Հայկական կինոյի հոկտեմբերը “Նամուս”-ով կմեկնարկի :) Հոկտեմբերի 11-ին “Մոսկվա” կինոթատրոնում մեկնարկելիք “Կինոաշուն”-ը եկել է վերականգնելու Հայաստանում արտադրված, արտադրվող ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթը: Կինոդիտումը մշակույթ է, Հայաստանի ազգային կինոկենտրոնն էլ նպատակ ունի զարգացնել այն` անգամ երեւանյան մեկ ու կես եւ Գյումրիի մեկ կինոթատրոնների պարագայում: Bravo.am-ը արդեն իսկ պատմել է “Ամենամյա ազգային կինոյի ամիս” ծրագրի մանրամասներն ու նպատակները: Նախատեսվում է ամեն տարի հոկտեմբերին մայրաքաղաքում եւ մարզերում անցկացնել ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ: Առաջին “Կինոաշունը”-ը ֆինանսական հովանավորներ չունի: Ազգային կինոկենտրոնի տնօրենը նշեց` միայն Մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանն են աջակցում: “Ամեն ինչ պատրաստ է, աֆիշներն ու պոստերները` եւս: Մեր ճաշակն այսպիսին է առայժմ, դիտողությունները պատրաստ ենք լսել` մյուս տարի հաշվի առնելու համար: Առաջին անգամ է ծրագիրն իրականացվում, ինչ արել ենք, բառերով վատ չի հնչում, մնում է իրականացնենք”,- ասաց Գեւորգ Գեւորգյանը: Այսպիսով, “Կինոաշուն”-ի շրջանակներում հոկտեմբերի 12-ին “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվի առաջին ֆիլմը` “Նամուս”-ը, առաջին հնչյունային ֆիլմը` “Պեպոն”, էկրանին կլինի այս ամսվա 14-ին, ինչպես նաեւ կներկայացվեն առաջին հեքիաթը` “Անահիտ”-ը, կատակերգություն “Շորն ու Շորշորը”, առաջին երաժշտաֆիլմ “Կարինե”-ն, քաղաքական “Մեքսիկական դիպլոմատները”, արկածային “Կամո”-ն, գրաքննությամբ հետապնդված “Հնձան”-ը եւ շատ այլ ֆիլմեր: Կասկադում հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 5-ը, յուրաքանչյուր հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ցուցադրվող ֆիլմերի ցանկում են Համո Բեկնազարյանի “Շորն ու Շորշորը”, Էդգար Բաղդասարյանի “Արարատից Սիոն”-ը, Յուրի Երզնկյանի “Առաջին սիրո երգը”, Վիլեն Զաքարյանի “Շիրակի մեղեդիները”, կարճամետրաժ ֆիլմեր “Տժվժիկը”, “Ոսկե ցլիկը”, “01-99”-ը, “Շրթներկ համար 4”-ը”: Բացօթյա ցուցադրություններ կլինեն նաեւ Սիրահարների այգում յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին: “Կինոաշուն”-ի կարող եք մասնակցել նաեւ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, “Առնո Բաբաջանյան” համերգասրահում, Նարեկացի արվեստի կենտրոնում: Ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում արվեստի բուհերի համար հայտարարվելու է ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ: “Վաղուց մեզանում մոռացվել ու վերացել են կինոքննադատություն, կինովերլուծություն, կինոգրախոսություն հասկացությունները, մենք փորձում ենք դա էլ վերականգնել, ինչպես կինոդիտումը”,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Մուրադյանը: Լավագույն գրախոսականի հեղինակը կպարգեւատրվի 100 հազար դրամով: Լավագույն աշխատանքները կտպագրվեն “Առավոտ” օրաթերթի ներդիրում: Նյութերը անհրաժեշտ է ուղարկել kinokentron@yahoo.com էլեկտրոնային հասցեով: “Կինոաշուն”-ը Կինոյի տան կոնֆերանսի սրահում կլոր սեղան-քննարկումներ էլ կկազմակերպի` “Մեր ժամանակի հերոսը` ժամանակի խնդիր” եւ “Կինոդրամատուրգիայի արդի խնդիրները” թեմաներով: “Կինոաշուն”-ը “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահում նաեւ ֆոտոցուցահանդես կբացի` նվիրված հայ կինոյի երախտավորներին եւ հայ կինոյի պատմությանը: Նոյեմբերի 2-ին նույն վայրում սեմինար կանցկացվի “Կոդակ” ընկերության մասնագետների կողմից: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: