երգի անսամբլում, իսկ հեռուստատեսությամբ վարում է «Արեւներ» ծրագիրը: Երկու աշխատանքն էլ իր համար շատ կարեւոր է համարում. «Պարն իր ամբողջ էությամբ ու գեղեցկությամբ իմ աշխարհն է, թթվածինը, իմ մասնագիտությունը, որն անչափ սիրում եմ, իսկ հաղորդավարությունը մի ուրիշ աշխարհ է, որն էլի անչափ սիրում, բայց մասնագիտություն չեմ համարում, չնայած մոտ մեկ տարի սովորել եմ հեռուստառադիոհաղորդավարական դպրոցում»: Մարինան միշտ ձգտում է ավելիի, փորձում եւս մեկ քայլ առաջ գնալ, իսկ մասնագիտության մեջ կարծում է, որ  միշտ սովորելու բան ունի... Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները Մարինա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW