Երգիչները շնորհավորեցին մանկական գյուղի 20-ամյակը :)
Կոտայքի մարզում գտնվող ՍՕՍ մանկական գյուղում հուլիսի 5-ին նշում էին հիմնադրման 20-ամյակը: Գյուղի ողջ տարածքում փուչիկներով լի տոնական տրամադրություն էր. երեխաները երգում էին, պարում, նրանց տոնին միացել էին նաեւ երգիչ-երգչուհիներ, արտասահմանից հյուրեր: :)
Միջոցառման սկզբում մանկական գյուղի բնակիչներին ու հյուրերին ողջունեցին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, “ՍՕՍ մանկական գյուղեր” հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը, Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղի տնօրեն Հովհաննես Կոստանյանը եւ այլք:
ՍՕՍ-ի մանկապարտեզի փոքրիկները հյուրերի համար հանդես էին կազմակերպել, նրանք ներկաների համար երգեցին, պարեցին ձեռագործ նկարներով զարդարված դահլիճում: Հետո տարեդարձին միացան Քրիստինե Պեպելյանը, Արսեն Գրիգորյանը, Ջուսը, Էրիկը, “Արեւիկ” մանկական համույթը, “Հայոց աշխարհ” պարային խումբը, Երգի պետական թատրոնի մեներգիչները: Բացօթյա միջավայրում առանց հատուկ բեմահարթակի երգիչները պարեցնում էին երեխաներին, նկարվում ու ինքնագրեր բաժանում: Էլ ինչ տոնական համերգ առանց ծննդյան երգի :). Արսեն Գրիգորյանը երգեց “Քո ծնունդն է այսօր”, երեխաներն էլ ձայնակցեցին ու շնորհավորեցին իրենց գյուղի 20-ամյակը:
Մանկական գյուղի տարեդարձին նվիրված միջոցառումը վարում էր Անիտա Հախվերդյանը, որը հիմնադրման օրվանից ճանաչում է երեխաներին. “Սեւանում մարզական խմբակ-ճամբար կար, ուր առագաստանավ քշել էի սովորեցնում մարզված երեխաներին: Այսօր այդ երեխաներն արդեն 30 տարեկան են: Երգի թատրոնի կազմով Նոր տարուն համերգներով գալիս ենք այստեղ: Ինձ համար դժվար է խոսել էստեղի երեխաների մասին, որովհետեւ ինչպես իմ 7 տարեկան աղջիկը, այնպես էլ այստեղի երեխաներն ունեն ցանկություններ, որոնք չեն իրականանում”:
ՍՕՍ մանկական գյուղում երեխաներն իրենց ուսուցիչներին ու դաստիարակներին մորաքույր կամ քեռի են դիմում: Մալվինա մորաքույրը 17 տարի աշխատում է այս գյուղի մանկապարտեզում. “Մեր մանկապարտեզում սովորում են նաեւ հարեւան գյուղի երեխաները: Մենք ոչ մի տարբերություն չենք դնում, փորձում ենք բոլոր երեխաներին էլ ինտեգրել հասարակական շփումների մեջ: Մենք մանկատուն չենք, այլ մանուկներով բնակեցված գյուղ ենք, որն ամեն ինչով նման է մյուս գյուղերին: Այսօր էլ բոլորիս համար տոն է, քանի որ մեր գյուղի տարեդարձն է”:
“ՍՕՍ մանկական գյուղեր” հայկական բարեգործական հիմնադրամն աջակցում է ծնողական խնամքից զուրկ կամ դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1989 թվին` ի պատասխան 1988 թվի դեկտեմբերի ավերիչ երկրաշարժի, եւ 1990 թվականին այն բացել է իր դռներն այն երեխաների համար, որոնք կորցրել էին իրենց ծնողներին: Հայկական բարեգործական հիմնադրամն այսօր ունի երկու մանկական գյուղ` Աբովյանում եւ վերջերս նաեւ Իջեւանում: ՍՕՍ մանկական գյուղում յուրաքանչյուր երեխա ունի “ՍՕՍ” մայրիկ, քույր ու եղբայրներ, ապրում է գյուղի 15 առանձնատներից մեկում: Մանկական գյուղի տարածքում գործում են դպրոց, մանկապարտեզ, նկարչության, երգի եւ արվեստի այլ ճյուղերի խմբակներ, ֆուտբոլի խմբակ, կինոդահլիճ, որտեղ նաեւ սեմինարներ են կազմակերպվում:
Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: