×


Շեքսպիրյան փառատոն

Շեքսպիրյան փառատոն

Կայացավ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման պրեմիերան Սեպտեմբերի 15-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին մի շարք դերասաններ, թատերական ու քաղաքական գործիչներ, մշակութասեր մարդիկ: Բացման խոսքով հանդես եկավ փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը: Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն «Այսօր միավորվել է երկու թատերական տոնակատարություն`Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի բացումն ու Վահան Բադալյանի բեմադրության պրեմիերան` «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացումը»,- ասաց Հակոբ Ղազանչյանն ու հավելեց, որ փառատոնը նվիրվում է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի եւ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Ղազանչյանը ներկաներին ուրախությամբ հայտնեց, որ փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի մեր ժամանակների խոշորագույն բեմադրիչ Փիթեր Բրուքի «WARUM, WARUM» ներկայացումը, որի առթիվ Երեւանում է գտնվում Ցյուրիխի դրամատիկական թատրոնի դերասանական  կազմը: Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն Ներկաներին ողջունեց ու փառատոնի մասին արտահայտվեց նաեւ թատերագետ Լեւոն Մութաֆյանը, ով հայ թատրոնը համարեց աշխարհի բացառիկ թատրոններից մեկը, որը պահպանում է շեքսպիրյան ոճի յուրահատկություններն ու առանձնահատկությունները. «Այսօր աշխարհի ոչ մի երկրի թատերական շրջանակում այնքան շատ չեն շեքսպիրյան ներկայացումները, որքան Հայաստանում: Սա նշանակում է , որ այս հարափոփոխ աշխարհում Շեքսպիրը եղել է, կա ու կմնա մեր հավերժական առաջնորդը, դիմագիծը. փառատոնը տեղին է ու նպատակալի»: Ara Dextrikyan Ինչպես նշեցինք, փառատոնի բացումը եղավ երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանի «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացմամբ: Ի տարբերություն այլ ներկայացումների, այս մեկը բավական հարուստ էր լուսային էֆեկտներով, որոնք նոր շունչ էին հաղորդում իրադարձություններին: Բեմադրիչ Վահան Բադալյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ  իր ներկայացումներում միշտ աշխատում է կարեւորություն տալ հետաքրքիր լուսային էֆեկտներին: Իսկ այս ներկայացման մեջ բեմադրիչը իր համար կարեւոր է համարել Մակբեթի կողմից իր ճակատագրի ընտրության հարցը, նրա հոգեվիճակը: Խոսելով ներկայացման անվան մասին` Վահանն ասաց, որ այն անվանել է «Լեգենդ Մակբեթի մասին», քանի որ լեգենդների, հեքիաթների ու առասպելների հանդեպ մարդիկ որոշակի վերաբերմունք ունեն. “Կարծում եմ, որ այս ներկայացման մեջ հենց դա էր կարեւոր, որ մարդկանց դաս լինի...”: Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն Դերասանական կազմի մասին էլ բեմադրիչն ասաց, որ հիմնական խումբը  Գ.Սունդուկյանի թատրոնից էր, հրավիրված էին Արա Դեղտրիկյանը, ով մարմնավորում էր Մակբեթին, եւ մի քանի այլ դերասաններ: Նշենք, որ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացումը Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կլինի եւս մեկ օր` սեպտեմբերի 22-ին: Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը կտեւի մինչ սեպտեմբերի 24-ը: Փառատոնի առթիվ Հայաստան են ժամանել Ցյուրիխի դրամատիկական թատրոնը (Շվեյցարիա), Ինսթաբիլի Վագանտի թատրոնը (Իտալիա), Լվովի «Վոսկրեսենիե» թատրոնը (Ուկրաինա): Իսկ Հայաստանից փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Շրջիկ թատրոնը, Մնջախաղի թատրոնն ու Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ փառատոնի տնօրինության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW