«Կինոպարկ»-ում նոր ֆիլմերի պակաս չկա։ «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում երեկ կայացել է «Վարքրաֆթ» սպասված ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա են եղել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կինոգետներ, ինչպես նաեւ կինոսերներ։
Գարիկը` «Վարքրաֆտ» ֆիլմի երեւանյան պրեմիերային
«Երկու աշխարհ՝ մեկ ճակատագիր» կարգախոսով ամերիկյան արտադրության ֆիլմը կարող եք դիտել 2D, 3D, 3DAtmos տարբերակներով՝ ռուսերեն, նաեւ անգլերեն լեզվով։ Ըստ սյուժեի՝ Շտորմգրադի անառիկ պատերն ու կախարդանքը դարերով պաշտպանել են մարդկանց տարբեր վտանգներից, բայց մոռացված չարիքը արթնացել է: Թագավորության անմիջապես սրտում բացվել է մութ պորտալ եւ չտեսնված արարածների ռասսան գրավել է Ազերոտի հողերը… Այսպես էլ ծավալվում են այն իրադարձությունները, որոնք փոխում են աշխարհի ճակատագիրը:
Համաշխարհային պրեմիերայից հաշված օրեր անց Երեւանում կարող եք գնահատել ռեժիսոր Դանկան Ջոնսի ֆենթըզի արկածային ֆիլմը, որի բյուջեն կազմում է շուրջ 160 միլիոն դոլար։ 123 րոպե տեւողությամբ ֆիլմում նկարահանվել են դերասաններ Թրեւիս Ֆիմելը, Բեն Ֆոսթերը, Դոմինիկ Կուպերը ու ուրիշներ։
«Վարքրաֆտ» ֆիլմի պրեմիերան` «Կինոպարկ»-ում
«Կինոպարկ»-ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ «Վարքրաֆթ»-ի երկրպագուների համար սպասված պրեմիերա է.«Արտասահմանյան ոչ բոլոր ֆիլմերի դեպքում հնարավորություն ունենք Հայաստանում փակ պրեմիերա կազմակերպել, քանի որ մեր շուկան նրանց համար մեծ չէ: Այս ֆիլմի պարագայում մոտ մեկ ամիս առաջ դիստրիբյուտորի կողմից ստացանք պաշտոնական նամակ, որ կարող ենք նախադիտում կազմակերպել։ Որքան գիտեմ, «Վարքրաֆտ» խաղը շատ հայ երկրպագուներ ունի, տարբեր նախասիրությունների մարդիկ հետաքրքրությամբ սպասում էին այս ֆիլմին, նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք չգիտեն, որ խաղի հիման վրա նկարահանված ֆիլմ է։ Տարիներով աշխատված եւ մեծ բյուջե ունեցող ֆիլմ է, ինձ եւս հետաքրքիր է, թե Հայաստանում ինչ հաջողություն եւ դիտելիություն կունենա»։
Առաջին ցուցադրումից հետո զրուցել ենք նաեւ դիտողների հետ։ «Վարքրաֆթ»-ի երկրպագուներից Արթուր Աթայանը կիսվել է իր տպավորություններով.«Ֆիլմի էսթետիկան ու ձեւավորումը հաջողված է, բայց սյուժետային մի քանի կարեւոր գիծ, որ խաղերում ու գրքերում լավ էին զարգացրել, պակասում է։ Իմ կարծիքով՝ գլխավոր հերոսն էլ ավելի պարզունակ է ներկայացված, ռոմանտիկ սյուժեն էլ ավելորդ էր ու «Վարքրաֆթ»-ին հակասող։ Ես վաղուց սիրում եմ այդ «մոլորակը», ինձ համար յուրահատուկ միջավայր է, եւ սպասելիքներս ավելի մեծ էին»։
«Վարքրաֆտ» ֆիլմի պրեմիերան` «Կինոպարկ»-ում
Կինոսեր Գարիկ Սարգսյանն էլ հավանել է ֆիլմի գրաֆիկական լուծումները.«Գունային ու ձայնային առումով որակյալ ֆիլմ է, բայց քանի որ ողջ պատմությունը սեղմված է երկու ժամվա մեջ, շատ դրվագներ, որ խաղացել եմ համակարգչային խաղում, բացակայում են: Սովորաբար, ուժեղ ու տպավորիչ պատմությունները ֆիլմի վերածվելիս տուժում են, բայց որպես ֆենթզի կինո իսկապես լավ է նկարված»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: