×


«Այլկերպիկ»` նոր խաղ երեխաների ժամանցի եւ զարգացման համար

Շաբաթ օրը «Դալմա Գարդեն Մոլի» Կանաչ գոտում ուրախ իրարանցում էր եւ տոն երեխաների համար: «Այլ կերպ» եւ «Մի շնչով» հայկական սիրված ինտելեկտուալ խաղերի հեղինակները ներկայացրին թիմային մանկական նոր խաղ՝ «Այլկերպիկ»-ը: «Այլկերպ» ընկերությունը խաղի շնորհանդեսը կազմակերպել էր «Բուկինիստ» գրախանութի հետ համատեղ:

«Այլկերպիկ» խաղի հեղինակներ Անահիտ Հակոբյանը եւ Սոֆյա Խաչատրյանը՝ շնորհանդեսի մասնակիցների հետ


«Այկերպիկ»-ը նախատեսված է երկու տարբեր տարիքային խմբերի համար: Շնորհանդեսին անցկացվեց խաղի առաջին մրցաշարը 4-ից 7 եւ 8-ից 14 տարեկան երեխաների միջեւ: Միջոցառման փոքրիկ մասնակիցները փորձեցին խաղալ «Այլկերպիկ»-ն ու տարբեր նվերներ ստացան:

«Այլկերպիկ»-ն իր բնույթով ու բովանդակությամբ ոչ միայն ժամանցային, այլեւ ուսուցողական խաղ է, որը զարգացնում է տրամաբանությունը,  երեւակայությունը, բանավոր խոսքը, մտքի ճկունությունը, նաեւ մարզում հիշողությունը:

«Այլկերպիկ» խաղի շնորհանդեսին


«Երբ նախաձեռնեցինք սեղանի ինտելեկտուալ խաղերի արտադրությունը, մեր նպատակն էր ոչ միայն ժամանց ապահովել, այլ ուզում էինք գրական հայերենն ավելի կիրառելի դարձնել առօրյայում: Քանի որ փոքրիկներն են հայերենի կրողներն ու պահպանողները, մտածեցինք, որ նրանց համար էլ պիտի խաղ մտածենք», - նշեց խաղի համահեղինակ Անահիտ Հակոբյանը:
   
Խաղը բաղկացած է 200 երկկողմանի քարտերից՝ նկարներով եւ բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերովը՝ 8-14: Ի դեպ, «Այլկերպիկ»-ի նկարներով քարտերը կարելի է օգտագործել երեխային նոր բառեր սովորեցնելու եւ տեսաճանաչողական ընկալումները զարգացնելու նպատակով:

«Այլկերպիկ» խաղի շնորհանդեսին


«Շատ էինք մտածում, թե ինչպես կստացվի փոքրիկների համար նախատեսված խաղը, որովհետեւ մեծերինի դեպքում ինքներս էլ խաղում ենք ու կարող ենք հասկանալ թերությունները: Երեխաների խաղի դեպքում ավելի դժվար էր, որ նախ` հավանեն ու սիրեն, երկրորդն էլ` ուսուցողական բնույթ ունենա: Երկար ենք աշխատել այս արդյունքին հասնելու համար, կարծում եմ՝ ստացվել է»,-նշեց խաղի համահեղինակ Սոֆյա Խաչատրյանը՝ հավելելով, որ «Այլկերպիկ»-ը ստեղծելիս համագործակցել են հոգեբանների, Լեզվի տեսչության մասնագետների հետ:

Ընկերության հիմնադիրները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ մեծերի համար նախատեսված արդեն նոր խաղի գաղափարներ ունեն, որը կներկայացնեն առաջիկայում:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW