Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը լավ ժամանակ են անցկացրել
Ռուսական Lifenews.ru պորտալն այսօր պատմել է, թե ինչպես են երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները զբոսնել Երեւանի կենտրոնում եւ երեկոն անցկացրել «Ջազզվե» սրճարանում:
Նախագահների առաջին կանգառը եղել է Հանրապետության հրապարակում: Նրանք զբոսնել են հրապարակում, հիացել «պարող» շատրվաններով: Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը կոպեկ են նետել ջրի մեջ. ասում են` երջանկություն է բերում:
«Տեսնելով երեւանցիների հատուկ բարյացկամությունը` Մեդվեդեւը չէր կարող նրանց ուշադրության չարժանացնել եւ հաճույքով զրուցեց մարդկանց հետ»,- նշում է Lifenews.ru-ն:
Այնուհետեւ նախագահներն իրենց կանանց ընկերակցությամբ եկել են Ազատության հրապարակ եւ մտել Jazzve café:
«Դմիտրի եւ Սվետլանա Մեդվեդեւներին առաջարկվել են հայաստանյան գլխավոր հյուրասիրությունները` մրգեր եւ կոնյակ: Բնականաբար, Սերժ Սարգսյանը չէր կարող իր հյուրերին առաջարկել սովորական «Արարատ»: Հյուրերին հյուրասիրել են բացառիկ 40-ամյա «Սպարապետ» կոնյակ, որն արտադրում է Երեւանի կոնյակի գործարանը»,- գրում է Lifenews.ru-ն:
Հյուրերին մատուցվել է աղանդեր` ձմերուկ, սեխ եւ չիր: Նախագահներն իրենց կանանց հետ սրճարանում անցկացրել են շուրջ 2 ժամ: Ողջ ընթացքում բեմում նվագել է ջազային նվագախումբը: Նախապես նախագահներին մատուցվել է ջազային երաժշտություն, ապա նվագախումբը կատարել է «Նապաստակների մասին» հայտնի երգը «Ադամանդե ձեռքը» ֆիլմից: Հյուրերը միմյանց հրաժեշտ են տվել կեսգիշերն անց` ժամը 1-ին:
Տեքստը եւ լուսանկարները` Lifenews.ru


×
7,776






