×


Պատանի հանդիսատեսի թատրոն

Պատանի հանդիսատեսի թատրոն

Նշվեց թատրոնի 80-ամյակը : ) Նոյեմբերի 29-ին Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը նշեց իր հիմնադրման 80-ամյակը: Թատրոնում հավաքվել էր թատերասերների մի մեծ բանակ` դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, թատերագետներ ու շատ այլ հյուրեր, որոնց ողջունեցին Պատանի հանդիսատեսի դերասաններն իրենց երաժշտական, պարային կատարումներով, ինչպես նաեւ տարբեր տարիների ընթացքում խաղացանկում տեղ գտած ներկայացումներից փոքրիկ հատվածներով, այդ թվում ` «Վերջին ուսուցիչը», «Քաջ Նազար» եւ այլն: Ներկաների համար ընթերցվեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Hakob Ghazanchyan Միջոցառման հյուրերն էլ իրենց հերթին ողջունեցին թատրոնի անձնակազմին, թատրոնին ծննդյան առթիվ նվերներ ու դիպլոմներ տվեցին: Ողջույնի խոսքով ու իր նվերով նախ բեմ բարձրացավ Մայր թատրոնի` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչը` Արմեն Մարությանը: Դերասանը նշեց, որ շատ մեծ կապ ունի Պատանի հանդիսատեսի թատրոնի հետ. «Ես սիրում եմ այս թատրոնը. այստեղ է, որ առաջին անգամ պատանիները հասկանում են, թե ինչ է թատրոնը, այս թատրոնն է կրթում մեր նման մեծ թատրոնների հանդիսատեսին: Եթե չլինի Պատանի հանդիսատեսի թատրոնը, բոլոր թատրոնների վիճակը ծանր է լինելու»: Ishkhan Gharibyan & Armen Marutyan Արմենի խոսքը հիմք հանդիսացավ նաեւ մյուս թատրոնների ներկայացուցիչների համար: Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն էլ շարունակեց այն, սակայն, ներողություն խնդրելով մայր թատրոնից, ասաց, որ դրամատիկական թատրոնի համար որպես մայր թատրոն Պատանի հանդիսատեսինն է, քանի որ այնտեղից է կազմվել իրենց թատրոնի առաջին դերասանական կազմը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, ով նշեց, որ առաջին անգամ սիրահարվել է այս բեմում,  սիրել ու այստեղ է հասկացել, թե ինչ է դերասան լինելը: Ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն էլ շնորհավորեց իր լավագույն ռեժիսոր ընկերներից Հակոբ Ղազանչյանին, իսկ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ Պատանի հանդիսատես «կրթօջախից» իրենց է հասել Սանթրոսյանների տաղանդավոր դինաստիայից Տաթեւը: Qaj Nazar Շնորհավորական խոսքերից ու ելույթներից հետո տեղի ունեցավ երեկոյի ամենակարեւոր պահերից մեկը. թատրոնի աշխատակազմը տարբեր գերատեսչությունների կողմից մրցանակներ ստացավ: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նախարարության ոսկե մեդալով պարգեւատրեց Արտաշես Շահվերդյանին, Մարիետա Նազարյանին եւ Անահիտ Ղուկասյանին: Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Էլյանորա Թումանյանը ներկայացրեց քաղաքապետի շնորհավորական ուղերձն ու քաղաքապետի անունից պարգեւատրեց Մարիամ Ղազանչյանին, Իշխան Ղարիբյանին եւ Սամվել Դանիելյանին, իսկ քաղաքապետարանի «Երեւան» ոսկե մեդալը շնորհեց թատրոնի տնօրեն Հայկ Խերանյանին: Պարզվեց, որ Գագիկ Բեգլարյանը թատրոնի աշխատակիցներին պարգեւատրել է նաեւ մեկ ամսվա աշխատավարձով: Artashes Shahverdyan Թատրոնի աշխատակազմը պարգեւներ ուներ նաեւ Հայաստանի Թատերական գործիչների միության կողմից, որի նախագահ Հակոբ Ղազանչյանը ոսկե մեդալներ հանձնեց Արթուր Կարապետյանին, Արեւ Սանթրոսյանին ու բեմից այն կողմ աշխատող մի քանի վարպետների: Տոնական միջոցառումը եզրափակվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնով, որը գրել է կոմպոզիտոր Ստեփան Բաբա-Թորոսյանը: Ներկաներին տեղեկացվեց, որ թատրոնի 80-ամյակի առթիվ համացանցում արդեն գործում է իրենց վեբ-կայքը`  www.youththeater.am հասցեով: Միջոցառման ավարտին ներկաներին հրավիրեցին նախասրահ` հյուրասիրության սեղանի մոտ նշելու թատրոնի ծնունդը: Նշենք, որ  Պատանի հանդիսատեսի թատրոնը հիմնադրվել է  1929թ-ի նոյեմբերի 29-ին: Հանգամանքների բերումով, թատրոնի 80-ամյակը նշվեց մեկ տարի անց: Anahit Ghukasyan 1929 թ-ի նոյեմբերի 29-ին այժմյան Սպայի տանը հանդիսավոր պայմաններում բացվեց  հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Տարբեր տարիներին թատրոնը ղեկավարել են  բեմի այնպիսի մեծեր, ինչպիսիք են Հրաչյա Ղափլանյանը,  Զավեն Տատինցյանը, Երվանդ Ղազանչյանը, Մարատ Մարտիրոսյանը: 1997-ից մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է: Թատրոնը տարեկան 25-30000 պատանի հանդիսատես է ընդունում իր հարկի տակ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW