×


«Ոտաբոբիկ»՝ Սոֆի Մխեյանի հետ

Երգչուհի, ով չի վախենում էքսպերիմենտներից։ Երգչուհի, ով արդեն իսկ հասցրել է հանդես գալ  մարզակոշիկներով, բարձրակրկունկներով, զինվորական երկարաճիտ կոշիկներով, պուանտներով ու անգամ՝ առանց կոշիկների: BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հյուրը Սոֆին է Մխեյան։

Սոֆի Մխեյանը եւ Դիանա Հովհաննիսյանը (Bravo.am)


- Սոֆի, կարծում եմ՝ արդեն հասցրել ես հոգնել աշխատանքային ու սիրային թեմաներով զրույցներից:

-Չեմ կարող ասել, որ հոգնել եմ, բայց ամեն անգամ կրկնվող հարցեր ստանալն, իհարկե, անհետաքրքիր է. ինչքա՞ն կարելի է նույն հարցը տալ ու ստանալ նույն պատասխանը, կամ էլ, առհասարակ, պատասխան չստանալ։ Այս առումով ինձ ավելի հաճելի կլինի քեզ հետ զրուցել, քանի որ կարծում եմ՝ դու մի քիչ այլ ուղղությամբ կփորձես ուղղորդել այս զրույցը։

-Կփորձեմ: Տեսնենք՝ որքանով կստացվի։ Եվ այսպես՝ մանկություն։ Կտանե՞ս մեզ քո մանկություն՝ բացահայտելու դեմքեր ու դեպքեր, որ ձեւավորել են այն Սոֆիին, ով այսօր համաձայնել է ինձ հետ ոտաբոբիկ զրուցել։

-Սիրով։ Սիրով պատրաստ եմ վերադառնալ մանկություն։

-Սկսենք ամենավառ հիշողությունից:
- Այս պահին անմիջապես հիշեցի, որ ասում են՝ ես շատ «փակ», ինքնամփոփ երեխա եմ եղել, շատ եմ լռել ու բացի այս, չեմ սիրել իմ իրերով կիսվել ուրիշների հետ. եթե ինչ-որ բան եղել է իմը, ապա այն եղել է միայն իմը։ Բայց օրերից մի օր ես պարզապես քնել եմ, զարթնել ու սկսել եմ բաժանել իմ ամբողջ «ունեցվածքը»։

-Հետաքրքիր է, որ ընտանիքում միակ երեխան չես եղել, բայց առաջին տարիներին ավելի միակ երեխաներին բնորոշ բնավորության գծեր ես դրսեւորել. հարաբերություններդ կրտսեր եղբորդ հետ ինչպիսի՞ն են եղել ու ինչպիսի՞ն են այսօր։
-Եղբորս հետ մտերմիկ կապն ի սկզբանե է հաստատվել։ Ճիշտ է` ընկերություն արել ենք, ունեցել ենք ներքին վստահություն, բայց հասցրել ենք նաեւ կռվել, բարկանալ միմյանց վրա... Ամեն դեպքում, որպես մեծ քույր` ես ամեն ձեւով ու գնով փորձել եմ, բառիս բուն իմաստով, պաշտպանել եղբորս, մինչեւ եկել է մի տարիք, որ մենք ուղղակի շատ սահուն կերպով փոխվել ենք դերերով։

Փոքր հասակում երկուսս էլ շատ «երաժշտական» ենք եղել. մեր տան ավելները վերածում էինք կիթառների, հնարավոր ամեն ինչը՝ դհոլների ու, ի միջի այլոց, երկուսով պարում էինք շատ ակտիվ:

«Ոտաբոբիկ»՝ Սոֆի Մխեյանի հետ


-Ե՞րբ հասկացար, որ ամեն դեպքում ոչ թե երաժշտությունը կամ պարն է քոնը, այլ հենց երգը։
-Գիտակցական կյանքումս արդեն հասկացա, որ երգն է իմը, ու ակամայից ինչ էլ անում էի, հայտնվում էի հենց երգի բնագավառում։

- Սոֆի՛, մանկուց ես բեմում. ընկերական շրջապատում ու հատկապես ընկերուհիներիդ կողմից երբեւէ նախանձի դրսեւորումներ նկատե՞լ ես։
-Անկեղծ ասած, մանկուց եւ մինչ օրս երբեք չեմ կենտրոնացել նման բաների վրա, պարզապես միշտ փորձել եմ հարթել իմ ուղին։ Ճիշտ է՝ միշտ էլ եղել են, կան ու կլինեն մարդիկ, որոնք իրենց շրջապատում ինչ-որ մեկին կամ մի քանիսին կնախանձեն եւ այլն, վստահ եմ՝ փոքր տարիքում այս ամենը եւս ինչ-որ ձեւով լինում է, բայց մենք այդ մասին չենք էլ մտածում, քանի որ մենք փոքր ենք, ավելի ազնիվ ենք, ավելի անկեղծ ենք, ու այդ խնդիրները չենք էլ քննարկում: Իրականում նորմալ էր չէր լինի, որ տասը տարեկանում տանջվեի մտքից, որ երեւի մեր բակի «Անուշիկն» ինձ չի սիրում:):

Իսկ եթե մի քիչ էլ ավելի ազնիվ լինեմ, պետք է ասեմ, որ ես ավելի սիրում էի ընկերություն անել տղաների հետ, քանի որ ինքս շատ ակտիվ եմ եղել ու յոթ քարը, ֆուտբոլը կամ «քար, թուղթ, մկրատն» ինձ շատ ավելի են հետաքրքրել, քան, այսպես ասած, աղջկական խաղերը։

-Իսկ կա՞ որեւէ իր, որ մանկուց պահում ես։
-Չէ՛, չեմ հիշում նման բան, բայց փոխարենը հիշում եմ որ թանձիվը՝ մարլյան, իմ անբաժան մասն է եղել։ Մայրս պատմում է, որ փաթաթում էի մատիս ու դրանով քնում էի, զարթնում ու պարզապես ապրում դրա հետ։

-Անցումային շրջանը հաճախ անխուսափելի ու երբեմն անտանելի է լինում։ Դու ի՞նչ հիշողություններ ունես քո այդ շրջանից։

-Փաստորեն անցումային շրջանս այնքան էլ ծանր արտահայտված չի եղել, քանի որ դժվարանում եմ հատուկ խնդրահարույց դեպքեր հիշել։ Ամեն դեպքում պարբերաբար ինչ-որ իրադարձություններ, ճիշտ է, եղել են, որոնց արդյունքում էլ ավելի եմ «փակվել», բայց դրանց հետեւանքով ինքնասպան լինելու մտքերով երբեք չեմ պարուրվել:): Իսկ երբ «փակվում» էի, վստահեցնում եմ՝ այդ մասին եւ ոչ մեկը չէր իմանում, քանի որ երբեք էլ չեմ սիրել ու մինչ օրս չեմ սիրում իմ խնդիրներով ծանրաբեռնել հարազատներիս, մտերիմներիս։

«Ոտաբոբիկ»՝ Սոֆի Մխեյանի հետ


-Ասում են՝ հաճախ հենց խոսելն է օգնում։ Եթե գերադասում ես լռել, այդ դեպքում ինչպե՞ս ես հաղթահարում «կյանքի կիտրոնները»։
-Ունեմ տարբեր մեթոդներ ու պարբերաբար դրանցից մեկը կամ մի քանիսն եմ կիրառում, օրինակ՝ քայլելը, ի դեպ՝ բավական երկար, մարզվելը, մեծ թենիսը, վերջին շրջանում ցանկին ավելացել է նաեւ սկվոշը։ Բացասական լիցքերը հենց նշված միջոցներով եմ հանում,  բայց, իհարկե, չեմ թաքցնի ու կասեմ, որ երբեմն դրանք դուրս են գալիս՝ ինձ առողջական խնդիրներ պատճառելով։

Ու պետք է նշեմ մի շատ կարեւոր բան եւս` աղոթքն առ Աստված։ Հենց աղոթելիս եմ հասկանում, որ մենակ չեմ, ու որ ամեն ինչ հաղթահարելի է։

-Քանի որ որոշ չափով անդրադարձար նաեւ քո առողջ ապրելակերպին, փորձենք կրկին մի քանի տարի հետ գնալ ու հասկանալ, թե արդյոք երբեւէ բարդույթավորվել ես արտաքին տեսքիցդ ու ձգտել ինչ-որ փոփոխությունների։
-Չեմ կարող ասել, որ արտաքինիս հետ կապված հատուկ բարդույթներ եմ ունեցել, իսկ բոլոր փոփոխությունները հիմնականում պարզապես աշխատանքի բնույթով պայմանավորված անհրաժեշտություններ են եղել։

Իսկ վերջին տարիներին, այո՛, մեծանում ենք, այո՛, մեր մարմինն ու օրգանիզմն ավելի շատ ուշադրություն է պահանջում, ու պետք է պարզապես գիտակցել, որ ճիշտ ժամանակին սպորտն ընտրելով՝ հետագայում հնարավորինս կխուսափենք վիրահատական միջամտություններից։

-Սոֆի, հաճախ կնոջ ընտրած հագուկապը, մազի գույնը, եղունգների երկարությունն ու ձեւն ինչ-որ ձեւով անդրադառնում են նրա տրամադրության, բնավորության վրա, իսկ դու շատ, ավելի ճիշտ՝ չափազանց շատ ես փոփոխվում. արդյո՞ք այդ փոփոխություններն իրենց ազդեցություն ունենում են քեզ վրա։
-Փորձեմ այսպես պատասխանել՝ կարծում եմ՝ ոչ, քանի որ այդ փոփոխություններն իմ աշխատանքի կարեւոր մասն են կազմում, այդ պատճառով էլ չեն կարող ազդել իմ տրամադրության ու առավել եւս բնավորության վրա։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդքան փոփոխությունների մեջ ես միշտ ու անդադար կրկին փոփոխությունների եմ ձգտում, թեկուզ չնչին, բայց ձգտում եմ։

«Ոտաբոբիկ»՝ Սոֆի Մխեյանի հետ


-Իսկ ո՞րն է եղել քո կյանքի ամենամեծ փոփոխությունը: Չգիտեմ, գուցե այն դրսեւորվել է կորստի կամ ձեռքբերման միջոցով։ Հետաքրքիր է՝ կկարողանա՞ս նման կուլմինացիոն դեպք մտաբերել։
- Մեծ փոփոխություններ իրականում շատ են եղել։ Կոնկրետ չեմ առանձնացնի դրանցից եւ ոչ մեկը, սակայն կնշեմ, որ եթե ժամանակին այդ փոփոխություններն ինձ թվացել են գուցե տարօրինակ, ցավոտ, անգամ անտանելի, ապա այսօր ես ուղղակի գնահատում եմ դրանցից յուրաքանչյուրը՝ հասկանալով, որ եթե չլինեին, ես այսօր չէի ունենա այն ամենը, ինչ ունեմ։ Իսկ այսօր ես ուղղակի վստահ եմ, որ հենց այնպես ոչինչ չի լինում։

-Փաստորեն ճակատագրին հավատում ես։
- Երեւի թե չեմ կարող չհավատալ։

-Իսկ երբ հերթը հասնում է ընտրություն կատարելուն, երբ ամեն ինչ քո ձեռքում է, ինչպե՞ս ես վարվում։
- Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկի հետ հենց այս թեման էինք քննարկում ու հասկացանք, որ ընտրություն մենք ցանկացած պահի ենք կայացնում. թե՞յ վերցնենք մեզ հետ, թե՞ սուրճ, լուսանկարվե՞նք այս գորգի ֆոնին, թե՞ նախորդ, որ ի սկզբանե էինք ընտրել… Գիտակցելով սա՝ ես շատ ավելի թեթեւ եմ նայում ընտրություն կայացնելու գործընթացին, ամենակարեւորը՝ չեմ խառնվում, մի պահ շնչում եմ, արտաշնչում ու վերջնական որոշում կայացնում։

-Լինո՞ւմ են դեպքեր, երբ ինքդ քեզ սկսում ես տանջել կայացրածդ որոշումների պատճառով։

- Լինում են դեպքեմ, որ մտածում եմ՝ գուցե ավելի լավ կլիներ… Բայց փորձում եմ չկենտրոնանալ, որովհետեւ միտքը, որ գուցե նախորդ գորգի ֆոնին ավելի լավ կնայվեինք, միշտ էլ «ապրելու» է։

- Քանի որ ինքնաբերաբար հասանք մեր գտնվելու վայրին, փորձենք անդրադառնալ նաեւ մեր ոտաբոբիկ վիճակին, ինչով էլ, թերեւս, կեզրափակենք այսօրվա քիչ թե շատ բովանդակալից զրույցը։
-Փոքր տարիքում մայրս հաճախ էր ասում՝ ոտաբոբիկ տանը չքայլեմ՝ պատճառաբանելով, որ դրա հետեւանքով ոտնաթաթերը մեծանում են, լայնանում: Ինչպես տեսնում եք՝ չեն մեծացել:): Ամեն դեպքում մայրս այնքան ինձ ստիպեց, որ ժամանակի ընթացքում սովորեցի հողաթափեր կրել, բայց, իհարկե, որտեղ կա հնարավորություն՝ լողափին կամ թեկուզ այսօր, այստեղ, պահը երբեք բաց չեմ թողնում ոտաբոբիկ լինել։ Ասել, որ անհավանական սիրում եմ այս վիճակը, իհարկե, սուտ կլինի, բայց հաճելի է:):

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստները տրամադրել է «5concept» խանութ-սրահը 
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին