“Մերը տարբերվող է” :)
Եվրոպան սիրեց “Զմփիկը” ու “Հանիկ - նանիկը”
“Արեւներ”-ը որոշել են տարվա բոլոր եղանակներին երկնային լուսատուից էլ առավել շողալ, ջերմացնել բոլորին ու շողերը տարածել Հայաստանի սահմաններից շատ-շատ հեռու:): Մանկապատանեկան համույթը նոր է վերադարձել Բուլղարիայի Պրիմորսկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցած փառատոնից:
Վերջինը մրցութային հատված չունի, նպատակն է տարբեր ազգերի միջեւ մշակութային կամուրջ ստեղծել, յուրաքանչյուրին հնարավորություն տալ իր ֆոլք երաժշտությունը, պարերն ու հանդերձները ներկայացնել: “Արեւներ”-ը այդ կամուրջին առաջին անգամ 2006-ին են հայտնվել:): Համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը նշում է` այս անգամ ամեն ինչ շատ ավելի լավ էր կազմակերպած. “Մեզ հնարավորություն է տրվում շփվել, միմյանց ծեսերին ծանոթանալ, տեսանյութեր, ձայնասկավառակներ փոխանակել: Օրը մի պետություն ներկայացնում է իր մշակույթը”:
Բուլղարիայում անցկացվող փառատոնին մասնակցել են ֆինները, մակեդոնացիները, ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, հայերը, վրացիները, քաղաքական հարցերից ելնելով մասնակցություն չեն ունեցել թուրքերն ու ադրբեջանցիները: “Արեւները” 20 հոգով էին Բուլղարիա մեկնել. 17 “արեւ”, համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը, պարուսույց Մարինե Մարտիրոսյանն ու վոկալի մասնագետ Արփինե Հովհաննիսյանը:
“Արեւները” միջոցառման բացմանը երկու ստեղծագործություն են ներկայացրել` “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” եւ ժողովրդական “Զմփիկ” երգերը: “Շատ լավ ընդունվեցին մեր ազգային երգերը: Եվրոպան շատ սիրեց “Հանիկ-նանիկ”-ը: Մեզնից ուզում էին այդ երգը:)”,- ասաց Արմեն Դիվանյանը:
Համույթի գեղարվեստական ղեկավարը Bravo.am-ին պատմեց, որ “Արեւները” ուղղակի փայլել են Բուլղարիայում. “Մի քիչ զգուշորեն էինք մոտենում ելույթներին, որովհետեւ մերը բավական տարբերվող էր մյուս խմբերից: Գլուխ գովալ չլինի, ուղղակի իրականությունն եմ ներկայացնում. տեսանյութերը կան:): Աշխատում էինք այնպիսի ստեղծագործություններ ներկայացնել, որ մյուսներին նեղություն չտանք: Մրցութային չէր, ամենալավ համարները ցուցադրելու խնդիր չունեինք, այնպես էինք անում, որ մյուսների վրա ստվեր չգցենք, բայց եւ պատշաճ ձեւով ներկայանանք”:
Փառատոնի ընթացքում սպորտային, գեղեցկության մրցույթներ էլ են իրականացվել: Ամեն երեկո մի երկիր իր ավանդույթներն է ներկայացրել: Մերոնք վարդավառի տոնն են բեմականացրել, վերջում էլ` իսկական հայկական ֆուրշետ: “Երեխաները ջրեցին բոլորին, ներկայացումն էլ համեմված էր երաժշտական կատարումներով, շատ գեղեցիկ անցավ: Բոլոր ազգերն իրենց գոհունակությունը հայտնեցին”,- սաներով է հպարտանում համույթի գեղարվեստական ղեկավարը:
“Չեմ հետեւում “Արեւիկ” համույթին”. Արմեն Դիվանյան
2006-ի Բուլղարիայում անցկացված նույն փառատոնին, բնականաբար, հայկական համույթը դեռ “Արեւիկ” անվամբ էր ներկայացել: “Արեւիկ”-ից “Արեւների” անցումը դեռ թարմ իրադարձություն է: “Երեւի ըմբռնումով մոտեցան, ոչ մի հարցադրում չեղավ: Ուղղակի ասացինք` անվանափոխություն է տեղի ունեցել, բայց նաեւ կա “Արեւիկ” խումբը, որ պետական հովանավորչության շրջանակներում է գործում: Ճիշտ է` “Արեւիկ” բրենդային անվանումն ինձ է պատկանում, բայց շատ ավելի հին` երեսուն տարվա պատմություն ունի, եւ, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չէր լինի խոչընդոտելը: Ամենաճիշտ տարբերակը անվանափոխվելն էր: “Արեւները” սկզբում մեզ եւ երեխաների համար շատ խորթ էր, հիմա խորթ կլինի հակառակը: “Արեւիկ”-ի հետ հարաբերություն, համագործակցություն չկա. իրադարձություններն այդպես դասավորվեցին: Ես չեմ հետեւում իրենց, այնքան անելիք կա, ճիշտ կլինի, որ մեր գործերով զբաղվեմ”,- Bravo.am-ին ասաց Արմեն Դիվանյանը:
Ամեն ամառ “Արեւները” Ծաղկաձոր են մեկնում, նոր ծրագիր պատրաստում, փորձեր անում. հավանաբար նոյեմբերին Երեւանում համերգ կտան: Երկու գեղեցիկ ռոքային ստեղծագործություն ունեն, պատրաստվում են տեսահոլովակ նկարահանել: “Արեւներ”-ից մեկը դառնալու համար անհրաժեշտ է օգոստոսին հայտեր ներկայացնել:): Խումբը կանչում է երգելով միասին շողարձակելու:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` “Արեւներ”-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: