×


«Հայի զավակ»` Արմեն Խլղաթյանը վերադառնում է հայրենասիրական երգի տեսահոլովակով

«Հայի զավակ»՝ այսպես է կոչվում Արմեն Խլղաթյանի նոր երգը, որը հանրությանը կներկայացվի տեսահոլովակով: 2008-ին՝ «Կարոտ», 2009-ին «Գիտեմ-գիտեմ» երգերը կատարելուց հետո 29-ամյա երգիչն ասպարեզ է վերադառնում հայրենասիրական ստեղծագործությամբ: Նոր աշխատանքի մանրամասներն ու առաջիկա ծրագրերի մասին Արմենը պատմել է BRAVO.am-ին:

Արմեն Խլղաթյանը` «Հայի զավակ» տեսահոլովակի նկարահանումներին


«Տեւական դադարից հետո սիրով ուզում եմ ներկայացնել նոր տեսահոլովակ իմ սիրելի հայրենակիցներին: Երբ լսեցի «Հայի զավակը», հոգուս շատ հարազատ թվաց, քանի որ իմ պատմությունն եմ տեսնում այդ երգում: 2001 թվականից ապրելով Ռուսաստանում՝ միշտ հայրենիքիս կարոտն իմ սրտում է»,-նշել է երգիչը:

Երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, ռեժիսորը՝ Վահե Հարությունյանը: Սա Արմեն Խլղաթյանի առաջին համագործակցությունն է նաեւ «Duetro» ստուդիայի հետ.«2008 թվականից աշխատում եմ «Արթուր եւ Բինա» փրոդաքշնի հետ, իսկ այս երգն առիթ հանդիսացավ, որ համագործակցեմ Էդգար Ալեքսանյանի հետ: Պրոֆեսիոնալների հետ աշխատելը լավ արդյունքի երաշխիքն է»:

Արմեն Խլղաթյանը` «Հայի զավակ» տեսահոլովակի նկարահանումներին


Երգչի խոսքով՝ տեսահոլովակում ներկայացնում են հայի անկոտրում ոգին.«Սա բոլորիս հոգու երգն է: Հիմքում պանդուխտ հայերի կարոտն ու կանչն է: Սյուժեն սկսվում է 1992 թվականի մութ ու ցուրտ տարիների հիշողություններով, երբ հերոսն ապաստան է գտնում Ֆրանսիայում: Այնտեղ մեծ ձեռքբերումներ եւ հաջողություններ գրանցելուց հետո նա կրկին վերադառնում է հայրենիք եւ իրագործում է սրտի անթաքույց երազանքը՝ վանք է կառուցում»:

Ինչպես պատմել է Արմենը, հուզիչ է տեսահոլովակի ավարտը.«Հերոսը որոշում է ամուսնանալ Հայաստանում: Հարսանիքի օրը նշանակված էր 2016 թվականի ապրիլի 5-ին, որից օրեր առաջ սկսվում է Արցախի քառօրյա պատերազմը, եւ նա ուղեւորվում է մարտի դաշտ՝ կատարելու հայրենասիրական պարտքը…»:

Արմեն Խլղաթյանի «Հայի զավակ» տեսահոլովակի նկարահանումներին


«Հայի զավակ» երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո Արմեն Խլղաթյանը որոշել է դադար չառնել. նա նոր աշխատանք կներկայացնի ամիսներ անց՝ ամռանը: Երգիչը նախատեսում է այս տարի նաեւ ձայնասկավառակ թողարկել:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Խլղաթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW