Աննա Հարությունյանը հինգ տարի շարունակ սերիալներում նկարահանվելուց հետո այժմ զբաղված է թատերական նոր ներկայացումներում, նաեւ մտադիր է սիրելիի օգնությամբ նիհարեցման սրահ բացել: Դերասանուհին BRAVO.am-ի հետ հարցազրույցում պատմել է իր նոր կերպարների, բիզնես-գաղափարի ու նախասիրությունների մասին:
Աննա Հարությունյանը
Թատրոնի մասին. Սերիալային կերպարներ ստեղծելու ընթացքում թատրոնը միշտ եղել է կողքիս, ես էլ հավատարիմ եմ մնացել նրան: Երբեւէ չեմ դադարել թատրոնում խաղալուց, ավելին` բեմից ստացած էներգիաս ներդրել եմ սերիալային կերպարներիս մեջ:
Աննա Հարությունյանը
Հարմարավետ միջավայրի մասին. Սերիալներում անընդհատ նկարահանվելով` սպառվելու խնդիր ես ունենում, բայց դերասանի համար այն իր դրական կողմն էլ ունի` տեսախցիկների հետ աշխատելու փորձ, ճանաչում, նոր առաջարկներ: Դերասանի համար շատ կարեւոր է չմնալ նույն միջավայրում, թեկուզ եթե այն ամենահարմարավետն է: Եթե երկար տարիներ աշխատում ես նույն խաղընկերոջ հետ, որի դերասանական բոլոր քայլերը գիտես, քեզ համար պարզ եւ հարմարավետ է դառնում ու նոր հետաքրքրություններ չես փնտրում: Ես ինձ տեսնում եմ ամենատարբեր կերպարներում` թափառաշրջիկից մինչեւ թագուհի:
“Գոյ” թատրոնի նոր բեմադրության մասին. Սերիալի ավարտից հետո միանգամից մի քանի առաջարկ եմ ստացել, այն էլ` թատերային: “Գոյ” թատրոնում ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն այժմ բեմադրում է հրաշալի դրամատուրգ Աղասի Այվազյանի “Դեկորներ” գործը, որտեղ հինգ տղայի հետ խաղալու եմ նաեւ ես: Այս դերս թեեւ գլխավոր չէ, բայց վառ կնոջ կերպար եմ մարմնավորում` գունեղ հոգեվիճակով ու երեւակայությամբ: Պրեմիերան կկայանա մայիսին` Աղասի Այվազյանին նվիրված փառատոնի շրջանակում, որից հետո կներառվի թատրոնի խաղացանկում:
Աննա Հարությունյանը
Հոգեւոր սննդի մասին. Ընդգրկվել եմ նաեւ “Ութ սիրագորով կանայք” երաժշտական ներկայացման մեջ եւ փոխարինելու եմ մոր կերպարը մարմնավորող դերասանուհուն: Հեղինակները կարծում էին` սերիալում նկարվելն ինձ կխանգարի, բայց ասացի, որ թատրոնի համար ես միշտ գտնում եմ ժամանակ, չէ որ դերասանն իր հոգեւոր սննդից չի հրաժարվի:
Աննա Հարությունյանը` "Չղջիկներ. չեզոք գոտի" ֆիլմի նկարահանումներին
Գեղարվեստական ֆիլմում դեբյուտի մասին. Անհամբեր սպասում եմ մայիսին. այդ օրը մեծ էկրան կբարձրանա իմ մասնակցությամբ “Չղջիկներ. չեզոք գոտի” լիամետրաժ ֆիլմը: Սիրում եմ գնալ պրեմիերաների եւ մեծ սիրով ներկա եմ լինելու իմ մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային: Նույնիսկ հուզվում են զգեստիս ընտրության հարցում, չէ որ այդ օրն ինձ համար որպես տոն է հիշվելու: Նախապես ֆիլմը չեմ դիտելու, որովհետեւ սիրում եմ ինքս ինձ անակնկալ մատուցել:
Աննա Հարությունյանը
Մարզասրահ հաճախելու մասին. Անկախ զբաղվածությունից` միշտ հաճախում եմ մարզասրահ, որն ինձ համար սնվելու, գիրք կարդալու պես մի բան է: Շաբաթական 2-3 անգամ պարտադիր մարզվում եմ: Ավելի շատ մարզասրահ եմ հաճախում, քան` գեղեցկության սրահ: Տեխնիկական միջամտությամբ վարսերս ավելորդ անգամ չեմ փչացնում, եթե, իհարկե, նկարահանում կամ կարեւոր միջոցառում չեմ ունենում: Չպատկանելով կոնկրետ ոճի` սիրում եմ ինձ տեսնել տարբեր կերպարներում, օրինակ` նոր ֆոտոշարքում ռոքային էքսպերիմենտ եմ արել:
Աննա Հարությունյանը
Նոր բիզնեսի մասին. Սիրելիիս օգնությամբ նախաձեռնել եմ բիզնես-նախագիծ, որը շուտով կյանքի կկոչեմ: Այն ինձ հնարավորություն կտա լինել ֆինանսապես ավելի ապահովված եւ ավելի խնամքով ընտրել դերերս, թեեւ իմ կյանքում դեռ չի եղել դեպք, որ համաձայնեմ կերպար խաղալ հանուն փողի:
Պատրաստվում եմ բացել նիհարեցման սրահ, որտեղ հատուկ մերսման միջոցով, նորագույն մեթոդներով կօգնենք ավելորդ քաշի խնդիր ունեցող մարդկանց: Կարծում եմ` գաղափարը հաջողությամբ կիրագործվի, որովհետեւ ինձ շրջապատում են այդ գործից հասկացող մարդիկ: Ի վերջո, իմ մտահղացմամբ ուզում եմ հանրությանը պիտանի լինել:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Խանդութ Պարույրյանի եւ Աննա Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: