Խաղում են “սերիալային” Արփինեն, Անին ու Սամվելը :) “Շաշը Լոռվա բարբառից է. միամիտ, բարի ու անկեղծ մարդկանց մասին է խոսքը:)”,- ասում է “Հեյ, ջան, Շաշաստան”-ի բեմադրող ռեժիսորը: Թումանյանի հինգ հեքիաթների` “Բարեկենդանի”, “Անխելք մարդու”, “Անբան Հուռիի”, “Կիկոսի մահի” եւ “Սուտլիկ որսկանի” հիման վրա կառուցված ներկայացումը Լյուդվիգ Հարությունյանը բեմադրել է 2005 թվականին. “Դիպլոմային աշխատանքս է, որ հետագայում մտավ թատրոնի ռեպերտուար, եւ մինչ օրս էլ խաղում ենք: Բեմականացումը դիպլոմայինիս ղեկավարի` Նիկոլայ Ծատուրյանինն է”: “Շաշաստանում” երկու օր ապրելու են “Աննա” սերիալից հայտնի դերասանուհիներ Արփինե Իսրայելյանն ու Անի Երանյանը եւ դերասան Սամվել Թոփալյանը, ով, օրինակ, Բարեկենդանի դերում է հանդես գալու: Կիկոսի միջնեկ մորքուրն Արփինեն է լինելու, Անիի դերերից մեկն էլ հեքիաթասացն է: Երեւանից հրավիրված դերասանների մասնակցությամբ “Հեյ, ջան, Շաշաստանը” բեմ կբարձրանա Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում փետրվարի 24-ին եւ 25-ին: “Դերասաններին հրավիրել առաջարկել են թատրոնի տնօրենն ու պրոդյուսերը, ինչը շատ լավ ընդունեցի: Պարզ է` հաշվի է առնվել ներկայում նրանց հայտնի լինելու հանգամանքը, որն իր հերթին կավելացնի հանդիսատեսի հոսքը դեպի թատրոն: Բնական է, որ շատերը կգան իրենց սիրելի սերիալային դերասաններին տեսնելու, բայց կտեսնեն այլ բան: Մեր հիմնական նպատակն է նաեւ հանդիսատեսին ու շատերին ապացուցել, որ այդ նույն մարդիկ կարող են լինել եւ կան թատրոնում եւ կարող են ներկայանալ բոլորովին այլ կերպարներում”,- Bravo.am-ին ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Բեմադրող ռեժիսորի խոսքերով` ներկայացման մեջ մոդեռնիստական շունչ չկա. պահպանված է ազգային կոլորիտը. “Բեմադրված է խաղ-թամաշա սկզբունքով: Գերիշխում են ազգային երգը, պարն ու ծիսական խաղերը: Դերասանները սայլով մտնում են բեմ, հենց հանդիսատեսի աչքի առաջ կերպարանափոխվում եւ խաղում: Մեկ դերասանը խաղում է մի քանի դեր, երբ զբաղված չի լինում, դառնում է հանդիսատես ու սկսում հանդիսատեսի հետ ներկայացումը նայել: Այս ամենն արվում է շատ թեթեւ ու վառ թատերայնությամբ: Մի խոսքով` Թումանյանի պարզ ու մաքուր հեքիաթները համեմել ենք ազգային երգ ու պարով”: “Հեյ, ջան, Շաշաստան”-ի պարերի բեմադրիչը Գագիկ Կարապետյան է: Ներկայացման մեջ խաղում են նաեւ Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Ռազմիկ Բադալյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Գոհար Խաչատրյանն ու Արմինե Միքայելյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: