×


Նիկոլայ Ավետիսյանի ամառը. արեւ, ծով, կին, սուրճ, Արարատ, երաժշտություն

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Նիկոլայ Ավետիսյանն ամռանը, ինչպես պարզել է BRAVO.am-ը, ձանձրանալու ժամանակ չի ունեցել. Լոռիում նկարահանվել է «Մանյունյա. Բայի մանկությունը» սերիալում, երեւանյան իր տան պատշգամբից վայելել Արարատի տեսարանը, կնոջ հետ հանգստացել Միջերկրական ծովի ափին ու Մոցարտ լսել: 

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։

- Չեմ կարող ասել, թե ամառն իմ սիրելի եղանակն է, բայց միեւնույն ժամանակ չեմ էլ կարող այն չսիրել։ Ամառն ինձ վերադարձնում է մանկություն՝ Զանգվի ձորի հիշողություններ, ընկերներ, անհոգ խաղեր, ուրախություն ու ազատություն։ Այդ զգացողություններն այնքան խորն են, որ նույնիսկ եթե եղանակն իմ ֆավորիտը չէ, այն անբաժան կապ ունի իմ կյանքի ամենաթեթեւ եւ ջերմ փուլերից մեկի հետ։

- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։

- Քանի որ 16 տարեկանից աշխատում եմ թատրոնում, ամառն ինձ համար տարվա միակ հարաբերականորեն հանգիստ շրջանն է։ Օգոստոսին փորձում եմ լիովին վայելել եղանակը։ Այդ ժամանակ ավելի շատ նվիրվում եմ իմ «երաժշտական կողմին»։ Մեր տան պատշգամբից բացվում է տեսարան դեպի Արարատը, եւ իմ ամառային սովորույթներից մեկն է՝ սուրճ, Արարատ, երաժշտություն։

Նիկոլայ Ավետիսյանը՝ Կիրպոսում


- Ինչպե՞ս է ամառը ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։

- Թատրոնում աշխատանքային գրաֆիկը տարվա եղանակից կախված չէ, բայց կինոյի ու սերիալների ոլորտում իմ ամենաակտիվ շրջանը հենց ամառն է։ Եթե տարվա 9 ամիսը բեմին եմ, ապա 3 ամիսը նվիրում եմ տեսախցիկին։ Դա բերում է ստեղծագործական նոր հոսք ու էներգիա։

- Ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք։

- Ամենակարեւոր սիրո պատմությունը սկսվել է ոչ թե ամռանը, այլ՝ սեպտեմբերին, բայց այնուամենայնիվ, տաք օրերին։ Կնոջս հանդիպեցի աշնան առաջին ամսին, եւ եթե սեպտեմբերը համարենք ամռան շարունակություն, կարող եմ ասել՝ իմ կյանքի ամենակարեւոր շրջադարձը տեղի ունեցավ տաք եղանակին։

- Ինչպիսի՞ն է տաք եղանակին ամուսնանալու առավելությունը։

- Մարդիկ ավելի ուրախ են՝ պայմանավորված արեւոտ եղանակով։ Հարսանիքը կարելի է կազմակերպել ինչպես բացօթյա, այնպես էլ փակ տարածքում: Իսկ հագուստի ու տրամադրության ազատությունը լրացուցիչ հաճույք է։

- Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կտանեիք Ձեզ հետ։

- Կտանեի ծխախոտ եւ գեղեցիկ զգեստ՝ կնոջս համար։ Նա միշտ պատրաստ է ինձ համար գեղեցկանալ, եւ դա ինձ համար արժեքավոր մանրուք է։

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։

- Ծովափ, երաժշտություն, լավ սնունդ, ալկոհոլ, հանգստություն։ Ես ու կինս սիրում ենք ամառներն անցկացնել արտերկրում՝ ազատության զգացումը լրիվ այլ է։

Նիկոլայ Ավետիսյանը՝ Կիրպոսում


- Ամառային ի՞նչ արկած կուզեիք ապրել։

- Հավանաբար, երկար ճանապարհորդություն, որի ընթացքում մենք լիովին կբացահայտենք միմյանց։ Չնայած՝ ամուսնացած ենք, մեր խիտ գրաֆիկները հաճախ չեն թողնում իրար լիարժեք ժամանակ հատկացնել:

- Ինչպե՞ս է ամառն ազդում սիրելու կամ սիրահարվելու վրա։

- Անձամբ ինձ համար եղանակը նշանակություն չունի։ Սիրահարվելու համար բավական է պարզապես նայել մարդու աչքերին։

- Ո՞րն է եղել Ձեր անմոռանալի համբույրը։

- Կնոջս հետ մեր առաջին համբույրը Մանկական այգում այդպիսիններից մեկն է։

- Ինչպե՞ս էիք անցկացնում ամառները մանկության տարիներին։

- Ամառները նշանավորվում էին Զանգվի ձորում անցկացրած օրերով։ Մենք սղում էինք «սղիկից», լողում առուներում, խաղում մինչեւ ուշ գիշեր։ Այնպիսի բաներ էինք անում, որոնք հիմա ծնողների համար գուցե էքստրիմ թվան, բայց մեզ համար դրանք սովորական ու երջանիկ օրեր էին։

- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը: 

- Առաջարկ ստացա նկարահանվել ռուսական շուկայի համար նախատեսված «Մանյունյա. Բայի մանկությունը» սերիալում։ Իմ առաջին գլխավոր դերն է նմանատիպ նախագծում, եւ լեզվական մարտահրավերն ամենահետաքրքիր փորձառություններից էր։

- Ամառային սիրելի ուտելիքները։

- Դասական՝ ձմերուկ, պանիր, հաց։ Բայց նաեւ սիրում եմ պատրաստել հայկական ուտեստներ՝ ձվով, լոլիկով ու բաստուրմայով տարբերակներ, հայկական սենդվիչներ, տոստեր։ Մեր սրճարանում՝ «Կոնդի հայաթ»-ում, հաճախ խոհանոցն ամբողջությամբ ինձ վրա է մնում։

- Որտե՞ղ խորհուրդ կտաք այցելել ամռանը Հայաստանում։

- Այս տարվա բացահայտումս Լոռին էր։ Այնտեղ նկարահանվում էր ֆիլմը, եւ ես նորովի գնահատեցի բնությունը, օդը եւ մարդկանց ջերմությունը։

- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակը։

- Պետք է անկեղծ լինեմ՝ այս փուլում մարզավիճակիս բավարար ժամանակ չեմ հատկացնում, բայց ձգտում եմ առողջ ապրելակերպին։

- Ի՞նչն է ամռանը Ձեզ ամենաշատը ոգեշնչում։

- Արեւը, ուրախ մարդիկ ու հանգստի հնարավորությունը։

Նիկոլայ Ավետիսյանը եւ Կարինե Տերտերյանը՝ Կիպրոսում


- Ինչպե՞ս է անցնում Ձեր կատարյալ ամառը։

- Կնոջս հետ՝ ծովի ափին։ Առանց ճոխությունների, բայց լիարժեք ներկայությամբ։

- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են։

- Շատ դժվար է համատեղել։ Թատրոնը զբաղեցնում է տարվա մեծ մասը, իսկ ամառային կարճ արձակուրդը նվիրում եմ կինոյին։

- Որտե՞ղ եք անցկացրել Ձեր հանգիստը: 

- Կիպրոսում՝ Այիա Նապայում: Արեւ, ծով եւ կին։

- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս ընթացքում:

- Գիրք կարդալ, ֆիլմ դիտել եւ հանգստանալ։

- Ինչի՞ բույրն առնել:

- Ծովի, Հայաստանի մաքուր օդի եւ կնոջս բույրը։

- Ի՞նչ շոշափել։

- Խոտերի վրա ոտաբոբիկ քայլել, զգալ բնությունը։

- Ի՞նչ դիտել։

- Այն ֆիլմերը, որոնք սիրում ես, բայց երկար ժամանակ չես դիտել։ Վերջերս վերադարձա Տարանտինոյի ֆիլմերին։ Դերասանի համար ֆիլմ դիտելը նաեւ տնային աշխատանք է։

- Ի՞նչ կարդալ։

- Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը»։ Թող ոչ բոլորն այն ամառային գրականություն համարեն, բայց գիրքն ունի ծովի եւ կյանքի պայքարի հզոր խորհրդանիշը։

Նիկոլայ Ավետիսյանը՝ Կիրպոսում


- Ի՞նչ դիտել։

- Այն, ինչ երբեք չես դիտել։ Թող դա քեզ նոր զգացողություն տա։

- Որտե՞ղ լինել։

- Այնտեղ, որտեղ քեզ սիրում են։

- Ո՞ւմ գրկել։

- Պարտադիր նրան, ով իսկապես սիրում է քեզ։

- Ի՞նչ սովորել։

- Սովորել խելացի լինել։ Իսկ դա միայն գրքերով կամ տեսական գիտելիքով չի լինի։ Պետք է կարդալ եւ լսել այն, ինչ թվում է, թե արդեն ճանաչում ես, բայց իրականում խորքային չես հասկացել։ Երբեմն հարկավոր է վերադառնալ արդեն կարդացած գրքին ու այն բացահայտել նորից։

- Ի՞նչ լսել։

- Մոցարտ։ Վստահ եմ՝ Մոցարտից հետո շատ բան կարող է փոխվել մարդու կյանքում։ Իհարկե, լինում են պահեր, երբ կարող եմ ժամանակավորապես այլ ժանրեր լսել, բայց Մոցարտի երաժշտությունը մշտապես ինձ հետ է։

- Ի՞նչ չթաքցնել։

- Չթաքցնել ճշմարտությունը, հատկապես այն, ինչ վերաբերում է հարաբերություններին։ Ամեն ինչ պետք է անկեղծ ասել, նախ եւ առաջ՝ կնոջդ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նիկոլայ Ավետիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW