FairWind ռոք խումբն օրեր առաջ ներկայացրեց «Խաղ» երգի տեսահոլավակը, որն առանձնանում է ինքնատիպությամբ: BRAVO.am-ը նոր աշխատանքի ստեղծման ու նկարահանումների մասին խոսել է խմբի հիմնադիր, երգի բառերի եւ երաժշտության հեղինակ Վարդգես Հովեյանի հետ:
Ուղերձը
Մենք բոլորս ընդունել ենք կանոններն ու խաղում ենք, սակայն վերջում, միեւնույն է, պարտված ենք դուրս գալու: Այդ պատճառով էլ պետք է գոնե մնանք այնպիսին, ինչպիսին կանք, ու չդավաճանենք մեզ։
Երգի կրկներգում այսպիսի միտք կա. «Ես մնում եմ միշտ մենակ»: Ապրում ենք սոցիալական ցանցերի դարում, որտեղ մարդիկ փորձում են երջանիկ թվալ ու ցույց տալ, թե ամեն ինչ լավ է: Բայց երբ իրենց մտքերի հետ միայնակ են մնում, այլ իրականության են առերեսվում։ Ուզում էինք «Խաղ»-ով ցույց տալ, որ բոլորս ենք հայտնվում այդ իրավիճակում։ Կարեւորը ճանապարհն է, որ անցնում ես, թրծվում եւ դառնում ավելի լավը: Եվ որոշեցինք տեսահոլովակով մի քիչ այլ բովանդակություն հաղորդել, քանի որ երգն առանց այն էլ ծանր է:
«Ա»-երով տեքստը
Սպասում էի, որ ինձ պաշտոնապես կհարցնեն, թե ինչո՞ւ եմ տեքստերն «ա»-երով գրում: Հարյուրավոր երգերի հեղինակ եմ ու կասեմ, որ կարեւոր է գրել նաեւ այն հայերենով, որը մենք օգտագործում ենք: Եթե տա Աստված, 50 կամ 100 տարի անց մեզ լսեն, կհասկանան, թե 2020-ականներին մարդիկ ինչ լեզվով էին միմյանց հետ շփվում: Մեզ համար կարեւոր է, որ մարդիկ, լսելով մեր երաժշտությունը, հասկանան, թե ինչ միջավայրում ենք ապրել, ինչ ենք զգացել ու ստեղծագործել։
Երաժշտությունը
Մեր խումբը գոյություն ունի արդեն 19 տարի, եւ ստեղծագործական գործընթացը բավական հետաքրքիր ու ժողովրդավարական է: Բոլորս մանկության տարիներից շատ մոտ ընկերներ ենք ու ոչ մեկիս մասնագիտական զբաղմունքը երաժշտությունը չէ. բոլորս այլ աշխատանք ունենք:
Այսպես ենք պայմանավորվել՝ ես գրում եմ երաժշտությունն ու բառերը, նվագում եմ կիթառով, ձայնագրում եւ ուղարկում մեր բենդին: Տղաները լսելուց հետո կիսվում են իրենց կարծիքներով, եւ բոլորով սկսում ենք աշխատել գործիքավորման վրա։ Հիմնական մասն անում է մեր կիթառահար Ռոբերտը, հարվածայիններ նվագող Տիգրանն իր մասով է ամեն ինչ կազմակերպում, բաս-կիթառահար Ալիկն ու Բենն՝ իրենց մասով:
Ինձ համար կարեւոր էր, որ «Խաղ»-ը սկսվի կրկներգով, ու պահենք երգի պայթուցիկ տրամադրությունը: Դրա վերաբերյալ քննարկումներ ենք ունեցել. ոմանք կարծում էին, որ շատ կտրուկ է սկսվում, բայց ամեն ինչ բացատրելուց հետո եկանք ընդհանուր հայտարարի։
Տեսահոլովակը
Մեր բոլոր տեսահոլովակների դետալների վրա շատ ենք կենտրոնացել, երբեմն՝ պահանջվածից ավելի շատ: Աշխատել ենք տարբեր ռեժիսորների հետ, ու ամեն մեկն իր հետ որեւէ նոր բան է բերել:
Անդո Բերբերյանի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր: Իրար վաղուց գիտենք: Նա ուկրաինահայ է, շատ տաղանդավոր մարդ ու հիանալի երաժշտական նախագծի հեղինակ: Ես նաեւ «3 շիշ գինի» նախագիծ ունեմ, որի ալբոմներից մեկն Անդոյի հետ ենք ձայնագրել:
Նախորդ տարվա սեպտեմբերին հանդիպեցինք, կիսվեցինք մեր պատկերացումներով ու քննարկեցինք տեսահոլովակի գաղափարը: Անդոն խնդրեց իրեն մի քիչ ժամանակ տալ, իսկ հետո առաջարկեց շատ ոճային, առանձնացող եւ արվեստով ոգեշնչված տեսահոլովակ: Նրա պատկերացմամբ՝ մենք միջնադարյան կամ անտիկ շրջիկ թատրոն ենք, որը ներկայացում է խաղում, բայց հանդիսատես չունի: Փնտրում ենք մարդկանց, բայց չենք գտնում, ինչի արդյունքում տարբեր կասկածներ են առաջանում, ու մտածում ենք ավելի ժամանակակից դառնալու մասին:
Վարդգես Հովեյանը
Հղումները
Փորձել ենք փարաջանովյան տրամադրություն փոխանցել: Հղում ունենք Դեփեշ Մոդին ու Փինք Ֆլոյդին: Ուզում ենք մյուս թաքնված հղումները դիտողները գտնեն:
Հին ժապավենի էֆեկտ ենք ստացել: Գույներն ավելի աուտենտիկ են, որ տպավորություն լինի, թե տեսահոլովակը նկարահանվել է հին ժամանակներում:
Դետալները
Հագուստներն ու աքսեսուարները շատ մանրակրկիտ են ընտրվել: Ամեն դետալին ու հագուստի գույներին մեծ ուշադրություն ենք դարձրել: Այնպես ենք արել, որ մեր կերպարները պատմական աբսուրդ չընկալվեն, այլ իրական թվան: Տարբեր թատրոնների նկուղներում մեր նկարահանող թիմի անդամները երկար ժամանակ են անցկացրել, որ գտնեն ամենահարմար իրերը:
Նկարահանումներն իրականացրել ենք Գութանասարում: Բավական բարդ են անցել, քանի որ մեկ օր առաջ ձյուն էր տեղացել, ու մեքենան չկարողացավ տեղ հասնել: Ստիպված էինք այդ ծանր ատրիբուտները ձեռքով տանել: Թեեւ շատ հոգնեցինք, բայց արդյունքից գոհ ենք:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները տրամադրել է Վարդգես Հովեյանը


×
169







