×


Վարդան Պետրոսյան

Վարդան Պետրոսյան

“Իմ փախուստն ինձնից դարձավ անվերջ վերադարձ” “Կասկադ”-ում նոյեմբերի 4-ին հանդիպում էր արվեստի հետ, ու Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահի հյուրերը մինչեւ կեսգիշեր վայելում էին անկեղծ զրույցով համեմված մի համերգային ծրագիր: Բեմում դերասան, նմանակող, դրամատուրգ, երգահան, երգիչ, նկարիչ Վարդան Պետրոսյանն էր` իր մանկության, երիտասարդ տարիների մասին հիշողություններով, փարիզյան անցուդարձով, իր ապրած կյանքի փիլիսոփայությամբ, ով նաեւ ռոյալ նվագեց, իր գրած ֆրանսերեն երգերի հայերեն տարբերակները կիթառով հնչեցրեց:): Արվեստագետը ներկաներին սիրտը բացեց, Bravo.am-ն էլ իր ընթերցողներին վերջինի պարունակությունն է ներկայացնում` հետաքրքիր հատվածներն առանձնացնելով:): Vardan Petrosyan “Ինքդ քեզնից երբեք չես կարող փախչել” “Անկախությունը մեզ տվեց մաքուր զուգարաններ, բայց ամեն ինչ փոխվեց... Շատ դժվարությամբ “Ոզնիներ” թատրոնը բացվեց: Ի դեպ, չէր կարելի թատրոն բացել, իրավունք չկար, նման բան չի լինում, որ դու թատրոն բացես, այն բացում է պետությունը: Ղարաբաղյան շարժումն էր... Դժվար ժամանակաշրջան Հայաստանի համար, սարսափելի տեսարաններ: Մենք` “ոզնիներով”, մեր մխիթարանքը գտնում էինք Մոսկվան հայհոյելու մեջ.  էտյուդներ էինք անում, գլխավոր դերում Գորբաչովն էր. խալն էինք մաքրում, ինչ ասես, որ չէինք անում, փորձում էինք մեր, մեր հասարակության վրեժը լուծել: Ես չգիտեմ` ինչքանով էր մեր արածը արվեստին մոտ. մենք երիտասարդ էինք, եւ մեր սիրտը պատռվում էր ամեն ինչից: Ինչեւէ, հետո ժամանակները փոխվեցին, Հայաստանում, Երեւանում սկսեց իշխել անտառի օրենքը, վայրի օրենքը, շատ ծանր մի բան, եւ ես, ինձ անզոր գտնելով այդ ամենում, այդ ամենի մեջ, այդ ամենի հանդեպ, բռնեցի փախուստի ճամփան. փախուստ ինքս ինձնից: Հետո հասկացա, որ ինքդ քեզնից երբեք չես կարող փախչել”: Երբ սիրում ես կորցրածի սիրով “Գնացի Փարիզ: Այնտեղ ինձ հետ տեղի ունեցավ մի զարմանալի բան,  իհարկե, շատ մեծ թատերական աշխարհի հետ շփվեցի, որն ինձ կրթեց, յուրովի դաստիարակեց, զարմանալի լցվեցի... Ու հեռվից ավելի սիրեցի իմ երկիրը, շատ ավելի սիրեցի, որովհետեւ հեռվից ավելի սիրելի է ամեն ինչ, ավելի տեսանելի: Սկսեցի սիրել մի տեսակ կորցրածի սիրով, կորած սիրով: Չէ՟ որ մարդ ամենաշատը սիրում է մի բան, որը կորցրել է: Հետո մեր փոքրիկ երկիրը տեսա մեծ աշխարհի հետ փոխհարաբերությունների մեջ: Տեսա, որ աշխարհն էլ թերություններ ունի”: Vardan Petrosyan Ապրումներից ծնված ֆրանսերեն երգեր “Առաջին տարիներին շատ ծանր էի ապրում, այդ մասին չեմ ասի, ինձ կհասկանան այն մարդիկ, որ արտասահման գնացել, եկել են: Ինչպիսի հաջողության էլ հասնես, իսկ ես կարծում եմ, որ այնտեղ հաջողության հասած մարդ եմ, այնուամենայնիվ, առաջին երկու տարին շատ ծանր էին ինձ համար: Ֆրանսերեն սովորել եմ շատ արագ, այնքան արագ, որ կարողացա մի տարի հետո երգեր գրել: Սա չափից դուրս անձնական է, որ կարողանամ ուրիշի առջեւ երգել, հետո երբ երգում էի, տնեցիներս վատ էին զգում, ծանր էին տանում, որովհետեւ շատ լավ հասկանում էին, որ սրանք իմ ապրումներն են: Տարօրինակ երգեր են, շանսոնի տեսակը կա մեջները: Ես գնացի 33 տարեկանում` Քրիստոսի տարիքին: Եվ երգերից մեկում ապագայի նկատմամբ տխուր մի մարգարեություն կա` “33 էր, տարիք, երբ արդեն խաչվում են”,- իր իսկ կատարած հայերեն թարգմանություններով մի քանի երգ հնչեցրեց Վարդան Պետրոսյանը: Vardan Petrosyan “Ինձ մեղավոր էի զգում, որ մերոնք մթության մեջ են”. Վարդան Պետրոսյան “Մեղքի զգացումը ինձ տանջում էր, որովհետեւ ես բաժանվել էի իմ ընտանիքից` լինելով քրիստոնյա հավատացյալ, ընդ որում` բավական ֆանատիկ հավատացյալ: Ինձ համար լքել իմ ընկերներին, իմ երկիրը, որտեղ ես առաջնորդ էի, դրոշակակիր, ընտանիքը, որի հետ ես կապված էի, փոքրիկ, հինգ տարեկան երեխային, որին կապված էի ոչ միայն հայրական, կարելի է ասել, նույնիսկ մայրական սիրով, ընկերական, ինձ համար շատ-շատ դժվար էր: Մխիթարվում էի նրանով, որ կարողանում էի այնտեղից շատ փող ուղարկել: Առաջին վեց ամիսը ռեստորաններ չէի գնում, ամբողջ փողը ուղարկում էի, ինձ մեղավոր էի զգում, որ մերոնք մթության մեջ են: 1995 թվականից արդեն մենաներկայացումներս էի խաղում փարիզյան կաֆե-թատրոններում”: “33-34 տարեկանում խոր ծերություն էի ապրում” “Ծերությունը հոգեվիճակ է, ես 33-34 տարեկանում խոր ծերություն էի ապրում: Մեղքի զգացումն ինձ տանջում էր: Այն իր սահմանն անցավ հաջորդ երգում, որից հետո ես էլ երգ չգրեցի: Տեսա` իմ գրած երգերն ինձ վրա արդեն ծանր են նստում: Նոր Կտակարանին ծանոթ մարդիկ կհիշեն մի վարդապետություն, որ Քրիստոսն է ասում. “Մարդ, երբ սկսում է ապրել բարեպաշտ կյանքով, նրա միջից պիղծ հոգին դուրս է գալիս: Հետո այդ պիղծ հոգին գալիս, տեսնում է` այն տարածքը, ուր ինքն ապրում էր, մաքրված է, տեղ չունի, զայրանում է, գնում իր պես յոթ եղբայր կանչում եւ յոթով են մեջդ մտնում”: Այդ մարդու վերջը շատ ավելի վատ է լինում, քան առաջ պետք է լիներ: Սա շատ ծանր բան է հավատացյալ մարդու համար, եւ ես ինձ այդպիսին էի տեսնում, մարդ, որին տրվել է քրիստոնեական հավատ, ով արժանի չի գտնվել այդ հավատի առջեւ, մաքրվել է, բայց հիմա յոթ անգամ ավելի շատ է կեղտոտվել: Վատ եմ զգում իմ երգից, էլ չեմ ասում` խեղճ մերոնք ինչ են ապրում: Այն գրելիս ազդված եմ եղել Ազնավուրից, Վիսոցկուց: “Եհ, ընկեր” է կոչվում”: Vardan Petrosyan “Բեմը ինձ փրկեց” “Իհարկե, իմ հոգեվիճակը այնքան ծանր եղավ, որ սկսեցի չգրել: Ինչպես մի պահ իմ նկարչությունն ինձ ծանր թվաց: Ստեղծագործողը աշխատանքի ընթացքից պետք է հաճույք ստանա, դա շատ կարեւոր է, ինչի մասին էլ գրի, բուն պրոցեսը պետք է հաճույք պատճառի: Իմ նկարչությունը սկսեց ինձ դուր չգալ, դարձել էր դեպրեսիվ, ինձ համար շատ տանջալի, սեւ գույներով: 21 տարեկան էի, շատ ծանր դեպրեսիա էի ապրում, թողեցի, եւ բեմը իսկապես ինձ փրկեց: Մտա իմ իսկական աշխարհը` ուրախության, թախիծի, ռոմանտիզմի, լիրիկայի, փիլիսոփայության աշխարհը: Նույն էլ այստեղ, էլ չգրեցի, մի զարմանալի գեղեցիկ գիտակցության եկա` հավատի գիտակցություն, որ կյանքի դառնությունները տրվում են հաղթահարելու համար, եւ այդ զրկանքները հաղթահարելով է մարդ դառնում մարդ: Կամաց-կամաց ինձ տեղափոխեցի իմ ուրախության դաշտը, իմ փախուստն ինձնից դարձավ անվերջ վերադարձ: Ես անընդհատ եկա Երեւան նոր ներկայացումներով: Փորձում էի այնպես անել, որ ամեն մի ներկայացում մի հանդգնություն լինի: Նորից եկա վայելքի աշխարհը, փորձեցի մարդկանց ուրախություն տալ”: Vardan Petrosyan “Շատ, շատ աննորմալ բաներ ենք արել” “Իմ արած ամենամեծ խենթություններն իմ երկու ամուսնություններն էին: Այդպիսի ապուշ արարք ես երեւի չեմ ունեցել. մինչեւ հիմա չեմ հասկանում, թե այդ ինչ եղավ:): Թե չէ խենթություններ այնքան եմ արել... Ավտոբուսներում համերգներ էինք տալիս, խելագարվում էր ժողովուրդը. մի մասը շատ էր ուզում, մյուսները` չէ: Շատ, շատ աննորմալ բաներ ենք արել... Չգիտեմ` հիմիկվա երիտասարդները ինչո՟ւ խենթություններ չեն անում: Երեւի որովհետեւ ամեն ինչ ունեն: Երբ ոչինչ չունես, ստեղծում ես: Փայտե ատրճանակներ էինք սարքում, երեւակայում էինք, բայց երբ երեխային տալիս ես պատրաստին, նա մնում է բութ: Դրա համար ճոխ պայմաններում դեգրադացվում են մարդիկ: Այսօր ամեն ինչ կա, խենթության տեղ չկա: Նաեւ բարդույթներ գոյություն ունեն: Ես երիտասարդ, ուսանող հասակում շատ հաճախ ծակ կոշիկով ու ծակ շալվարներով եմ ման եկել, մենք իրար կարող էինք կոշիկ փոխանցել, մարզակոշիկներ նվիրել, հագած շոր տալ, մենք չէինք կաշկանդվում դրանից, սոցիալական տարբերություններ կային, բայց դա շեշտված չէր, ընկերություն անում էինք, ապրում առողջ ուսանողական կյանքով, ում ձեռքը փող էր ընկնում, իրար հետ խմում էինք: Նյութի առատությունը մարդուն զրկում է իր երեւակայությունից: Խենթությունը երեւակայության եւ կամային ուժեղ հատկությունների արդյունք է, առնետ խեղդելու կամք: Սեռական էներգիան էլ չբավարարվելով վերածվում է ստեղծագործական էներգիայի: Հիմա լայն հնարավորություններ է ստեղծված այն բավարարելու համար. շատ էժան բնակարաններ, դուքյանաչգիտեմինչեր, որտեղ դիվան, բազկաթոռ կա, կարող ես երեք հազար դրամով, ինձ են ասել, աղջիկ տանել:)”: Հայը չափազանցությունների ազգ է “Եղբայրս ասաց` աշխարհում ամենաթանկ բանը մայրն է, իսկ ժողովուրդը մորից թանկ է: Հայը չափազանցությունների ազգ է. նրա վատը անտանելի է, բայց աննկարագրելի, աննման է հայի լավը` պինդ ողնաշարով, բարեհամբույր, նախնիներից ժառանգած քաղաքակրթության խոհեմությամբ, շատ ուժեղ ստեղծագործ մտքով, հանգիստ, համեստ, բայց համարձակ մարդ”: Գրառեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW