Նոր հեռուստաշոու ձեր էկրաններին : )
Դեկտեմբերից Հանրային հեռուստատեսության եթերում կրկին կլինի Աշոտ Ղազարյանն ու իր նոր հեռուստաշոուն` «Աշոտ Ղազարյանը հրավիրում է», բայց այս անգամ ոչ թե շաբաթ, այլ կիրակի երեկոյան: :)
Bravo.am-ը ներկա է եղել շոու-ծրագրի նկարահանումներից մեկին, որի ժամանակ էլ մեզ հաջողվեց պարզել հաղորդման բնույթը. մոտ մեկ ժամ տեւողությամբ ծրագրի ընթացքում Աշոտ Ղազարյանը հեռուստադիտողին ներկայացնում է 3 հումորային կատարում, որոնք բեմադրվում են տեղում` պատահական ընտրված հանդիսատեսի մասնակցությամբ: Հանդիսատեսի խաղը 10 բալանոց համակարգով գնահատում է շոու-ծրագրի ժյուրին, որի կազմում մեր նկարահանման ժամանակ ներկա էին Անահիտ Սիմոնյանը, Հայկոն եւ Նառան:
Նախ Աշոտ Ղազարյանն իր երաժշտական կատարմամբ բացեց ծրագիրը, ապա ընտրեց համարձակ հանդիսատեսից մեկին, ով համապատասխանում էր նրա մտածած հումորային համարին, եւ տեղափոխվեցին բեմից այն կողմ` հանդիսատեսի հետ փորձելու այն, իսկ այդ ընթացքում իր «Իսկական հայ տղայա» երգով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը, մյուս երկու հումորային համարներին պատրաստվելու ընթացքում էլ երգեցին Հայկոն եւ Նառան: Երաժշտական կատարումներն ուղեկցվում էին Թինա Քեյի եւ նրա խմբի պարային բեմադրություններով:
Շոու-ծրագրի վերջում պարզ դարձավ նաեւ հումորային կատարումներին մասնակից երեք հանդիսատեսներից հաղթողի անունը` Արամ Հովհաննիսյան: Հաղթողը Աշոտ Ղազարյանի հետ ներկայացավ որպես նրա որդի, արժանացավ ժյուրիի ամենաբարձր` երեք 10-ը միավորին, երգեց «Ով սիրուն, սիրուն» երգն ու հաղորդավարի կողմից ստացավ հաղթողի վկայականը: Ծրագիրը եզրափակվեց Աշոտ Ղազարյանի երգով ու Թինա Քեյի բեմադրած պարային համարով:
Շոու-ծրագրի ընթացքում ղազարյանական ոճին համապատասխան հետաքրքիր իմպրովիզներ ու սցենարական լուծումներ եղան, ժյուրին էլ փորձեց գուշակել հումորային կատարումներին մասնակից հանդիսատեսի մասնագիտությունն ու սրամտել, որոնց մասին կիմանաք արդեն հաղորդումը դիտելու ընթացքում:
Ինչպես նշեց հաղորդման ռեժիսոր Սուրեն Ռշտունին, «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» հեռուստաշոուն եթերում կլինի ամեն կիրակի` “Հայլուր”-ից հետո, իսկ հաղորդման հեղինակ-վարող հումորի արքան Bravo.am-ին ասաց, որ այն շատ ուրախ, հումորային ու երաժշտական ծրագիր է, որը տարբերվում է «Շաբաթ երեկոյից»:
Նշենք, որ հեռուստաշոուի անդրանիկ թողարկումը եթերում կլինի դեկտեմբերի 12-ին:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: