Անիմացիայի միջազգային օրը` հոկտեմբերի 28-ը, մի քանի տարի է` յուրահատուկ կերպով է նշվում մեր մայրաքաղաքում: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ազդարարվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային 8-րդ փառատոնի մեկնարկը:
Արման Մարգարյանը եւ Վրեժ Քասունին
Երեւանյան փառատոնի հատուկ հյուրն այս տարի Օսկարի երկակի հավակնորդ, Կաննի կինոփառատոնի դափնեկիր, անիմատոր Բիլ Փլիմփթոնն է։ Նրա կոմիքսներն ու նկարազարդումները տպագրվել են հեղինակավոր «The New York Times», «Vogue», «Rolling Stone» ամսագրերում։
Մեզ հետ զրույցի ընթացքում Փլիմփթոնը հարցրեց` արդյոք գիտեմ Տարանտինոյին։ Դրական պատասխանից ուրախացած` նա հայտնեց, որ «Kill Bill» ֆիլմում միսթեր Փլիմփթոնին հենց իր պատվին են անվանել։
Անիմատորը համագործակցել է հայտնի բազմաթիվ կատարողների հետ, որոնց թվում է, օրինակ, Քանյե Ուեթը, ում համար նա 2005 թվականին տեսահոլովակ է նկարահանել. «Հիշում եմ` Քանյեն եկավ, տեսավ սքեթչերն ու ասաց, որ իրեն ավելի գեղեցիկ ներկայացնեմ»։
Բիլ Փլիմփթոնն արժանացել է Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակին
2008 թվականին կայացավ Փլիմփթոնի «Idiots and Angels» անիմացիոն ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում հնչում են Թոմ Ուեյթսի, Մոբիի, «Pink Martini» խմբի կատարումները։ Պատասխանելով BRAVO.am-ի հարցին` անիմատորը հիշեց աշխարհահռչակ Ուեյթսի հետ համագործակցության մասին.«Եթե իր գործակալի հետ կապվեի, մեծ գումարներ պիտի ծախսեի։ Զանգահարեցի ընկերոջս՝ Ջիմ Ջարմուշին, պատմեցի ֆիլմիս մասին, ասացի, որ ուզում եմ Ուեյթսի կատարումներից մեկն օգտագործել։ Ջիմն ասաց, որ ուղարկեմ նկարագրությունը։ Երկու ամիս պատասխան չկար, իսկ հետո հենց Թոմն ինձ ասաց, որ հավանում է աշխատանքս, ու կարող եմ օգտագործել իր կատարումներից ցանկացած մեկը։ Թոմի համար առաջնայինը գումարը չէ, նրա համար կարեւոր է միայն արվեստը եւ շատ է աջակցում»:
Երեկոյի ընթացքում Բիլ Փլիմփթոնն անիմացիայի ոլորտում մեծ ավանդ ունենալու համար Ռոբերտ Սահակյանցի անվան հատուկ մրցանակ ստացավ։ Ի դեպ, Փլիմփթոնը փառատոնի շրջանակում վարպետության դաս կանցկացնի անիմացիայի բոլոր սիրահարների համար: Մանրամասներն` այստեղ:
«ՌեԱնիմանիա» միջազգային 8-րդ փառատոնի բացմանը
8-րդ «ՌեԱնիմանիա»-ն բացեց այս տարվա Կաննի կինոփառատոնին «Հատուկ հայացք» մրցանակին արժանացած «Կարմիր կրիա» ֆիլմը։ Այս տարի երեւանյան փառատոնը մասնակցության հայտեր է ընդունել 95 երկրից` ընդհանուր առմամբ ստանալով 2200 դիմում, իսկ կցուցադրվի ավելի քան 400 անիմացիոն ֆիլմ։
Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին խորհուրդ տվեց անպայման դիտել «ՌեԱնիմանիա»-ի այս տարվա բրիտանական ծրագրում ներառված անիմացիոն ֆիլմերը, որոնք ստեղծվել են Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա. «Ծրագիրը շատ յուրահատուկ է, որովհետեւ մեզ ծանոթ է դասական մոտեցումը, իսկ կոնցեպտուալ արվեստի միջոցով եւ ժամանակակից անիմացիոն լուծումներով ներկայացված Շեքսպիր դեռ չենք դիտել»։
«ՌեԱնիմանիա»-ի շրջանակում ցուցադրվելիք անիմացիոն ֆիլմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: