×


«Հեքիաթերեն»-ը բեմադրել է Շուշանիկ Գրիգորյանի «Դեմբոն եւ Ջեմմին. անտառային արկածներ» հեքիաթը

Կոկորդիլոսի եւ զեբրի անհավանական ընկերության ու արկածների մասին պատմող հեքիաթը ներառվել է «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի խաղացանկում: 

«Այս յուրօրինակ պատմությունը սովորեցնում է ճիշտ հարաբերություններ կառուցել՝ խուսափելով տարաձայնություններից, ինչպես վարվել հիասթափությունների եւ դժվարությունների ժամանակ, թե որքան կարեւոր է լինել հուսալի եւ աջակցող ընկեր, ինչպես նաեւ գնահատել այդ հատկություններն ուրիշների մեջ: Ցույց է տալիս, թե երեխաների փոխհարաբերություններն ինչպես են ձեւավորում իրենց ինքնությունը, ինչպես է ընկերությունն օգնում նրանց ընդունել սեփական անձը եւ ինքնավստահ դառնալ», - նշված է հաղորդագրությունում:


Հեքիաթի հեղինակ Շուշանիկ Գրիգորյանի խոստովանում է՝ տարիներ առաջ, երբ պատմում էր այս հեքիաթը մի փոքրիկի, մտքով էլ չէր անցնում, որ այն մի օր կդառնա պատկերազարդ գիրք, առավել եւս՝ տիկնիկային ներկայացում, որը կարծես ամբողջովին կենդանացրել է պատմությունը:


«Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի հիմնադիրներից Անի Ամսեյանն էլ նշել է, որ «Դեմբոն ու Ջեմմին» հեքիաթը մեծ հետաքրքրությամբ են բեմադրել. «Կարդում էի փղիկների մասին, ու աչքիս առաջ էին հայտնվում փղիկների կերպարներն առած երեխաները, հետո՝ ընձուղտիկները, կենգուրուները։ Զեբրիկի բնավորությանը ծանոթանալիս աչքիս առաջ Հակոբն էր, հետո ինձ տեսա կոկորդիլոսի մեջ. ահա եւ դերաբաշխումը։ Կարելի է ասել՝ հեքիաթը կարդացի եւ նույն պահին նաեւ տեսա ներկայացումը»: 


«Դեմբոն ու Ջեմմին» հեքիաթը մի շարք կարեւոր ուղերձներ ունի, բայց «Հեքիաթերենը» շեշտ դրել է շնորհակալ եւ ներողամիտ լինելու, ընկերոջը օգնության հասնելու, դժվար իրավիճակում միայնակ չթողնելու, ազատ լինելու, բայց նաեւ այդ ազատությամբ ուրիշներին չվնասելու գաղափարների վրա։

Լուսանկարները՝ «Հեքիաթերեն»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW