«Ինքս եմ որոշում որտեղ եւ ինչ երգել»:)
Վարդան Բադալյանն իր «Էլ մի» երգով նոր տեսահոլովակ կներկայացնի շատ շուտով, որի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է: Մանե Հակոբյանի հեղինակած «Էլ մի» երգը Վարդանի առաջին «Հոգու լույս» ձայնասկավառակից է: Երգիչը վաղուց էր որոշել երգի համար տեսահոլովակ նկարահանել. «Տեսահոլովակում իմ տարբեր համերգներից, ելույթներից կադրեր կլինեն, մանկությունից դրվագներ դժվար թե լինեն: :) Քանի որ աշխույժ երգ է, այդ տեսարաններն ավելի համապատասխան կլինեն, ինքս մտածեցի, որ այս երգին կհամապատասխանեն համերգային կադրերը»:
Վարդան Բադալյանն իր տեսահոլովակների «թիվն ու հաշիվը» դեռ չի կորցրել, ասաց, որ սա 6-րդն է:). «Մյուս տեսահոլովակներս, երգերիս մեծ մասը մեղեդային, լիրիկական են, «Էլ մի»-ն` ավելի պարային: Չնայած ինձ ավելի հոգեհարազատ է ժողովրդական երաժշտությունը, բայց նոր ոճերից չեմ խուսափում. Աստղիկ Սաֆարյանի հետ անցյալ տարի ռոքային ոճում անգլերեն լեզվով երգ ձայնագրեցինք, թեեւ այդքան էլ լավ անգլերեն չգիտեմ :)»,- անկեղծանում է երգիչը:
Վարդան Բադալյանը նշում է, որ վերջերս ամեն տեղ երեւալու, բոլոր համերգներին մասնակցելու ցանկություն չունի. «Ինքս եմ ընտրում, թե որոնց ներկա լինեմ, որ մարդկանց էլ հետաքրքիր լինի, այլ ոչ թե հոգնեցնող: Չեմ սիրում, որ կենցաղի, առօրյա կյանքի ամեն քայլի մասին ցույց են տալիս, նախընտրում եմ լինել այնտեղ, որտեղ պետք է երգեմ»:
Երգիչն իր առաջիկա անելիքների մասին կիսվեց Bravo.am-ի հետ. որոշել է ժողովրդական գործիքներ նվագող համույթի հետ ձայնասկավառակ ձայնագրել, ուր ընդգրկված կլինեն Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործություններից: Ի դեպ, Վարդանը սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնի մագիստրատուրայում:
Ժողովրդականին զուգահեռ նա սկսել է ձայնագրել 2-րդ անհատական CD-ի երգերը. «Արդեն մի քանիսը պատրաստ է, աշխատում եմ տարբեր հեղինակների հետ: Ինքս փորձել եմ երգեր հորինել, որոնք չեմ էլ երգի, որովհետեւ լավ երգ գրելու համար գիտելիքներ, պրոֆեսիոնալիզմ է պետք, իսկ իմ գործը երգելն է, որը հաճույքով եմ անում:)»:
Վարդանն այժմ աշխատում է ակումբներից մեկում (անունը չենք նշում, որ գովազդ չլինի:)): Կարծում է` ամեն օր կենդանի երգելը երգչին «ֆորմայի» մեջ է պահում. «Ճիշտ է, ակումբում երգելն ունի իր լավ ու վատ կողմերը, միգուցե սովորական է դառնում բեմ դուրս գալը, հոգնեցուցիչ է, բայց սովորում ես, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինես երգել, երգացանկն էլ անընդհատ թարմացնում ես, բայց չի նշանակում, որ «Իմ ախպերս» պատվիրեն, կերգեմ, ի վերջո ես եմ որոշում ինչ երգել»:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
6,892





