HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը Սեւանում նշվեց առագաստանավի տարեդարձը 9-րդ դարում չենք, Սեւանն էլ նախկինը չի, թեեւ հիմա էլ պակաս գեղեցիկ չէ, Աշոտ Երկաթ թագավորն էլ երեկ չկար, որ տեսներ` իր ժամանակներից հայտնի նավատիպով ինչպես ենք նավարկում լճում:): “Նաիրի”-ն սեւանյան պատմական առագաստանավ է, որի մասին իր աշխատություններում առաջինը հիշատակել է 9-10-րդ դարերի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Նավատեսակը “Այաս”-ն է վերականգնել` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” հետ համատեղ: Սեպտեմբերի 5-ին “Նաիրի”-ն Սեւանա լիճը շատ անգամներ “կտրեց”. առանց նավարկության առագաստանավի տարեդարձ չեն նշում:): Նավակը օծվել, անվանակոչվել ու առաջին անգամ ջրարկվել է 2008 թվականի օգոստոսի 23-ին, հանդիսանում է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի”-ի կապիտալն, ու վերջինի աշխատակիցները իրենց սիրելի նավակին երեկ “Ծնունդդ շնորհավոր” ասացին:): Մեղավորը “Կիլիկիա”-ն էր:) “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մարկետինգի բաժնի կառավարիչ Մարիամ Ադամյանը Bravo.am-ին պատմեց` 2007 թվականին դիմել են “Այաս” ծովային հետազոտությունների ակումբին, բայց այլ հարցով:). “Ցանկանում էինք “Կիլիկիա” նավը դնել մեր “Պլատինում” քարտի վրա: Համաձայնեցին, նաեւ մի առաջարկ եղավ վերականգնել հայկական հին, սեւանյան ձկնորսական նավակները: Երազանքն անիրականանալի թվաց, բայց գաղափարը մեզ շատ դուր եկավ, որոշեցինք ֆինանսավորել նախագիծը, ու առաջին նավակը սկսեցին կառուցել: Ընդամենը 3 մլն դրամ ենք հատկացրել, որ, կարծում եմ, իրեն լրիվ արդարացրել է”: Սեւանի ճերմակ երազանքը “Նաիրի”-ն սոճու փայտից է, “Այաս”-ը հնարավորին չափ պահպանել է նախատիպի տեսքն ու կառուցման նյութերը: Ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, “Կիլիկիայի” նավապետ Կարեն Բալայանը հույս ունի, որ այս նավատեսակը կդառնա Սեւանի խորհրդանիշը.“Եթե Կիլիկիան դրսի համար է, սա միայն Սեւանի համար է նախատեսված: Շատ գեղեցիկ, ճերմակ երազանքի նման մի բան է այս առագաստանավը: Նախագիծը վաղուց կար, “Այաս”-ը 25 տարվա ընթացքում մեծ հետազոտական աշխատանք է կատարել, վերականգնել ենք 26 նավատեսակ, որ գոյություն ունեին պատմական Հայաստանում”: Սեւանի ավանդական նավատորմի հիմքը դրված է, մնում է` նավակները շատանան:) Նավապետը Bravo.am-ին ասաց` նպատակ ունեն մոտ տասը նման նավակ կառուցել ու ռեգատներ կազմակերպել: “Մշակութային եւ սպորտային նշանակություն ունեն նավակները: Եթե մենք կառուցենք ժամանակակից առագաստանավեր եւ մրցում կազմակերպենք, սովորական բան կլինի, բայց երբ դու կառուցում ես ավանդական նավակ, դա բոլորին է հետաքրքրիր, էկզոտիկ է ու այդ մասին ոլորտի ամենահարգի ամսագրերում գրվում է: Շատ մեծ առավելություն ունեն նավակները. անձնակազմը 7-8 հոգի է, որից պարտադիր երկուսը պետք է մասնագետ լինեն, մնացածը` սիրողներ: Դա հնարավորություն կտա այդ սիրողներին ընդգրկել պրոցեսի մեջ, կարող է իրենք էլ վարակվեն, սկսեն պարապել եւ առագաստանավորդներ դառնան”,- ասաց Կարեն Բալայանը: HSBC-ի աշխատակիցները նավաստի են դարձել “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” աշխատակիցները երեկ ամբողջ օրը ծովայիններ Կարեն Բալայանի եւ Կարեն Դանիելյանի գլխավորությամբ “Նաիրի”-ով Սեւանի կապույտի մեջ “խորացան”:) Նրանցից 10-ը “Այաս” ակումբի անդամ են դարձել: “Ցանկացած բան բանկն աշխատում է այնպես կազմակերպել, որ աշխատողներն էլ մասնակցություն ունենան: “Նաիրի”-ն սիրվեց հասարակության եւ մեր աշխատակիցների կողմից: Նրանցից մի քանիսը նավաստի են դարձել, ամեն շաբաթ-կիրակի նավարկում են, համ իրենք են սովորել նավին, նավն էլ` իրենց”,- ասաց մարկետինգի բաժնի կառավարիչ Մարիամ Ադամյանը: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” “Նաիրի”-ի նկարով քարտ չունի, բայց չի բացառվում, որ հետագայում կօգկտագործեն. բանկի խորհրդանիշն է դարձել: Ցանկացողները կարող են նավարկության դուրս գալ “Նաիրի”-ով, մրցումներին մասնակցել, “Այաս”-ի նախագահը նշեց` մի խումբ է դիմել հաշմանդամ երեխաների համար մրցումներ անցկացնելու համար, ակումբն ու բանկը սիրով համաձայնել են: Խրախուսելի կլինի` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը”-ից այլ ընկերություններ էլ ոգեւորվեն ու նման նավակների կառուցումը ֆինանսավորեն: Նավապետ Կարեն Բալայանը կենաց ասաց, “Նաիրի”-ի տարեդարձը շնորհավորեցին, իսկ տոնական տորթը հենց առագաստի տեսքով էր:): Նավարկությունները Սեւանում կշարունակվեն մինչեւ հոկտեմբեր, հասցրեք վայելել:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: