8-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է Երեւանյան “Ոսկե ծիրան”-ը երեկ բացվել է: 8-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը “Մոսկվա” կինոթատրոնում էր: Կինոաշխարհի անվանի ներկայացուցիչներն անցան կարմիր գորգով` Երվանդ Երզնկյանի ղեկավարած նվագախմբի հնչեցրած ջազի ներքո: “Ոսկե ծիրան’’ կինոփառատոնը երեւանցիների կյանքը դարձնում է հետաքրքիր` հոտ եւ բուրմունք հաղորդելով մեր քաղաքին: Այլեւս անհնարին է պատկերացնել երեւանյան շոգ ամառը առանց այս մշակութային միջոցառման: Միջազգային փառատոնի օրերին մեր քաղաքը ապրում է այլ տրամադրությամբ: Երեւանցիները մոռանում են իրենց հոգսերն ու զբաղվում փառատոնի խիտ միջոցառումներով: Սա ոչ թե BRAVO.am-ի, այլ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն են, ով ողջունեց դահլիճում ներկա հյուրերին:): “Ոսկե ծիրան”-ի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, փառատոնի գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանին եւ 46 երկրից ժամանած բոլոր հյուրերին: “Շատ երկար տեքստ էի պատրաստել` ասելու, բայց գիտեմ, որ այնքան արագ եմ խոսում, որ ոչ ոք ոչինչ չի հասկանում:): Կարճ խոսելով` կասեմ, որ ամեն անգամ “Ոսկե ծիրան’’ կինոփառատոնի մեկնարկի հետ մեկտեղ սկսում ենք հաջորդ փառատոնի պատրաստությունները: Այսօր դահլիճում նստելու տեղ չկա, շատերը ոտքի վրա են: Հուսով եմ, որ հաջորդ տարի կինոկենտրոն կունենանք, որ 1500 մարդ կտեղավորի… Կարծես` վարչապետը շատ գաղտնի ժպտաց:)”,- ասաց Հարություն Խաչատրյանը: Փառատոնի բացման արարողությանը ներկա էր հռչակավոր ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ում մասին արդեն պատմել ենք: “Հայաստանը ինձ համար միշտ վիպական է եղել: Եթե կա մի երկիր, որ պետք է մեծ փառատոն ունենա, ապա դա հենց Հայաստանն է, որովհետեւ այն գտնվում է Արեւելքի, Արեւմուտքի եւ այլ մշակույթների հանգույցում եւ ունի այնպիսի պատմություն, որ անհնար է կինոյով չհետաքրքրվի’’,- ասաց դերասանուհին: Այս տարի “Ոսկե ծիրան” 8-րդ երեւանյան կինոփառատոնին ավելացել է մրցութային նոր ծրագիր` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի “Կորիզ” խորագրով մրցույթը: “Կորիզ”-ում 135 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել է 25-ը 18 երկրից: Մրցութային այս ծրագրում ներկայացվող ֆիլմերի միջոցով երիտասարդ ռեժիսորները փորձում են ստեղծել ապագայի կինոյի տեսակն ու ձեւավորել ժանրային առանձնահատկությունները: 7 օր տեւողությամբ կինոփառատոնի շրջանակներում շատ պրեմիերաներ են սպասվում: Այսպիսով, երկար բանակցություններից հետո այս տարի երեւանյան պրեմիերաների շարքում կներկայացվի Կանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին` “Ոսկե արմավենու” արժանացած հռչակավոր ռեժիսոր Տերենս Մալիկի “Կենաց ծառ” ֆիլմը: Երեւանյան պրեմիերաների շարքում ներառված է նաեւ ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի “Մելանխոլիա”-ն: Այս ֆիլմը մրցանակի արժանացավ Կանի փառատոնում` չնայած ռեժիսորի սկանդալային պահվածքին: Պրեմիերաների շարքում թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ կներկայացնի իր՝ Կանի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր “Մի անգամ Անատոլիայում” ֆիլմը: “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթում է Բեռլինի կինոփառատոնի “Ոսկե արջ” մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի “Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն” ֆիլմը: Երեկոյին դահլիճում ներկա էր նաեւ հանրահայտ իրանցի ռեժիսոր Աբբաս Քիառոստամին, ում ֆիլմը բացեց 8-րդ միջազգային փառատոնի կինոդիտումները: “Իսկապես մեծ հաճույքով եմ այցելել Երեւանը ու շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Հայերին վաղուց` փառատոնի մեկնարկից առաջ էլ ճանաչում էի’’,- ասաց Աբբաս Քիառոստամին: Ի դեպ, հանրահայտ հյուրերից են նաեւ հունգարացի ռեժիսոր Բելա Տարը, ում հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի հետ: Անվանի ռեժիսորի երեւանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն “Նզովք”, “Լոնդոնցի մարդը” եւ “Թուրինյան ձի” ֆիլմերը: Բեռլինում “Թուրինյան ձի”-ն ներկայացնելով եւ “Արծաթե արջ” մրցանակին արժանանալով՝ Բելա Տարը հայտարարել է համաշխարհային կինոյից հեռանալու մասին: “Ոսկե ծիրան” 8-րդ միջազգային կինոփառատոնն իր թեժ ընթացքի մեջ է: Ի դեպ, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է` բանակցություններ են վարում անվանի ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշի հետ, եւ շատ հնարավոր է, որ հենց նա իր այցով զարդարի 9-րդ “Ոսկե ծիրանը”: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: