Հնարավոր է` երեւանյան համերգը պահպանվի
Սեզարիա Էվորայի` սեպտեմբերի 29-ի երեւանյան համերգը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չեղյալ է հայտարարվել, բայց հնարավոր է` նույն օրը մայրաքաղաքի բեմում ելույթ ունենա մեկ այլ արտիստ, որին հրավիրելն ավելի թանկ արժե:
Աշխարհահռչակ երգչուհու համերգի կազմակերպիչ “Խրոնոգրաֆ” ընկերությունը, “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի խոսքերով, վաճառված տոմսերի գումարը, հավանաբար, կսկսի վերադարձնել երկուշաբթի օրվանից:
Հեղինակության խնդիր
“Սա այն միջոցառումը չէ, որ տոմսերի գումարը վերադարձնելու խնդիր առաջանա: Երգչուհու վատառողջ լինելը ծանրակշիռ պատճառ է, որպեսզի համերգը չկայանա: Բացի դա, ոչ միայն երեւանյան, այլ բոլոր համերգներն են չեղյալ հայտարարվել: Այնպես որ, սա մեր հեղինակության վրա ոչ մի կերպ չի ազդի, մարդիկ էլ իրենց գնած տոմսերի գումարները հետ կստանան”,-BRAVO.am-ին ասել է Սոնա Հովհաննիսյանը:
Նշենք նաեւ, որ “Բոկոտն թագուհու” երեւանյան համերգի համար հիմնականում հրավիրատոմս է բաժանվել, եւ երեկոյի կազմակերպիչ ընկերությունը հնարավոր է` իր բազմաթիվ հյուրերի համար համերգը պահպանի` փոխարինելով արտիստին:
“Երեւանյան հեռանկարներ”-ի մենեջերի խոսքերով` անվանի մեկ այլ արտիստի հրավիրելու հարցը դեռեւս քննարկման փուլում է. “Այս կարճ ժամանակահատվածում այլ աստղ բերելու ուղղությամբ ամեն ինչ անում ենք: Նշեմ նաեւ` այս արտիստին հրավիրելն ավելի թանկ արժե: Մնում է` կազմակերպիչը հասկանա` ուզում է պահպանել համերգը, թե ոչ”:
BRAVO.am


×
2,894






