BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Իվետա Մուկուչյան՝ 50 հիշատակում,
• Նազենի Հովհաննիսյան՝ 35 հիշատակում,
• Սիրուշո՝ 32 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Օգոստոսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Իվետա Մուկուչյանն է: Երգչուհին ամսվա սկզբին հայտնեց, որ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ ինքը բացի փոփ աստղի երեւանյան համերգը. պատճառն այն է, որ նրանք հայ երգչուհուն չափազանց մոտ են համարել Ջեյ Լոյի կերպարին:
Լուսանկարը՝ Վահե Ստեփի
«Ես բացման եզակի շոու էի նախապատրաստում, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Կարծում եմ՝ սա մեծ գնահատական է»,- գրել է Մուկուչյանը:
Համերգից հետո էլ Իվետան կեսկատակ նշել է. «Բոլորը տեսան 56 տարեկան Ջենիֆեր Լոպեսի հագուստները, ընդունեցին, սիրեցին, հիացան: Մյուս անգամ, եթե ես բոդի հագնեմ, խնդրում եմ, էլ չասեք՝ էս աղջիկը ինչ ա հագել։ Խնդրում եմ՝ չջղայնանաք, երբ ես հագնեմ բոդի»:
Նազենի Հովհաննիսյանը երկրորդ հորիզոնականում է: Դերասանուհին հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդաշարին, որի ընթացքում եւս մեկ անգամ նշել է՝ 2007 թվականից սկսած չի խոսում իր անձնական կյանքի մասին. «Երբ հաստատ իմանամ, որ ամուսնանում եմ, թաքուն բան չի, իհարկե, սիրով կասեմ։ Բայց ես դրանից չեմ ուզում շոու դարձնել»։
Անդրադարձ է եղել նաեւ մայրանալու ցանկության թեմային. «Վախերս շատ են մի հարցում. մենք ի՞նչ հասարակություն ենք տալիս մեր երեխաներին եւ ի՞նչ երկիր ենք նրանց թողնում»:
«Հայկը միշտ կա ամենավերին երկինքներում ու իր երաժշտության մեջ: Այսօր իմ Հայկի ծննդյան օրն է»,- այս խոսքերով էլ դերասանուհին շնորհավորել է Հայկոյի տարեդարձը:
Երրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Երգչուհին կիսվել է ընտանեկան ծովափնյա հանգստի լուսանկարներով, որոնք էլ տարածել են կայքերը: Նա օգոստոսին նաեւ «Սիրտ» երգի անոնսն է արել, որը սեպտեմբերի 5-ից հասանելի է թվային բոլոր հարթակներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: