×


“Մազի խնդիր”

“Մազի խնդիր”

Ինչո՞ւ  է Անի Ավդալյանը դժգոհում  “Դար 21”-ից Անի Ավդալյանը արդեն քանի տարի է` դժգոհություններ ունի “Դար 21” հեռուստաընկերությունից եւ որոշ կայքերից: Վարսահարդար-ոճաբանի համբերության բաժակը լցվեց վերջերս, պատճառը վարսերն էին ու վերոնշյալ հեռուստաընկերությամբ նախորդ շաբաթվա ընթացքում պարբերաբար ցուցադրվող “Մենք ենք, մեր հայերը” հիթ-շքերթի` հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների` այցեքարտ դարձած սանրվածքների մասին թողարկումը: Ani Avdalyan & Sofi Mkheyan “Սիրուշոն 5-րդ հորիզոնականում էր, Սոֆի Մխեյանը, ում բոլորը գիտեն իր կերպարներով` 3-րդ, իսկ Էռնեստը,  որին հայերի, երեւի, ընդամենը 0.01 տոկոսն է ճանաչում, զբաղեցնում էր առաջին հորիզոնականը, ինչը շատ ծիծաղելի է: Խնդիրը նրանում է, որ հաղորդումը պատրաստելիս հաշվի չեն առնում Սիրուշոյի, Սոֆի Մխեյանի մակարդակն ու հիթ-շքերթներին ոչ մի բանով չհամապատասխանող երգիչ-երգչուհիների են իրենց հետ նույն հարթակի վրա դնում: Իրենք բաշխում են հորիզոնականները առանց որեւէ մեկի կարծիքը հաշվի առնելու: Եթե հաղորդաշարի մեջ մեկնաբանը նշում է, որ Սոֆիի` ամեն բեմելուց ժողովուրդը նորություն է սպասում, ինչո՞ւ է նա երրորդ հորիզոնականում”,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց վարսահարդար, ոճաբան Անի Ավդալյանը: Հենց  վերը նշվածն էլ, Անիի խոսքերով, իրեն վրդովեցրել է. “Չեմ կարծում` Սոֆիի, Սիրուշոյի մակարդակը ներում է, որ երկու երգ չունեցող, համերգ չտված մարդկանց հետ հորիզոնականներ կիսեն: Ո՞վ է որոշում այդ հորիզոնականները.  կողմնապահություն են անում: Իսկ դա պայմանավորված է  նրանով, թե ովքեր են բարտերային կարգով աշխատում հեռուստաընկերությունների հետ: Տարիներ առաջ  մեկն, ով  նույն “Դար 21”-ով իմիջին վերաբերող հաղորդում էր պատրաստում, մեկ-երկու անգամ զանգահարել է ինձ... Բայց ես միշտ հրաժարվել եմ բարտերային գործարքներից. տասը տարի է` աշխատում եմ, երբեք թույլ չեմ տվել ոչ ինձ գովազդել, ոչ էլ  իմ` “Ani Style” սրահը, որ մոտ 6 տարի է` գործում է: Ինչին հասել եմ, աշխատանքիս շնորհիվ է”: Ani Avdalyan Անին, անդրադառնալով սանրվածքներին վերաբերող հիթ-շքերթին, նաեւ նշեց, թե “իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա է տարածվել”.  “Մեկնաբանը պատմում է, թե երգչուհիներից մեկն, ում ես սպասարկել եմ տարիներ շարունակ, իր սանրվածքի ոճը փնտրելիս աշխատել է շոու-բիզնեսում հայտնի վարսահարդար-ոճաբաններից մեկի հետ, բայց, երբ վերջինս սկսել է կրկնել երգչուհու` այցեքարտ դարձած սանրվածքներն ուրիշ արտիստների մազերի վրա, դրանից ելնելով` արդեն երգչուհին բարկացել է… Սուտ ինֆորմացիա են տարածում, իսկ շատ մարդիկ չգիտեն` Անին ինչպես է աշխատում”: “Բացի երգելուց գոյություն ունի կերպար հասկացությունը, այսինքն` մարդ սկզբում սիրում է աչքով, հետո` մնացած զգայարաներով: Չեմ ուզում անուններ տալ, բայց շատերի որակային կերպարն եմ ստեղծել, ամբողջն իմ երեւակայության արդյունքն է, ես էլ աշխատանքիս շնորհիվ եմ արդյունքի հասել. հեռուստաընկերություններում ոչ հորեղբայր եմ ունեցել, ոչ էլ` մեծահարուստ քեռի, ով ինձ կֆինանսավորեր:  Այս տասը տարվա մեջ 40 դիպլոմ եմ ստացել, ինչը նշանակում է` տարեկան մի քանի անգամ վերապատրաստվում եմ, որի համար էլ համապատասխան գումարներ եմ ծախսում”,- իր խոսքում պատմեց Անի Ավդալյանը: “Միշտ լռել եմ, չեն կարող ասել, որ այս տասը տարվա մեջ Անին ինչ-որ չափով մեծամտացել է, քննադատել  ինչ-որ մեկին, թեեւ ես որպես մասնագետ քննադատելու  իրավունք ունեմ, այնինչ հակառակն է ստացվում: Արածս նստած տեղը փորձում են նմանեցնել ինչ-որ գործերի, նույն` Սոֆիի բանտը, Սիրոշոյի սանրվածքները, ինչպիսիք ունենալու ցանկություն շատերն են հայտնում:  Ո՞վ իրավունք ունի ասել` այս սանրվածքը մեկ ուրիշին էլ արեցի. լավ եմ արել, դա իմ իրավունքն է, ո՞ւմ ինչ խնդիրն է”,- ասաց Անի Ավդալյանը` հավելելով. “Այս ամենը սկսվել է մոտավորապես նախանցյալ տարվա “Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից”` Սոֆիի բանտից, հետո նաեւ, երբ սկսեցին իմիջին վերաբերող հաղորդաշարեր թողարկել, կոնկրետ մարդկանց հետ աշխատել”: Sirusho & Ani Avdalyan Անին Bravo.am-ի հետ զրույցում նաեւ հետեւյալն ասաց. “Ուզում եմ խոսել “Դար 21”-ի կողմնապահ վիճակներից: Մարդիկ կան, որոնց հետ թե՛ բարտերով, թե՛ չգիտեմ ինչպես աշխատում են եւ մեզ անտեսում, բայց իրենց հաղորդաշարերի համար մեր արած գործն օգտագործում են: Օրինակ, այս տարի “Ազգային երաժշտական մրցանակաբաշխության” ժամանակ ինձ շնորհակալություն են հայտնել 3-4 երգչուհի, եթերով հնչել է միայն մեկի խոսքը: Ստացվում է, եթե մենք իրենց հետ նույն բարտերային կարգով չենք աշխատում, նշանակում է` վատն ենք, ու հնարավորինս չեն լուսաբանում եւ քննադատում են: Ես որպես մասնագետ կարող եմ բարձրաձայնել, որ գիտեք` ինչ կա, ձեր նույն հաղորդավարներն ու հաղորդավարուհիները իրականում իրենց կերպարով չեն համապատասխանում եթերին: Այդ ամենի մասին միշտ լռել ենք, չենք խոսել ու քննադատել”: Անին կողմ է, որ իրեն քննադատեն բարձրակարգ մասնագետները, նշում է` տաղանդավոր մարդու խորհուրդը կօգտագործի, բայց “իրեն դատում է մեկը, ում չի էլ ճանաչում”. “Հայաստանում առաջին ֆեշն-շոուն ես, Արեւիկ Սիմոնյանը, Արմինե Թադեւոսյանն ենք արել, 17-18 տարեկան էինք այդ ժամանակ, այդքան տեսահոլովակներ, ցուցադրություններ… Ամսագրերի առաջին շապիկներն ենք արել, այդ  նույն ամսագրերը, հայտնի դառնալով, այսօր քննադատում են մեզ: Տարիներ շարունակ լռել ենք, առաջին անգամ խոսում եմ Bravo.am-ի հետ: Երբեք չենք մեծամտացել ու այսքան գիտելիք ունենալով հանդերձ` չենք քննադատել այն մարդկանց, ովքեր դեռ ինքնաթիռ չեն նստել, որ տեսնեն` եվրոպացին ինչպես է հագնվում, առօրյան անցկացնում: Քննադատողները մեկ ամսագրից ինֆորմացիա ունեն, ես ամսական մոտ 20 հազար դրամի ամսագիր եմ գնում ու այդ ամենն անում եմ,  որ հետ չմնամ: Ոչ ոքի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել,  ոչ ոքի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել, թե կսպասարկեմ, փոխարենն ինձ շնորհակալություն հայտնեք եթերում: Չի եղել նման բան ու չի լինի, որովհետեւ ունեմ այն, ինչ մաքսիմումն եմ համարում այս քաղաքում: Կողմնապահ վիճակները հոգնեցնում են, չենք ասում՝ հորինեք. լուսաբանեք այն, ինչ կա”: “Դար 21”-ը պատասխանում է Անի Ավդալյանին “Դար 21” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Մենք ենք, մեր հայերը” ծրագրի խմբագրակազմը, օգտվելով պատասխանելու իր իրավունքից, նամակ է ուղարկել, որն էլ, հակադիր կողմի արտահայտվելու իրավունքը հարգելով, ներկայացնում ենք ամբողջությամբ. Hermine Stepanyan “Առհասարակ, ցանկացած թերթ, ամսագիր, ինտերնետ կայք եւ հեռուստաընկերություն իրավունք ունի ներկայացնել իր հիթ-շքերթը ցանկացած բնագավառում: Եթե խոսենք հայկական երաժշտական հեռուստաալիքի ամենառեյտինգային հաղորդաշարերից մեկի` “Մենք ենք, մեր հայեր”-ի մասին, ապա նախ նշենք, որ այն այս տարի նշում է իր 5-ամյակը եւ հանդիսանում է Հայաստանում առաջին նմանատիպ աստղային հիթ-շքերթը: 5 տարվա ընթացքում մենք անդրադարձել ենք ամենատարբեր թեմաների, եւ ամեն թեմա-հաղորդում ունեցել է իր դասավորվածության սկզբունքը: Օրինակ` “Ամառային արձակուրդներ” թեման դասավորվել է Google Earth համակարգչային ծրագրի օգնությամբ: Նշված ծրագրի օգնությամբ մենք հաշվել էինք, թե որ աստղն է Երեւանից ավելի հեռու կազմակերպել իր հանգիստը: “Շրջանառու անուններ” թողարկման ժամանակ հաշվի էինք  առել հայտնի ամսագրերի, պարբերականների, ինչպես նաեւ BRAVՕ.am-ի կարծիքը: “Գերազանցիկ աստղեր” թեմայում հաշվի էինք առել, թե ով քանի կարմիր դիպլոմ ունի: “Սանրվածք–այցեքարտ” թեմայում  հաշվի ենք առել վարսահարդարների, ոճաբանների, ինչպես նաեւ մեր խմբագրակազմի կարծիքը, ի դեպ, գնահատման սանդղակում գլխավոր առավելությունը տրվում էր այն աստղին, ով ավելի համարձակ է սանրվածքների հետ կապված իր  որոշումներում: Օրինակ, երրորդ եւ չորրորդ հորիզոնականները կիսում էին Սոֆի Մխեյանը եւ  Լիլիթ Հովհաննիսյանը, եւ չնայած Լիլիթի սանրվածքները, իրոք, այցեքարտ են դարձել իր համար, ինչպես նաեւ համարձակ սանրվածքները քանակական առումով գերազանցում էին Սոֆիի սանրվածքներին, բայց երրորդ հորիզոնականում հայտնվեց Սոֆին: Այդ հարցում որոշիչ դեր ունեցավ Սոֆի Մխեյանի մազերի գունափոխությունը կարեւոր միջոցառումից առաջ,  որը համարվեց էլ ավելի համարձակ քայլ, եւ նրան շնորհեց որոշիչ 1 միավորը, եւ հենց նա էլ բացեց լիդերների եռյակը: Անդրեն 2-րդ հորիզոնականում էր, քանի որ նա եղել է մշտական քննարկումների, ամենատարբեր սանրվածքների, համարձակ քայլերի առաջամարտիկ, եւ սրանով նաեւ ճանապարհ է հարթել շատ սկսնակ երգիչների համար, որ ոճի հետ կապված հարցերում լինեն համարձակ եւ անվախ: Էռնեստի պարագայում նրա գունավոր մազերը, իրոք, այցեքարտ են, եւ վստահ ենք, որ ոչ ոք չի զարմանա, եթե  Էռնեստին մեկ օր տեսնի, օրինակ,  կանաչ գույնի մազերով, եւ այդ պատճառով նրա ռիսկայնության ցուցանիշը այնքան բարձր էր, որ նա էլ արդարացիորեն գրավեց առաջին հորիզոնականը: Նաեւ ուզում ենք նշել, որ Երեւանում կան հազարավոր վարսավիրներ, ու մենք չենք կարող բավարարել բոլորի սպասումները, մանավանդ որ սա վարսահարդարների հիթ-շքերթ չէր”: Hermine Stepanyan “Մենք ենք, մեր հայերը”-ի խմբագրակազմը, անդրադառնալով Անիի այն մտքին, թե հաղորդման շրջանակներում սուտ տեղեկատվություն է տարածվել, (“Մեկնաբանը պատմում է, թե երգչուհիներից մեկն, ում ես սպասարկել եմ տարիներ շարունակ, իր սանրվածքի ոճը փնտրելիս աշխատել է շոու-բիզնեսում հայտնի վարսահարդար, ոճաբաններից մեկի հետ, բայց, երբ վերջինս սկսել է կրկնել երգչուհու` այցեքարտ դարձած սանրվածքներն ուրիշ արտիստների մազերի վրա, դրանից ելնելով` արդեն երգչուհին բարկացել է…”,-Անի Ավդալյան), գրում է.  ““Աստղային սանրվածք-այցեքարտեր” հաղորդման մեջ այս տեքստը հնչել է 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Լիլիթ Հովհանիսյանի մասին պատմվող տեքստում,  վարսահարդարի անունը երգչուհին չի նշել, ուստի մենք չգիտենք` ում մասին է նա խոսել: Եթերում նույնպես անուն չենք հնչեցրել. պահպանվել են էթիկայի բոլոր նորմերը,  այլ բան ասել չենք կարող: Միգուցե վարսահարդարը անձնական խնդիրներ ունի երգչուհու հետ, ցավոք, ոչնչով օգնել չենք կարող”: Անիի այն կարծիքին, թե “Դար 21”-ը կողմնապահ մոտեցում է դրսեւորում, “Մենք ենք, մեր հայեր”-ը պատասխանում է.  “Հաղորդման մեջ որպես էքսպերտ հանդես է եկել վարսահարդար, ոճաբան Մագդա Խաչանյանցը: Խնդրեմ, (010) 561605 հեռախոսահամարը այն սրահինն է, որտեղ եւ աշխատում է Մագդան, կարող եք զանգահարել եւ պարզել` ինչ սկզբունքով է նա նկարահանվել: Ամփոփելով մեր խոսքը` ուզում ենք նշել որ, առաջինը`  չենք ընդունում հայկական շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների մակարդակը որոշող վարսավիրների կարծիքը, եթե նա չի հասկանում, որ սանրվածքների մասին ծրագրում կարեւորը ոչ թե երգչի երգերի քանակն է, այլ` մազերն ու սանրվածքները: Երկրորդ`  “Դար 21” հեռուստաընկերությունը երբեւէ բարտեր չի առաջարկել Անի Ավդալյանին, առաջարկել է համագործակցություն` ժամանակին եթեր հեռարձակվող “Իմիջ կոդ” ծրագրի շրջանակներում: Դա նույնպես վարսավիրի խնդիրն է, եթե համագործակցությունը հասկացել է որպես բարտեր: Երրորդ` Անի Ավդալյանի` իր  40 դիպլոմների մասին հիշատակելը մեզ մեկ անգամ եւս հիշեցրեց մի կարեւոր դեպք. 2 տարի առաջ Փարիզում տեղի ունեցած “OMG Paris Cup 2009” վարսահարդարման մրցույթում մեր մեկ այլ հայրենակից արժանացել էր առաջին հորիզոնականին, իսկ Անի Ավդալյանը` 10-րդ:  Վարսահարդարի ինքնահաստատմանը նպաստելու նպատակով եւ իր իսկ անմիջական միջամտություն-խնդրանքով` մեր եթերից բացառության կարգով հանվեց այդ մրցույթի մասին պատմող ռեպորտաժի մի հատված, որտեղ OMG-ի կայքից պարզ երեւում էր, որ Անին գրավել է 10-րդ տեղը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Անիի հանդեպ “Դար 21”-ը բարյացկամ է: Եվ վերջում, շնորհակալություններին կարոտ վարսահարդարին խնդրում ենք սեփական սրահում անընդհատ պտտել բոլոր հաճախորդների շնորհակալական խոսքերի վիդեո-տարբերակը. հեռուստատեսությունը շնորհակալություններ հեռարձակելու պարտավորություն իր ուսերին չի վերցրել”: Անի Ավդալյանը պատասխանում է  “Դար 21”-ին “Դար 21” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Մենք ենք, մեր հայերը” ծրագրի խմբագրակազմի ուղարկած նամակում նշվում է  2 տարի առաջ Փարիզում տեղի ունեցած “OMG Paris Cup 2009” վարսահարդարման մրցույթում Անի Ավդալյանի` 10-րդ հորիզոնականում հայտնվելու, այնուհետեւ “Դար 21”-ով հեռարձակվող` այդ մասին լուրը հանելու միջամտություն-խնդրանքով հանդես գալու մասին: “Մեր եթերից բացառության կարգով հանվեց այդ մրցույթի մասին պատմող ռեպորտաժի մի հատված, որտեղ OMG-ի կայքից պարզ երեւում էր, որ Անին գրավել է 10-րդ տեղը”,- նշված է “Մենք ենք, մեր հայեր”-ի նամակում: Վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանի` այս առիթով պատասխանը եւս ներկայացնում ենք` հակադիր կողմերի արտահայտվելու իրավունքը  հաշվի առնելով.  “2009 թվականին իմ ընկերներից Արայիկը, ով վարսավիրական ապրանքների խանութ ունի, խնդրեց օգնել իրեն` մրցույթին մասնակցելու: Իմ պատասխանը, միանշանակ, դրական էր: Նշեմ, որ Արայիկը մասնագետ չէ: “First” բացօթյա սրճարանում ես երկու էսքիզ նկարեցի իր եւ մեր մյուս ընկերոջ համար, ում դեսպանատունը մերժեց: Սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, իհարկե, ինչ անհրաժեշտ էր այդ աշխատանքի համար, Արայիկն էր տրամադրում, բայց գունային համադրությունը, ձեւը, սանրվածքը, նույնիսկ հագուստը պատրաստել եմ իմ ձեռքերով իմ սրահում: Մեկնեցինք Փարիզ, եւ ես իմ ընկերուհուն խնդրեցի մոդել լինել այդ երկրորդ կերպարի համար, իսկ ինձ իմ ստեղծած կերպարի համար անհրաժեշտ էր սեւամորթ մոդել: Մոդելս մինչեւ մրցույթի վերջին մեկ ու կես ժամը չկար, իսկ երբ եկավ, տեսա, որ նա ոչ թե սեւամորթ է, այլ ուղղակի ցորենամաշկ: Այդպիսով, ոչինչ էլ չհասցրի, կերպարն էլ կիսատ էր, եւ ես զարմացա, որ նույնիսկ 10-րդ տեղը տվեցին, քանի որ մրցույթի ժյուրիի կազմում եղել եմ, ինքս  չէի տա նման դեպքում: Այդքանից հետո գալիս ենք Երեւան, եւ հենց “Դար 21”-ով ասվում է, որ Արայիկը գրավել է առաջին հորիզոնականը` առանց նշելու, որ ես դրանում որեւէ կապ ունեմ, ես էլ, դա տեսնելով, ասացի` եթե վերջինս եւս մեկ անգամ եթեր տան, այլ հեռուստաալիքներով բոլորին կպատմեմ ճշմարտությունը: Ինչից հետո նրանք հաղորդումը մոնտաժեցին: Հաջորդ խնդիրը` ծրագրի խմբագրակազմն ինձ չհասկացող է անվանել, այնինչ անձնական վիրավորանք հնչեցնելու իրավունք չունեն, մանավանդ, որ ես չեմ վիրավորել իրենցից եւ ոչ ոքին, ուղղակի իմ դժգոհությունն եմ հայտնել: Այդքանն էլ հերիք չի, ինձ իմ կոլեգայի դեմ են ուղղում` իր հեռախոսահամարը նշելով. այդպես փորձում են ինքնապաշտպանվել: Իսկ ինչո՞վ է պայմանավորված Սիրուշոյի` 5-րդ հորիզոնականում հայտնվելը: Նաեւ նշեմ, որ դիպլոմներիցս 30-ը սովորելու համար եմ ստացել, ոչ թե մրցույթներին մասնակցելու”: Ներկայացնում ենք “Մենք ենք, մեր հայերը” ծրագրի խմբագրակազմի` “Մազի խնդիր” հոդվածի համատեքստում վերջնական պատասխանը. “Դար 21”-ը այլեւս հարկ չի համարում պատասխանել վարսավիր Անի Ավդալյանին: Շարունակեք դիտել ամենահետաքրքիր հիթ-շքերթները` “Մենք ենք, մեր հայեր”-ի շրջանակներում: Շնորհակալություն”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Անի Ավդալյանի, “Մենք ենք, մեր հայերը հաղորդաշարի եւ հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW