“Շատ գեղեցիկ է Երեւանը, կարծես Իտալիայում լինեմ’’ Նա էլեգանտ է ու ինքնատիպ, առեղծվածային ու ոճային, առաջին հայացքից` վեհ, բայց շփման մեջ բարեհամբույր եւ ժպտերես, նրա կոշիկները միանգամից գրավում են ուշադրությունդ… Հայտնի “Էրմանո Շերվինո” ապրանքանիշի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տոնի Շերվինոն Երեւանում է:): Նա ներկա է եղել հոկտեմբերի 23-ին LaGalleria բրենդային խանութում կազմակերպված` “Էրմանո Շերվինո” ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը: Բրենդային հագուստները իտալական են: Սա ֆլորենտական ապրանքանիշ է, որ արտադրվում է Տոսկանայում: Շերվինո ապրանքանիշի ստեղծած հավաքածուներում շատ է ձեռքի աշխատանքը: LaGalleria-ն “Էրմանո Շերվինո”-ի պաշտոնական ներկայացուցիչն է Երեւանում 2008 թվականից: Նշենք, որ Տոնի Շերվինոյի երեւանյան այցի առիթ է հանդիսացել նաեւ այն, որ մեր քաղաքապետարանը այս շաբաթը հայտարարել է Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթ Երեւանում: Բրենդի` Պատանի հանդիսատեսի թատրոնում բացված ցուցահանդեսին կանդրադառնանք առաջիկայում: 2000 թվականին դիզայներ Էրմանո Դայելին եւ ձեռներեց Տոնի Շերվինոն ստեղծեցին իրենց ապրանքանիշն ու ցուցադրեցին առաջին հավաքածուն: Իրենց հանդիպումը Էրմանոն եւ Տոնին բնութագրում են այսպես. “Միանգամից որոշեցինք միասին աշխատել”: Էրմանոն ստեղծագործական, կրեատիվ մասի պատասխանատու է եղել, իսկ Տոնին զբաղվել է կոմերցիոն հարցերով: Հենց նրանք էլ “Էրմանո Շերվինո” ապրանքանիշը դարձրել են համաշխարհային նորաձեւության իտալական ցուցանիշներից մեկը: “Շերվինո” բրենդի հագուստը նրբաճաշակ է եւ ինքնատիպ` նախատեսված բարձրաճաշակ մարդկանց համար: Լրատվամիջոցներն Էրմանո Շերվինոյին կնքել են “սպորտային հագուստի արքա’’ անվամբ, քանի որ նա նախընտրում է ունիվերսալ բազմազգային ոճը: Այս բրենդի հագուստ է կրել մեր հայրենակցուհի Շերը, ցուցադրություններին մասնակցել է հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան: “Շնորհակալ եմ, որ ներկա եք իմ ցուցադրությանը: Հուսով եմ` ձեզ դուր կգա մեր նոր հավաքածուն: Այս ամենը մեծ կրքով ենք ստեղծում եւ փորձում ենք մշտապես պահել բարձր որակը’’,- ներկաներին ողջունել է Տոնի Շերվինոն, ով ցուցադրության ավարտից հետո սիրով զրուցել է նաեւ BRAVO.am-ի հետ: Տոնի Շերվինոն երկրորդ անգամ է Երեւանում: Նա խոստովանում է, որ ամեն անգամ մեծ ոգեւորությամբ է ժամանում մեր մայրաքաղաք: “Գիտեք, ինձ դուր է գալիս` ինչպես են մարդիկ հագնվում այստեղ: Այնքան եմ գնահատում հայերի ջերմությունը’’,- ասել է պարոն Շերվինոն: Տոնի Շերվինոն, ինչպես պարզվեց, հայկական խոհանոցի սիրահար է, անգամ չի կարողանում առանձնացնել որեւէ ճաշատեսակ:): “Ամեն ինչն եմ սիրում, ամեն ինչը:)”,- ժպտալով ասել է նա: Շերվինոն մեծ հաճույք է ստանում նաեւ մեր փողոցներով զբոսնելիս. “Շատ գեղեցիկ է Երեւանը, կարծես Իտալիայում լինեմ”: Տոնին Երեւանում մնալու է ընդամենը երեք օր, մասնակցելու է “Էրմանո Շերվինո” ապրանքանիշի հագուստների ցուցադրությանը. “Ուրախ ենք ներկայացնել մեր նոր հավաքածուն հայ սպառողին: Դեռ կհանդիպենք. մենք վերադառնալու ենք:)” Ստորեւ ներկայացնում ենք նաեւ LaGalleria-ի նոր հոլովակը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: