Ջազը ազգություն չի ճանաչում «Ջազ-երաժշտության ասպարեզում շատ հեշտ է համագործակցել այլազգի ջազմենների հետ` լինի ամերիկացի, ճապոնացի, թե ռուս, քանզի ջազի լեզուն եւ ստանդարտները բոլորի մոտ նույնն են: Օրինակ, ինչու՞ չէ, կարելի է ջազ-երաժշտություն գրել դուդուկի համար»,- ասում է հայտնի ֆրանսիացի շեփորահար եւ ջազմեն Քրիստոֆ Լըլուալը, ով իր ղեկավարած “E.C.H.O.E.S.” սեքստետով առաջին անգամ Հայաստան է ժամանել համերգների: Երեկ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի դահլիճում “E.C.H.O.E.S.” ջազ-սեքստետի առաջին ելույթն էր: Քրիստոֆ Լըլուալն իր խմբով կնվագի ոչ միայն Երեւանում, այլեւ Սպիտակում եւ Վանաձորում: Այս համերգաշարի կազմակերպիչն է ֆրանսիական “AJMI”-ին (Association for Jazz Improvised Music), «Ֆրանսիայում Հայաստանի օրեր 2007»-ը՝ ֆրանսիական դեսպանատան եւ Արամ Խաչատրյան հիմնադրամի աջակցությամբ: Քրիստոֆ Լըլուալը ծնվել է Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում: Ասում է, թե ճանաչում է Եվրոպայում հայտնի հայ ջազմեններից Լեւոն Մինասյանին, Տիգրան Համասյանին, դե իհարկե, շանսոնյե Շարլ Ազնավուրին: Լըլուալը հույս ունի, որ հայաստանյան մեկշաբաթյա համերգների ժամանակ հանդիպելու է բազմաթիվ հայ ջազմենների. «Ես կարծում եմ, այս 7 օրվա ընթացքում մենք ոչ միայն կշփվենք հայ ջազ նվագողների հետ, այլեւ միասին կնվագենք: Սա դեռ առաջին օրն է, ինչ Երեւանում ենք»: Կովկասում ջազի կենտրոնը Հայաստանն է Կովկասում ջազ-երաժշտության կենտրոնը Երեւանն է համարվում: Երեւանն անվանում են ջազի մայրաքաղաք Նյու-Յորքից հետո: «Հայկական ջազ-երաժշտությունը ավանդական կովկասյան լեռնային երաժշտություն է: Շատ բաներ կան վերցնելու եւ բացահայտելու հայկական ջազ-երաժշտության մեջ: Իմ խումբը՝ “E.C.H.O.E.S.” սեքստետը ավանդական ջազ բենդ է՝ սաքսաֆոնով, կլառնետով, դաշնամուրով, կոնտրաբասով, հարվածային գործիքներով ու շեփորով»,-պատմում է Լըլուալը եւ ավելացնում, որ այժմ ջազի մեջ տարածված է խառնել եւ միաձուլել ոչ ավանդական ջազ երաժշտությունը: Ֆրանսիացիներից բաղկացած “E.C.H.O.E.S.” սեքստետը Քրիստոֆի ղեկավարած երկրորդ ջազ սեքստետն է, սակայն առաջին խումբն է, որի համար ամբողջ երաժշտությունն ինքն է գրում: Խմբի անվանումը՝ “E.C.H.O.E.S.”-ը վերջիններիս երաժշտական ստեղծագործության անվանումն է (Extended Composition Heard On Evolutive Swing): «Մենք ողջ համերգի ժամանակ նվագում ենք շատ երկար, անվերջանալի երաժշտություն, որի ընթացքում անընդհատ փոփոխվում են մեղեդիները: Մենք նվագում ենք անդադար մինչ ավարտը: Այդ իսկ պատճառով խումբն անվանել ենք “E.C.H.O.E.S.”, այսինքն extended (անվերջ, տեւական) եւ evolutive (զարգացող)»,- բացատրում է Լըլուալը: “E.C.H.O.E.S.”-ի պրոդյուսերը ֆրանսահայ Աստղիկ Ջոլակյանն է: Աստղիկը շատ է կարեւորում Սպիտակում եւ Վանաձորում կայանալիք համերգները. «Մենք շատ ուրախ ենք հայաստանյան այս համերգաշարի համար եւ հույս ունենք, որ սա վերջինը չի լինի: Եթե հրավիրեն, կրկին կգանք»: Այսօր Քրիստոֆ Լըլուալի “E.C.H.O.E.S.” բենդը համերգով հանդես կգա նաեւ «Մալխաս» ջազ-ակումբում: Տեքստը եւ լուսանկարները` Լուսին Moon Պառավյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: