Հայտնի դարձավ նախագծի հաղթողը :) “So you think you can dance” ամերիկյան նախագծի “Պարիր, թե կարող ես” հայկական տարբերակը արդեն հինգ ամիս “Շանթ” հեռուստաընկերության եթերում էր: Հունվարի 23-ին տեղի ունեցավ նախագծի եզրափակիչը: Հինգ ամիս շարունակ թեժ մրցակցության շնորհիվ դիտումների փուլում ընտրված 20 լավագույն մասնակիցներից եզրափակչում հայտնվեցին չորսը` Դինան, Դիանան, Գարիկը եւ Հայկը: Հաղթողի համար “Շանթ” հեռուստաընկերությունը սահմանել էր “Daewoo Matis” մակնիշի ավտոմեքենա: Իսկ թե ով դարձավ նախագծի հաղթողը, կիմանաք քիչ անց :): “Շանթ” հեռուստաընկերությունը ձեռք է բերել նախագծի “Պարիր, թե կարող ես” հայկական տարբերակը ցուցադրելու իրավունքը 2010 թվականի հուլիսին` “19 entertainment” ընկերությունից: Այս նախագիծը ամերիկյան “American Idol”, այսինքն` հայկական, ձեզ արդեն հայտնի “Հայ Սուպերսթար”-ից հետո աշխարհում համարվում է 2-րդ ամենահայտնի ու ռեյթինգային հեռուստաշոուն: Նախագծի առանձնահատկությունն այն է, որ պրոֆեսիոնալ պարողները մրցում են տարբեր ոճերում, անկախ նրանից, թե որ ոճում են նրանք մասնագիտացած: Նախագծի ժյուրիի անդամներն էին ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային բալետի գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը, ով նաեւ նախագծի գեղարվեստական ղեկավարն էր եւ պրոդյուսերը, Գագիկ Կարապետյանը, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի մենապարուհի Ժակլին Սարխոշյանը, սպորտային պարերի մրցավար Վարդուհի Ալեքսանյանը եւ ընթացքում հրավիրված տարբեր ժյուրիի անդամներ: Սակայն հաղթողին ընտրեց հեռուստադիտողը::) Մինչ հաղթողի անունը հնչեցնելը եզրափակիչ շոուն բացեցին այս հինգ ամիսների ընթացքում մասնակիցների հետ աշխատած պարուսույցները, ովքեր այսքան ժամանակ ստվերում էին գտնվել եւ ներկայացրեցին մի շքեղ բեմադրություն: Հաղորդավար Գրիշա Աղախանյանը հետաձգում էր հաղթողի անունը հնչեցնելու պահը` ավելի թեժացնելով իրավիճակը: Եվ այսպես, հայ հեռուստադիտողին հնարավորություն ընձեռվեց քվեարկության շնորհիվ ընտրել իր ամենասիրելի պարողին: Հաղթող ճանաչվեց եւ ավտոմեքենան վարելու իրավունք ստացավ Հայկը: Նրան կարելի է ֆենոմեն համարել պարային աշխարհում: Հիմա ասեմ, թե ինչու: 28-ամյա Հայկը մանկուց կորցնելով լսողությունը`արդեն 15-տարի է, ինչ պարում է բրեյք դենս եւ հիփ-հոփ ոճերում, նաեւ դասավանդում է թե լսող, եւ թե լսողական թերություններ ունեցող երեխաներին: Չնայած բոլոր մրցակիցների ակնհայտ մասնագիտական հմտություններին, շատերի սիրտը հենց Հայկի համար էր ցավում: “Երբ հինգ ամիս առաջ եկա մասնակցելու, այնքան շատ էին մասնակիցները, որ մտածում էի` տեսնես կկարողանամ հաղթել: Հաղթանակի կամ մեքենայի մասին չէի մտածում, ուղղակի ուզում էի ցույց տալ, որ կարող եմ պարել: Շատ էի պարապում, նեղ ուղիներով էի անցնում: Շատ էի հուզվում, երբ իմ ընկերները դուրս էին մնում հետագա պայքարից, իրոք շատ դժվար էր: Անակնկալի եկա, երբ ասացին, որ ես եմ հաղթողը, մերսի բոլորին”,- իր տպավորություններով Bravo.am-ի հետ կիսվեց Հայկը: Հուզված էին բոլորը, թե հաղթողի անունը իմանալու համար, թե այն փաստից, որ նախագիծը մոտեցավ իր ավարտին: Գրիշա Աղախանյանը եւս խոսեց իր տպավորությունների մասին. “Մեծ բավականություն ստացա նախագծից: Ես լավ եմ ինձ զգում նմանատիպ ֆորմատի նախագծերում: Հաջողության գրավականներից մեկն այն էր, որ մասնակիցներն էին շատ լավը ու համով, նրանց հետ հեշտ էր աշխատել: Լիովին գոհ եմ ու երբեք չեմ փոշմանի, որ վարել եմ հաղորդումը: Եթե առիթ ընձեռվի ու նորից հրավեր ստանամ վարելու հաջորդ նախագիծը, հաստատ կհամաձայնեմ”: Ի դեպ, բացենք մի փոքրիկ գաղտնիք. նախագիծը շարունակական բնույթ է կրելու եւ արդեն իսկ “Պարիր, թե կարող ես - 2” հաղորդմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցման հայտ ներկայացնել: Ինչպես նշեց նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը, այն մեծ ցատկ էր պարային իրականության մեջ, ու չնայած մասնակիցների պրոֆեսիոնալ լինելուն, նրանք նաեւ մասսայական ճանաչում ստացան եւ սիրվեցին Հայաստանում եւ արտերկրում: Պրոդյուսերը նաեւ խոստացավ, որ արդեն սիրված մասնակիցներին տեսնելու առիթ հաստատ կընձեռվի: Դե ինչ, սպասենք մեր սիրելի պարողների հետագա ելույթներին::) Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: