Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ պետք է այնպես քայլել, ասես ոտնաթաթերով «համբուրում» ես աշխարհը։ Այնպիսի տպավորություն է, որ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը հենց այդպես էլ անում է, հատկապես առավոտյան, հատկապես, երբ դեռ ոտաբոբիկ է։
«Ոտաբոբիկ»՝ Վահագն Մարտիրոսյանի հետ
- Վահագն, երբ պատրաստվում էի քեզ հետ «Ոտաբոբիկ»-ին, հասկացա, որ դու մեր քաղաքի «ամենահայտնի անհայտն» ես. քեզ գոնե մեկ անգամ տեսել են գրեթե բոլորը, բայց քո մասին այդ նույն բոլորը գրեթե ոչինչ չգիտեն։ Կխնդրեմ՝ պատմես, թե ով ես դու։
- Ես Վահագն եմ Մարտիրոսյան։): Սովորել եմ Մանկավարժական համալսարանի «էրգոթերապիա» բաժնում, մասնագիտությամբ օկուպացիոն թերապիստ եմ: Հետո մի աղջնակի պատճառով գնացի Թատերական ինստիտուտ ու կյանքս այդ օրվանից փոխվեց։
-Այսինքն ինչպե՞ս գնացիր Թատերական։ Ընդունվեցի՞ր։
-Ո՛չ։ Քույրս Թատերականում էր սովորում։ Մի երկու անգամ գնացի իր մոտ, աղջիկ տեսա, հավանեցի ու սկսեցի հաճախակի այցելել։ Հետո արդեն ընկերներ էլ ձեռք բերեցի ու սկսեցի ուղղակի, առանց ընդունվելու դասերի հաճախել։
Իսկ դերասանական առաջին փորձս եղավ այն ժամանակ, երբ եղբայրս՝ Աշոտը Հակոբյան, որ Թատերականում էր սովորում, առաջարկեց ինձ խաղալ «40 օր համբառնալուց առաջ» ներկայացման մեջ։
Դրանից հետո արդեն մի ծիծաղելի պատմության մեջ ընկա։ Ինգա եւ Անուշ Արշակյանների տեսահոլովակի համար եկել էին քասթինգի ու ինստիտուտից ընտրեցին միայն ինձ, որ ընդհանրապես այս բուհի հետ կապ չունեի։ Ի դեպ, անգամ ռեկտորը չգիտեր, որ իրենց ուսանողներից չեմ։
Դիանա Հովհաննիսյանը(Bravo.am) եւ Վահագն Մարտիրոսյանը
- Փաստորեն ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էիր հայտնվել, ինչի արդյունքում էլ հետո նկարահանվեցիր ու շարունակում ես նկարահանվել տեսահոլովակներում, գովազդներում, նաեւ խաղացել ես «Կարմիր խնձորներ» ու «Դանիել» կարճամետրաժ ֆիլմերում… Այդ դեպքում ինչո՞ւ քեզ հանրությունը չգիտի։
-Միշտ խուսափում եմ հարցազրույցներից, խուսափում եմ պատմել իմ մասին։ Չգիտեմ՝ ինչու։ Մի քանի անգամ իմ վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվել, գուցե հենց դա է պատճառը։
- Քանի որ վերջապես համաձայնել ես խոսել, փորձեմ հնարավորինս շատ բան իմանալ քո մասին. մասնագիտական կրթություն չունես, բայց խաղում ես, իսկ քեզ դերասան համարո՞ւմ ես։
-Դեռ չէ։ Շատ աշխատելու տեղ ունեմ։
-Այդ դեպքում ո՞րն է կատարելագործվելու քո դրդապատճառը։
-Միշտ ասում եմ, որ մինչեւ 37 տարեկան պետք է «Օսկար» ստանամ։ Ճիշտ է՝ «Օսկար»-ով ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում, բայց դե...
«Ոտաբոբիկ»՝ Վահագն Մարտիրոսյանի հետ
- Փոքր հասակում երբեւէ մտքովդ անցե՞լ էր, որ հենց այս ոլորտում քեզ կգտնես։
-Երբե՛ք։ Փոքր ժամանակ ուզում էի բժիշկ դառնալ ու օգնել մարդկանց։ Մայրս էլ հոգեբանական գիտությունների դոկտոր է, այդ պատճառով էլ սկզբում որոշել էի նույն գծով շարունակել, բայց հետո՝ պրակտիկայի արդյունքում արդեն, հասկացա, որ չեմ դիմանա։
-Երբ տանը նկատեցին, որ դերասան դառնալու ճանապարհին ես, դեմ չէի՞ն։
-Մեծ եղբայրս, երբ տեսնում էր, թե ինչպես եմ հայելու դիմաց կանգնած ինքս ինձ հետ խոսում, ասում էր՝ «սա լրիվ գժվեց»։ Բայց դե դեմ հարազատներիցս եւ ոչ մեկը չի եղել. ծնողներս միշտ ասել են՝ անեմ այն, ինչից ինձ լավ եմ զգում։
-Քեզ շատերն ու շատ են արտաքնապես նմանեցնում ֆրանսիացի դերասան Վինսենթ Կասելին։ Դու ինքդ քեզ նմանեցնո՞ւմ ես նրան ու արդյո՞ք փորձում ես խաղով էլ նրան նմանվել, ինչ-որ բաներ քաղել նրա փորձից։
-Նմանեցնում եմ, բայց մեծ տարիքում։ Իսկ խաղալ սովորել եմ ու սովորում եմ ինչպես Կասելից, այնպես էլ՝ ԴիԿապրիոյից։ Երկուսն էլ մի տեսակ թաքնված լռություն ունեն։ Իսկ ինչ վերաբերում է ԴիԿապրիոյին, ապա եթե նկատել ես, նա իր բոլոր ֆիլմերում շատ հուզական է, ես էլ նույն ձեւ եմ կյանքի բոլոր հարցերում։
«Ոտաբոբիկ»՝ Վահագն Մարտիրոսյանի հետ
-Էմոցիոնալ լինելով՝ չափազանց հանգիստ մարդու տպավորություն ես թողնում։
-Մարդու ամենակարեւոր հատկանիշն իր հանգստությունն է։ Պետք է ներսումդ հանգիստ լինի, որ ի վիճակի լինես ճիշտ որոշումներ կայացնել։
-Հանգստությունը միշտ չէ, որ ի վերուստ է տրվում. դու ինչպե՞ս ես հասել դրան։
-Ինքս ինձ վրա երկար աշխատելով: Երաժշտություն եմ սիրում, լսում, նվագում։ Երբ մի թեթեւ անհանգստություն եմ զգում, միանգամից միացնում եմ իմ ամենասիրած ալբոմներից մեկը, պառկում եմ ու երկար նայում առաստաղին։ Այդ ժամանակ եմ կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։ Այդ ժամանակ է, որ մտածում եմ ոչ թե էգոիստաբար, այլ ավելի գլոբալ։
-Որոշումներ հե՞շտ ես կայացնում ու կայացրածդ որոշումներով արդյո՞ք հեշտ ես շարունակում ապրել։
-Իհարկե, հեշտ չեմ կայացնում, բայց երբեք չեմ զղջում որոշումներիս համար։
Գյումրեցի եմ, պապս մի լավ խոսք ուներ, ասում էր՝ «ինչ, որ ըրել ես, լավ ես ըրել, ինչ էլ, որ չես ըրել, ղալաթ ես ըրել»։
«Ոտաբոբիկ»՝ Վահագն Մարտիրոսյանի հետ
-Իսկ երբեւէ դեպրեսիաների մեջ ընկնո՞ւմ ես, ու եթե՝ այո, ինչպե՞ս ես հաղթահարում դրանք։
-Այս տարվա ձմեռից բոլորը բողոքում էին, իսկ ես այնքան շնորհակալ եմ։ Ձմեռն այնքան խոր ու ծանր դեպրեսիա ունի իր մեջ… Իսկ դեպրեսիաների պատճառով մարդիկ ավելի շատ են սկսում մտածել ու անել այնպիսի բաներ, որ չէին մտածի ու անի ուրախ ժամանակ։ Այդ բաներն էլ հենց ելքերն են տխրությունից։
Երջանկությունն էլ, տխրությունն էլ, լացն էլ, վախն էլ մարդու համար են։
Դե, իսկ իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկն էլ սա է՝
«Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…»:
Պարույր Սեւակինն է… Մթության ու լռության մասին... Շատ սիրուն է։
-Կլիշե դարձած հարց, որին անցումն ամեն դեպքում շատ սահուն ստացվեց. քո սիրտը հիմա մենա՞կ է։
-Ունեմ ընկերուհի: Աշխարհի ամենասիրուն բանն է, երբ գտնում ես մեկին, ում աչքերում կա անսահման հանգստություն ու վստահություն։
Դիանա Հովհաննիսյանը(Bravo.am) եւ Վահագն Մարտիրոսյանը
-Հիմա քեզ երջանիկ համարո՞ւմ ես։
Իհարկե՛։ Ունեմ ամեն ինչ երջանիկ լինելու համար՝ սիրելի ծնողներ, սիրելի ընկերներ, սիրելի աշխատանք, սիրած էակ, որ հիմա այստեղ չէ, բայց հուսով եմ՝ շուտով կվերադառնա։
-Վահագն, կա՞ ինչ-որ բան, որ շատ կուզես՝ մեր ընթերցողներն իմանան քո մասին։
-Ամեն ինչ՝ իր ժամանակին… Ամեն ինչ գեղեցիկ է իր ժամանակին։
- Փաստորեն պահը հասունացել էր, որ քո մասին այսօր, այստեղ, ոտաբոբիկ այսքանը պատմեիր։
-Իհարկե՛։ Դե, դու ու հարցազրույցի ձեւաչափն էլ նպաստեցիք, որ այսքան անկեղծանամ։
Մեր տունը սեփական է։ Միշտ արթնանում եմ ու սկսում եմ տանը, բակում ոտաբոբիկ ման գալ։ Մայրս չի հոգնում կրնկել, որ մրսելու եմ եւ այլն, բայց ես, մեկ է, սիրում եմ ոտաբոբիկ լինել։ Սիրում եմ զգալ գետնի, հողի, ասֆալտի ջերմությունը. էներգիա եմ ստանում։
Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստները տրամադրել է «5concept» խանութ-սրահը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: