Հայկական ջազ-ֆյուժն բենդի առաջին պաշտոնական ելույթը Ջազ-ռոք կամ ջազ-ֆյուժն ուղղությունը երաժշտության մեջ սկիզբ է առել դեռեւս 60-ական թվականներին: Ջազ-ռոքի արմատները սկսվեցին այն պահից, երբ երաժիշտները սկսեցին օգտագործել էլեկտրոնային երաժշտական գործիքներ, որովհետեւ տեղական ակումբների ակուստիկ գործիքները պահվում էին կայացած ջազմենների օգտագործման համար: Անհնար է խոսել ջազ ռոքից ու չնշել Մայլս Դեւիսի, Ջոն Մքլաֆլինի, Գարի Բարթոնի անունները: Հետո “Cream” ռոք-բենդը ու “The Jimmy Hendrix Experience”-ը սկսեցին ջազային տարրեր օգտագործել իրենց երաժշտության մեջ: Մի խոսքով ջազն ու ռոքը “ֆյուժնվեցին”` խառնվեցին: Նրանք, ովքեր ներկա էին փետրվարի 19-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում “Sharak” խմբի համերգին, տեսան ու համոզվեցին, թե ինչպես Երեւանում հին ու բարի ջազը եւ ազատ ու միշտ երիտասարդ ռոքը հանդիպեցին ու գրկախառնվեցին:): “Sharak” բենդի անդամներն են` Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար, սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, կիթառահար Գագիկ Խուդավիրդին, բաս-կիթառահար Էդգար Սահակյանը եւ հարվածային գործիքներ նվագող Հակոբ Օրդաքյանը: “Sharak” բենդը կազմավորվել է Արմեն Հյուսնունցի մտահղացմամբ: “Մտքումս վաղուց երաժշտություն կար, որը չեր տեղավորվում այն խմբերի ֆորմատում, որոնց հետ ես համագործակցում եմ: Ու հենց դա դրդապատճառ հանդիսացավ, որ հավաքեմ երիտասարդ անդամներից բաղկացած բենդ, որը հենց այդ երաժշտությունը կներկայացնի”,- պատմում է Արմեն Հյուսնունցը: Բենդի անվանումը շատ շտապ է որոշվել, երբ եկել է համերգը գովազդելու պահը :): Որոշվել է վերցնել հեղինակային ստեղծագործություններից մեկի պայմանական անունը` շարաք: Հենց ինքը բառը ոչինչ չի նշանակում, բայց նրա մեջ ինչ-որ հնչողություն կա, որը թույլ է տալիս հանդիսատեսին երեւակայել :): Համերգը բացվեց Ջո Զավինուլի ստեղծագործությամբ, այնուհետեւ Մարկուս Միլլեր, Չիկ Կորեա, իսկ հետո հանդիսատեսը վայելում էր արդեն բենդի սեփական, հեղինակային ստեղծագործությունները, որոնք լի էին ջազային, ռոքային ու նույնիսկ հայկական տարրերով ու գույներով: Բենդի բոլոր սեփական ստեղծագործությունների հեղինակը Արմեն Հյուսնունցն է, բայց ... “Բայց ամեն մեկը ստեղծագործությունը իր պրիզմայով է անցկացնում` ավելացնելով իր միտքն ու մեկնաբանությունը: Եվ վերջում ստեղծագործությունները սկզբնական տարբերակից բավականին փոխվում են :),”- պատմում է Արմեն Հյուսնունցը: Բենդը այնքան նոր է, որ հեղինակային ստեղծագործությունները նույնիսկ չեն ստացել վերջնական անուններ, կամ դեռեւս անանուն են: Խմբի դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, ում գոտին եւ շապիկը երաժշտական նոտաներն էին զարդարում, ասում է. “Շատ հաճելի ու կայֆ ա աշխատել Արմեն Հյուսնունցի հետ: Լիքը նոր բաներ եմ սովորում: Դժվար ա Արմենի գործերը նվագել, երբ նա մեզ հետ ա բեմի վրա, չնայած մեր հարաբերությունները շատ անմիջական ու ընկերական են, բեմի վրա խստություն կա: Ու ընդհանրապես, ամեն ինչին պետք ա լուրջ վերաբերվենք: Իսկ իմպրովիզներ անում ենք, ինչպես որ սիրտն է հուշում”: Խմբի երկու կիթառահարներին` Էդգար Սահակյանին ու Գագիկ Խուդավիրդիին, բոլորդ էլ լավ ճանաչում եք “Դորիանս” խմբից: Գագիկը մինչեւ “Դորիանս”-ը նվագել է “Armenian Navy Band”-ում ու հենց այդ տարիներն է համարում իր պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը, իսկ Արտո Թունջբոյաջանի ազդեցությունը իր վրա Գագիկը անփոխարինելի է համարում: “Այսօրվա համերգից շատ լավ տպավորություններ ունեմ, ամեն ինչ հոյակապ էր: Ջազը շատ ազատություն ա տալիս, երեւի ռոքում ավելի կոնկրետ պիտի լինես: Դա նույն ա, որ ես կանգնեմ մի մեծ լսարանի առջեւ` խոսալու համար, կամ ընկերոջս հետ խոսամ: Չգիտեմ որը որն ա, բայց տարբերությունը այդքան մեծ ա”,- պատմում է Գագիկը: “Նախ եւ առաջ, այս բենդը հետաքրքիր է նրանով, որ նման բենդ մենք չունենք` թե հնչողությամբ, թե գործիքավորմամբ: Դե Հյուսնունցը Հյուսնունց է, ոչինչ չես ավելացնի, իսկ մնացած անդամները երիտասարդ են ու տաղանդավոր: Սա Արմեն Հյուսնունցի`բենդ հավաքելու երկրորդ փորձն է, ու ես մաղթում եմ նրանց հաջողություն”,- իր տպավորություններով համերգից հետո մեզ հետ կիսվեց լրագրող Արմեն Մանուկյանը: Մայլս Դեւիսը ժամանակին ասում էր. “Իմ ապագան սկսվում է ամեն օր, երբ ես արթնանում եմ առավոտյան ու տեսնում եմ լույսը: Ու ես շնորհակալ եմ”: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: