Hand-made ժամացույց-ափսեների ցուցադրություն :)
Նկարիչներ Նանա Մանուչարյանն ու Ալբեր Բաբելոնը իրենց պատրաստած պատի ժամացույցները որոշել էին ցուցադրել հանրությանը: «AJZ space»-ում նոյեմբերի 13-ին ու 14-ին ամուսիններն առաջին անգամ ներկայացան իրենց hand-made ժամացույցներով, լսեցին գովեստի խոսքեր ու շնորհավորանքներ:):
Նանա Մանուչարյանը նշում է, որ միշտ փնտրում է նորություններ հնությունների, իսկ Բաբելոնը` բնության մեջ: Ամուսիններն առաջին անգամ էին անհատական ցուցահանդես անում. «Ժամացույցը մեր կենցաղի մի մասն է, ուզում էի իմ մտածած պատկերներով ու երեւակայությամբ ստեղծել պատի ժամացույցներ: Սկզբում իմ տարբերակով պատրաստեցի կերամիկական տնակ-ժամացույցներ, հետո սկսեցի նկարել ափսեների վրա կամ արտանկարել հայտնի նկարիչների գործերը»,- ասում է Նանան:
Բաբելոնը պատրաստում է հնաոճ ժամացույցների շարք` սեպագրերով ու ժայռապատկերներով: Իսկ Նանայի համար ոգեշնչման առարկա են դարձել հին բաժակները, ափսեներն ու թեյնիկները, նաեւ սովետական տնակ-ժամացույցները.:) «Մինչեւ ժամացույցների պատրաստելը, կավից սարքում էի զանգակներ, տնակներ, ոչ շատ կիրառական աքսեսուարներ, հետո ուշադրությանս կենտրոնում հին ժամացույցներն էին: Ափսեների վրա նկարում եմ սառը գլազուրներով, սլաքներն էլ սկզբում դժվար էր գտնելը, բայց արդեն գիտեմ` որտեղից գնել: Պատահել է, որ նոր ժամացույց եմ գնել, որի սլաքները հավանել եմ, հետո հանել, իմ աշխատանքի վրա եմ տեղադրել»,- պատմում է 19-ամյա Նանան:
Նա նշում է, որ իրենց տան ափսեների վրա չի նկարում, ժամացույցի վերածված ափսեները խանութներից է ձեռք բերում.:) «Յուրահատուկ ափսեները որպես դեկորատիվ իր հաճախ կախում ենք պատից: Իսկ ձեռքով պատրաստված ափսե-ժամացույցը հենց դեկորատիվ կիրառական արվեստի մի մասն է: Չեմ սիրում տան իրերն օգտագործել, մեր տան ափսեների վրա չեմ նկարում, խանութից նորերն եմ գնում ու իրենց նպատակի համար օգտագործում: 29 ժամացույցների ստեղծման վրա աշխատել եմ մոտ մեկ ու կես ամիս: Ժամացույցները խանութներին չենք տալիս, բայց, իհարկե, վաճառվում են, մոտավորապես 6 000-20 000 դրամի սահմաններում»:
Ժամացույցները հատուկ անուններ չունեն, փոխարենը մի քանիսը մայրաքաղաքների թեմայով են ու տեղական ժամանակով` Փարիզ, Պրահա, Բեռլին, Երեւան, Մոսկվա եւ այլն:). «Կան ժամացույցներ, որոնց նկարները որոշակիորեն մայրաքաղաքներ են հիշեցնում, մենք էլ կատակով հենց այդ երկրի ժամանակով ենք դրել»:
Նանա Մանուչարյանն առաջիկայում պատրաստվում է մասնակցել ամանորյա ցուցահանդեսների, որոնց ժամանակ ներկայացնելու է կերամիկայից պատրաստված տոնածառի խաղալիքներ, մոմակալներ, զանգակներ ու ամանորյա հուշանվերներ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
9,642






