Ցուցադրվեցին “Գարնանային Սյունիքի գույները’’:) Հունիսի 22-ին Նկարիչների միության ցուցասրահում բացվեց “Գարնանային Սյունիքի գույները” խորագիրը կրող ցուցահանդեսը: “Հայկական ներկապնակ’’ նկարչական փառատոնի շրջանակներում իրականացվող ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին 26 նկարչի աշխատանքներ, ովքեր այս տարվա մայիսին մեկ շաբաթ շարունակ ստեղծագործում էին Սյունիքում: Նրանց թվում են ամենաավագը` 90-ամյա արվեստագետ Արմեն Աթայանը, ինչպես նաեւ Հրանտ Թադեւոսյանը, Լեմս Ներսիսյանը, Վլադիմիր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Լորիկ Միանսյանն ու Արմեն Հարությունյանը: Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցող 26 նկարիչն էլ տարբեր սերնդների ներկայացուցիչներ են: Նկարներում պատկերված է Սյունիքն իր տարածաշրջաններով` Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի: Ցուցասրահում մթնոլորտն այնպիսին էր` կարծես հավաքվածները հայտնվել են հայրենի գեղեցիկ բնության գրկում` շրջապատված լեռներով, ձորերով ու գետերով: Նկարիչների ուշադրությունից չէին վրիպել նաեւ հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, կտավների վրա պատկերված են Տաթեւի վանական համալիրը եւ այլ հուշահամալիրներ: Նկարները ներկայացնում են տարածաշրջանի գույները, ինչպես նաեւ մարդկանց:): “Հայկական ներկապնակ’’ նկարչական փառատոնը համահայկական մասշտաբներ ձեռք բերելու նպատակ ունի: Հետագայում կազմակերպվելիք ցուցահանդեսները անդրադառնալու են մեր երկրի մյուս մարզերին ու տարածաշրջաններին: Փառատոնը ցուցահանդեսներով չի սահմանափակվում. օրինակ` Սյունիքում վարպետության դասեր են անցկացվել: Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը շուտով միջազգային մասշտաբների է հասնելու: Նրանց խոսքերով, հուլիսին հայ-ռուսական համագործակցություն տեղի կունենա: Սեպտեմբերին կայանալիք ցուցահանդեսին կմասնակցի ռուս տասը նկարիչ: Նկարները կցուցադրվեն նաեւ Սանկտ-Պետերբուրգում: Իսկ Լոռում անցկացվող ամենամյա փառատոնը շարունակական բնույթ կկրի: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի նկարիչների միությունը, Սյունիքի մարզպետարանը, “Լոռվա ձոր’’ հայրենակցական միությունը եւ “Փյունիկ’’ հիմնադրամը: Նկարչական փառատոնը եւ կազմակերպվող ցուցահանդեսներն այս անգամ նվիրված են Հայաստանի անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 26-ը ներառյալ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: