Երաժշտի երեւանյան համերգը “թու-թու-թու” կայացավ :)
Սեպտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Յաննիի երեւանյան համերգը` “Երաժշտություն, որը հուզում է ողջ աշխարհը” խորագրի ներքո:
Երաժիշտը հատուկ հայ հանդիսատեսի համար մի շարք անակնկալներ էր պատրաստել, ներկայացվող մոտ 20 հին ու նոր ստեղծագործությունների մեջ փոփոխություններ արել:
“Սիրեցի Հայաստանը հենց օդանավակայանից իջա: Բոլորը ժպտում էին ինձ, բոլորը գեղեցիկ են: Մեզ մեր սեփական տանն ենք զգում: Հիմա ցավով եմ նշում, որ Հայաստան այցս այսքան ուշացել է, կփորձեմ գոնե մեկ-երկու տարի ընդմիջումից հետո կրկին լինել այստեղ”,- նշել է Յաննին:
Ի դեպ, նախապես ներկայացված պահանջագրի համաձայն` լրագրողների հետ հանդիպում, ֆոտո կամ վիդեոնկարհանում չէր լինելու, բայց համերգից ժամեր առաջ երաժիշտը համաձայնել է խախտել պահանջագրի այդ կետերն ու մի քանի րոպե հատկացնել լրագրողներին` Երեւանից ստացած լավ տպավորությամբ եւ բարձր տրամադրությամբ պայմանավորված:
Յաննին համերգից առաջ “թու-թու-թու” է ասում : )
Երաժիշտը համերգներից ու իր համար շատ կարեւոր իրադարձություններից առաջ խաչակնքում է, աղոթում եւ “թու-թու-թու” ասում, որը, ինչպես ինքն է ասում, սովորել է հայ եղբորից` խմբի տաղանդավոր ջութակահար Սամվել Երվինյանից. “Մեկ-մեկ մոռանում ու գլուխս աջ կողմ եմ թեքում, բայց Սամվելն օգնության է հասնում, ասում` պետք է ձախ ուսիս վրա թեքեմ ու “թու-թու-թու” ասեմ... Օգնում է:)”:
Սամվել Երվինյանն էլ BRAVO.am-ին ասել է, որ իր եւ Յանիի ծանոթությունը եղել է երաժիշտ Արա Գեւորգյանի միջոցով:
Խաշած ձու ու զրահապատ մեքենա. Յաննին պահանջներ է ներկայացրել:)
Համերգի կազմակերպիչներից “VT Entertainment”-ի նախագահ Վահրամ Կանտազյանի խոսքերով` երեւանյան համերգին համաձայնելուց առաջ Յաննին ու նրա ստեղծագործական խումբը 52 էջանոց պահանջագիր են ներկայացրել, որտեղ մանրամասնած են բոլոր կետերը. “Անգամ նշված էր, թե նախաճաշին մատուցվող ձուն քանի աստիճանում պետք է եփված լինի:), հյուրանոցի անձնակազմն էլ պետք է պատրաստ լինի ամեն պահ ծառայել իրեն, անգամ գիշերը, եթե դրա կարիքը լինի: Պահանջների մեջ եղել է նաեւ զրահապատ մեքենայի առկայությունը, սակայն մեզ հաջողվեց նրան համոզել, որ Հայաստանում նման մեքենայի անհրաժեշտություն չկա, մենք կապահովենք իր անվտանգությունը”:
Մեկ օր մնալով Երեւանում` Յաննին ուսումնասիրել է հայկական խոհանոցն ու շատ հավանել այն:):
Անկարայում նախատեսված համերգը չի կայացել
Յաննիի աշնանային հյուրախաղերը մեկնարկել են սեպտեմբերի 14-ին` Բուխարեստում, 16-ին երաժիշտը եղել է Բուդապեշտում, 18-ին` Ստամբուլում, իսկ ահա Անկարայում նախատեսված համերգը չի կայացել, քանի որ այնտեղ չեն կարողացել ապահովել երաժշտի պահանջներին համապատասխան համերգասրահն ու պայմանները:
Երեւանյան համերգից հետո Յաննին եւ իր երաժշտախումբը կլինեն Կորեայում: Երեւանում երգիչը հանդես է եկել մեր հայրենակից Սամվել Երվինյանի` ջութակ, Յոել Դել Սոլի` հարվածային գործիքներ, Սառա Օբռեյնի ` թավջութակ, Գաբրիել Վիվասի` բաս, Չառլի Ադամսի` թմբուկ, մենակատարներ Լիզա Լավիի, Լորեն Ելենցովիչի եւ հայտնի այլ երաժիշտների հետ:
Ինքնուս դաշնակահար և կոմպոզիտոր Յաննին ծնվել է Հունաստանի Կալամատա քաղաքում: Նրան հաջողության է բերել 1994-ին թողարկված «Yanni Live» ալբոմը: Երաժիշտն ունի մոտ 35 պլատինե եւ ոսկե ալբոմ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Բեռտա Մարտիրոսյանի /Bravo.am/


×
9,811






