Օլիմպիական չեմպիոնը կարողանում է ձուկ եւ փլավ պատրաստել :)
Շախմատի օլիմպիական չեմպիոն, գրոսմաստեր Տիգրան Պետրոսյանին, կարծում եմ, բոլորն են ճանաչում: Ուստի փորձենք հակիրճ ներկայացնել Տիգրանին ու արագ անցնել մեր զրույցին: :)
1984թ-ի սեպտեմբերի 17-ին Երեւանում` սովորական հայկական ընտանիքներից մեկում, ուրախ օր էր. ծնվել էր Պետրոսյան ընտանիքի արու զավակը, ում հայրը նպատակադրված անվանեց Տիգրան, քանի որ նրա երազանքն էր, որ որդին ինչ-որ չափով դառնա հռչակավոր Տիգրան Պետրոսյան, շախմատով զբաղվի. ազգանունը համընկնում էր, անունն էլ ամբողջացնում:): Տիգրանի հայրը 5 տարեկանից որդուն սովորեցնում է կատարել իմաստուն խաղի առաջին քայլերը, ապա` մոտ կես տարի անց, նրան տանում Շախմատի դպրոց, որտեղ Տիգրանի առաջին ուսուցիչն է լինում Գագիկ Սարգսյանը: 2000թ-ից Տիգրանն անձնական մարզիչ չունի: Այսօր արդեն գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, խոսելով իր անվան մասին, ասում է, որ այն պարտավորեցնող է, բայց կաշկանդող չէ:
- Ո՞րն է եղել քո առաջին լուրջ հաջողությունը:
- 1998թ-ին Ստամբուլում մասնակցեցի մինչեւ 16 տարեկանների օլիմպիադային եւ դարձա չեմպիոն (թիմային խաղում), այդ ժամանակ ես 13 տարեկան էի (14-ս դեռ չէր լրացել), հետագայում լրացրեցի Միջազգային վարպետի, իսկ 2004-ին` գրոսմայստերի կոչումս... Հաջորդ ամենակարեւորներից` Շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադան էր, որտեղ մեր թիմը գրավեց առաջին տեղը: :)
- Շախմատում կուռքեր ունե՞ս:
- Այո, աշխարհի չեմպիոններից հիմնականում շատ եմ սիրում Խոսե Ռաուլ Կապաբլանկայի եւ Գարիկ Կասպարովի խաղաոճերը:
- Շախմատը քեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ հոբբի:
- Քանի որ ես դրանով դրամ եմ վաստակում` մասնագիտություն:
- Իսկ այլ մասնագիտություն կցանկանայի՞ր ունենալ:
- Տարիներ անց ինձ տեսնում եմ բիզնեսի ոլորտում...
- Ի՞նչ նախասիրություններ ունես:
- Նախասիրությունները շատ են. սպորտային տարբեր խաղեր եմ սիրում`սեղանի թենիս, սիրում եմ նաեւ ֆուտբոլ խաղալ, մենք ունենք շախմատիստների ֆուտբոլի թիմ ու շաբաթվա ընթացքում երկու անգամ պարտադիր խաղում ենք:
- Իսկ Աշխարհի առաջնությանը հետեւու՞մ ես: Ո՞ր թիմին ես երկրպագում:
- Այո, բայց իմ երկրպագած թիմը` Անգլիան, դուրս է մնացել. հիմա երկրպագում եմ Արգենտինային եւ Հոլանդիային, բայց ավելի շատ Արգենտինային:
- Արվեստի ո՞ր բնագավառն ես նախընտրում:
- Կոնկրետ մի ճյուղ չեմ կարող առանձնացնել, բայց սիրում եմ կինո գնալ, երբեմն նաեւ թատրոն:
- Ազատ ժամանակդ ինչպե՞ս ես անցկացնում:
- Ընկերներիս հետ հավաքվում ենք, նարդի, շախմատ կամ խաղաթուղթ խաղում, դե, գարեջուր ու խեցգետին էլ է լինում:), իսկ ակտիվ հանգստից շատ եմ սիրում ու հաճախ այցելում կարաոկե ակումբներ:
- Իսկ ինքդ երգո՞ւմ ես: :)
- Այո, երգելն օգտակար է. երբ երգում ես, բոլորը գնում են, մնում ես դու եւ քո շրջապատը:):
- Խոհանոցում լինու՞մ ես, ի՞նչ կարող ես պատրաստել:
- Մասնագիտացված խոհարար չեմ, բայց սոված չեմ մնա:): Սիրում եմ ձուկ պատրաստել, ինքս մաքրում եւ պատրաստում եմ, փլավներ էլ եմ պատրաստում...
- Ըստ քեզ` դու ինչպիսի՞ն ես:
- Հանգիստ մարդ եմ, համարձակ, կարողանում եմ տիրապետել ցանկացած իրավիճակի: Ընկերներս ել ասում են, որ բարի եմ:):
- Իսկ ի՞նչը կարող է քեզ զայրացնել:
- Անարդարությունը: Չեմ սիրում սուտը ու զայրանում եմ, երբ ստում են:
- Ո՞րն է քո հաջողության գաղտնիքը:
- Որ ասեմ, բոլորը կիմանան:)... իրականում, ինձ իմ մարզիչներն ասում են, որ ես ծույլ եմ, բայց տաղանդավոր ու ճիշտ ժամանակին կարողանում եմ ինձ հավաքել: Ես էլ եմ ինձ հաջողակ համարում. ունեմ լավ ընտանիք, լավ ընկերներ ու սիրված եմ իմ շրջապատի կողմից:):
- Ո՞րն է քո տարերքը:
- Մոտ ընկերներս: Երբ ընկերական անկաշկանդ միջավայրում եմ, իմ տարերքի մեջ եմ:
- Գտե՞լ ես քո երկրորդ կեսին:
- Դեռ ոչ, ընտանիք կազմելու հարցում չեմ շտապում, երբ Աստված կամենա...
- Ի՞նչպիսին ես նրան պատկերացնում, կցանկանա՞ս, որ նա էլ շախմատով զբաղվի:
- Ոչ մի դեպքում: Շախմատը շատ դաժան սպորտ է, այն շատ ժամանակ է պահանջում, իսկ կինը հետագայում երեխաների մայր է, եւ նրան այդ ժամանակը պետք է ընտանիքի համար... Նրան պատկերացնում եմ գեղեցիկ, խելացի, հումորով եւ ազնիվ:):
- Առաջիկայում ի՞նչ մրցումների ես մասնակցելու:
- Հուլիսի 10-ին Մարտունիում կանցկացվի Շախմատի միջազգային ավանդական մրցաշար, որտեղ կլինենք 5 մասնակից Հայաստանից եւ 5` արտասահմանից, օգոստոսին կանցկացվի շախմատի համահայկական օլիմպիադան, որտեղ կլինեմ թիմային եւ անհատական խաղերում, իսկ սեպտեմբերին կմեկնեմ Եվրոպա…
- Անհատակա՞ն, թե՞ թիմային խաղն ես նախընտրում:
- Ես թիմային խաղերի ժամանակ ինձ ավելի լավ եմ զգում, ավելի պատասխանատու, քանի որ այդ ժամանակ ոչ միայն քո, այլեւ թիմի համար ես խաղում:
- Bravo.am-ը քեզ հաջողություն է մաղթում: Եվ վերջում` նշանաբան ունե՞ս:
- Միշտ առաջ:)...
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: