×


Սոֆյա Նավասարդյանը ներկայացրել է իր “Прощай, ромашковое лето” հավաքածուն

“Прощай, ромашковое лето”, այսպես է կոչվում իմիջ-խորհրդատու Սոֆյա Նավասարդյանի հեղինակած հագուստի երկրորդ հավաքածուն, որի ցուցադրությունը երեկ տեղի ունեցավ “Այա-Մարիա” սպա կենտրոնում:

Սոֆյա Նավասարդյանը ներկայացրել է իր “Прощай, ромашковое лето” հավաքածուն

“Այս սեզոնին դժվարանում ենք հագուստի ընտրության հարցում, ես էլ ներկայացնում եմ, թե ինչպես կարելի է համադրել ամառային հագուստն աշնանայինի հետ, ինչով էլ պայմանավորված է նաեւ հավաքածուիս անվան ընտրությունը”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Հավաքածուն ցուցադրել են ոչ պրոֆեսիոնալ մոդելները, որոնք նաեւ օգտվում են իմիջ-խորհրդատուի մատուցած ծառայություններից. “Հատուկ եմ ընտրել ոչ ստանդարտ չափսեր ունեցող կանանց, քանի որ հիմնական նպատակս է ցույց տալ` ինչպես ճիշտ հագուստի միջոցով կորեկցիայի ենթարկել կազմվածքը, ընդգծել առավելությունները եւ քողարկել թերությունները”:

Իմիջ-խորհրդատու Սոֆյա Նավասարդյանը

Որպես իմիջմեյքեր տեւական ժամանակ աշխատելով Երեւանում` Սոֆյան հետեւյալ խնդրին է առնչվել. “Այստեղ շատ դժվար է “շոփինգ” ծառայություն իրականացնել, որովհետեւ նախընտրելի հագուստն ու աքսեսուարները թանկ արժեն եւ հակառակը”:

Հենց այս խնդիրն էլ Սոֆյային մղել է իրագործելու իր վաղեմի երազանքը. “Երեւանում բացել եմ “շոուռում”, իրականացնում եմ իմ էսքիզներով ստեղծված հավաքածուի արտադրություն եւ ցուցադրություն-վաճառք: Իսկ “շոուռումը” պարզապես հագուստի խանութ չէ. էսքիզներիս միջոցով հավաքում եմ ռացիոնալ զգեստապահարան, այսինքն, կարելի է ունենալ 10-ից 15 կտոր հագուստ եւ դրանց բազմաձեւ համադրություններով ստանալ ոչ պակաս, քան կոստյումային 35 անսամբլ: Առաջարկում եմ ձեռագործ զարդեր, գործվածքներ եւ հագուստներ, որոնց կտորները հիմնականում բերվում են արտերկրից, բայց համագործակցում եմ նաեւ հայաստանյան` կտորների, թելերի, աքսեսուարների խանութների հետ, ինչպես նաեւ հայ դիզայներների հետ”:

“Прощай, ромашковое лето” հավաքածուի ցուցադրությանը

“Բազային եւ նյուանսային հագուստները տարբերելու դեպքում հագնվելը շատ ավելի հեշտ եւ արագ կդառնա: Չեզոք տպավորություն թողնող բազային հագուստը կարելի է լրացնել` ընտրելով ոճային որոշակի ուղղություն, իսկ նյուանսայինն արդեն իսկ կրում է ուղղություն, եւ չես կարող առանձնապես աշխատել դրա վրա վարսահարդարման, դիմահարդարման կամ աքսեսուարների միջոցով, բայց հաճախ ենք տեսնում աղջիկների, որոնք այդպես են վարվել, եւ այն ինֆորմացիան, որ ստանում ենք նրանց հագուստից, չի համապատասխանում իրավիճակին կամ տարիքին: Այդ անհամադրելի համադրություններն անվանում ենք “կիտչ”, սակայն կան նաեւ կիրառելի “կիտչեր",- պարզաբանել է իմիջմեյքերը:

“Прощай, ромашковое лето” հավաքածուի ցուցադրությանը

Նշենք, որ Սոֆյա Նավասարդյանն իր առաջին հավաքածուն ներկայացրել է գարնանը` այն անվանելով “Бизнес на каблуках”. “Գործունյա կնոջ համար նախատեսված հավաքածուում ներառված է 11 կտոր հագուստ, որոնցից կազմվում է 36 անսամբլ”: Ի դեպ, վերոնշյալ հավաքածուն ցուցադրվել է նաեւ Մոսկվայում. “Այնտեղ հարմար գներով լավ իրեր ձեռք բերելու հնարավորությունն ավելի մեծ է: Իմ ստեղծած հագուստն էլ բարձրորակ է եւ ունի համապատասխան արժեք, ինչը գնահատվում է հաճախորդներիս կողմից: Կանանց ակումբում կազմակերպված ցուցադրությունը գեղեցիկ անցավ եւ բազմաթիվ պատվերներով վերադարձա Հայաստան”:

Սոֆյան իր մատուցած ծառայություններից օգտվողների մեծ բանակ ունի, ինչը համարում է գոհացնող արդյունք, նշել է` պատրաստակամ է օգնել բոլոր ցանկացողներին. “Կարող են կապ հաստատել ինձ հետ ոչ միայն պատրաստի հագուստներն ու աքսեսուարները գնելու, այլ նաեւ խորհրդատվություն ստանալու համար, թե ինչպես հագնվել: Հետո կարող են պատվիրել համապատասխան հագուստը եւ, ինչու չէ, նաեւ մի ամբողջ զգեստապահարան”:

Նազենի Հովհաննիսյանի քույրը` Էդիտան, եւ Սոֆյա Նավասարդյանը

Այս իմիջ-խորհրդատուին վստահում եւ նրա ծառայություններից է օգտվում նաեւ Նազենի Հովհաննիսյանի քույրը` Էդիտան. “Ճաշակի խնդիր չունեմ, բայց ունեմ նմանօրինակության խնդիր: Սոֆյան կարողանում է մի քանի կտոր հագուստից ստանալ բազմաթիվ կոմպոզիցիաներ` քեզ դարձնելով արտասովոր, տարբեր, անընդհատ նորովի ներկայացող: Այսպես նաեւ գումար ենք խնայում”:

Սպա-կենտրոնի խորհրդատու Էդիտան խոսել է նաեւ Նազենիի` իր վրա թողած ազդեցության մասին. “Ես չունեմ քրոջս խիզախությունն ու ճաշակը, ավելի գործնական եմ, եւ ոչ եթերային: Ոճիս ձեւավորման հարցում, իհարկե, իր ազդեցությունը եւս կա”:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW