×


«Հայրս շատ էր կարոտել բեմը եւ վերադարձել է այնպես, կարծես երբեք չէր էլ հեռացել». Արամ Թոխատյան

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, տեւական դադարից հետո, նոր ուժով եւ ոգով վերադարձել է բեմ։ Սիրված դերասանի ստեղծագործական վերադարձը նշանավորվում է Գեւորգ Ալթունյանի հեղինակած եւ ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրած «Առաքել» ներկայացմամբ, որտեղ Թոխատյանի խաղընկերը տաղանդավոր դերասան Սամվել Թոփալյանն է։

Դադարից հետո առաջին ներկայացումը սեպտեմբերին էր, իսկ հանդիսատեսի արձագանքը՝ ջերմ եւ լի հուզմունքով։ «Առաքել»-ի պրոդյուսեր Արամ Թոխատյանը նշել է, որ տպավորություն էր, թե հարազատ մարդկանց սպասված հանդիպում էր: 


«Հանդիսատեսը դերասանների հետ ծիծաղում է, տխրում, մտորում։ Ներկայացումներից մեկի ավարտին մի կին ասաց․ «Մենք մեր կյանքն ենք տեսնում բեմից: Իսկապես, այս պատմությունը մեր կյանքի, հույսի ու հավատի մասին է։ Առանց դրա առաջ գնալ չենք կարող»,- նշել է նա:

«Առաքել»-ը նոյեմբերի 17-ին կրկին բեմում կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ առաջիկայում նաեւ հյուրախաղեր կլինեն։

«Հայրս շատ էր կարոտել բեմը, ստեղծագործելու ընթացքը։ Իսկ հիմա վերադարձել է այնպես, կարծես երբեք չէր էլ հեռացել բեմից: Իսկ հանդիսատեսի արձագանքը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ տեղում ենք»,- ասել է Արամ Թոխատյանը:


Հրանտ Թոխատյանը բեմում այնպիսին է, ինչպիսին նրան սիրում է հանդիսատեսը՝ էներգիայով ու կյանքով լի, իսկ հանդիսատեսը շնորհակալ է նրան եւ Սամվելին՝ դերասանական վարպետության համար:

«Հետաքրքիր զուգադիպությամբ «Առաքել»-ը ստեղծվել է ինն ամսում՝ ճիշտ նույնքան ժամանակահատվածում, որքան «Խաթաբալադա»-ն եւ «Mea Culpa»-ն։ Իհարկե, այդ ժամկետը նախապես պլանավորված չէր, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, յուրաքանչյուր ներկայացման ստեղծագործական ու տեխնիկական փուլերն իրականում հենց այդքան ժամանակ են պահանջում»,- նշել է պրոդյուսերը։

Պիեսը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ որպես մտորում հայրենիքի, արժանապատվության եւ ապրելու կամքի մասին։ Ներկայացումը պատմում է մարդու մասին, ով կանգնած է կյանքի ու մահվան սահմանագծին, պատրաստ է հանձնվել, սակայն հանդիպում է այն ուժին, որը վերադարձնում է նրան ապրելու եւ պայքարելու իմաստն ու հավատը։


Սամվել Թոփալյանը մարմնավորում է Տիգրան Մխիթարյանին՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր սպային, ով պատերազմից հետո կորցրել է ապրելու ցանկությունը։ Սակայն նրա կյանքում հայտնվում է Հրանտ Թոխատյանի հերոսը՝ խորհրդավոր Առաքելը, ով  պարբերաբար Տիգրանին կանգնեցնում է ապրելու եւ հանձնվելու երկընտրանքի մտորումների առջեւ։

Ներկայացման ընթացքում հնչում է գլխավոր հարցը՝ ո՞վ է Առաքելը եւ ո՞վ է իր Տերը։ Թոխատյանի կերպարը պատասխանը տալիս է հենց բեմից․ «Այսքան տարի սպասում ենք, որ մեկը գա ու փրկի։ Բայց փրկությունը պարտավոր ենք փնտրել մե՛ր մեջ: Երբ հասկանանք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, կյանքն էլ, պայքարն էլ ավելի հեշտ կդառնան»։


Ներկայացման առանցքում կյանքի շարունակության, հավատի եւ արժանապատվության գաղափարներն են, իսկ ապրելու բանաձեւը հետեւյալն է. «Ոչ թե հանձնվել, արտագաղթել կամ կախվել, այլ ապրել ու պայքարել։ Ու երբ հաղթենք, ամեն մեկն իր որդու գերեզմանի եռագույնը հպարտությամբ կտանի ու կդնի այն հողի վրա, որի համար որդին կյանք է տվել։ Սա՛ է արժանապատվության ուղին»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW