×


«Հայարդ»

«Հայարդ»

Խումբը  նշեց  իր  մեկամյակը : ) Ապրիլի 28-ին “Stop” ակումբում «Հայարդը» նշեց իր մեկամյակը, ինչի առթիվ կայացավ խմբի հերթական ակումբային համերգներից մեկը:  «Հայարդն»  իր հյուր-հանդիսատեսին երկու նոր աշխատանք ներկայացրեց, որոնք, խմբի անդամները մեկամյա գործունեության հաջող ավարտն են համարում. «Շատ ենք աշխատել այս ծրագրի ու մեր նոր երգերի ուղղությամբ, վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»: Hayard Երկու մասից բաղկացած համերգային ծրագրի ընթացքում հոբելյար խմբից բացի ելույթ ունեցան նաեւ “Metafusion project”-ը, “Նաիրի” , “Եվա” ու այլ ռոք-խմբեր, որոնք իրենց կատարումներով շնորհավորեցին «Հայարդ»-ին, իսկ համերգային ծրագրից հետո վառվեցին ծննդյան տորթի մոմերն, ու ծնունդդ շնորհավոր ասացին: Bravo.am-ի հետ զրույցում  խմբի անդամները պատմեցին, որ  սկզբում նվագել են “քավեր” գործեր,  որից հետո սկսել են  աշխատել սեփական գործերի վրա. «Առաջին վեց ամսվա ընթացքում ունեցել ենք չորս գործ, կամաց-կամաց ընկել ենք հունի մեջ ու շարունակում ենք: Փառատոնների ենք մասնակցել, ամեն ինչ շատ հարթ  ու լավ է եղել»: “Metafusion project” Մինչ այդ  «Հայարդը» նվագել է ռոքնռոլ, բլյուզ, ռոք, իսկ այս մեկ տարվա ընթացքում արդեն նոր կազմով ներկայացող խումբը նվագում է պրոգրեսիվ մետալ ոճում. «Մենք նվագում ենք այն, ինչը մեզ հոգեհարազատ է: Խումբը լրջություն է ձեռք բերել. մեկ տարվա ընթացքում սեւ գործն արեցինք, կարծում ենք, հաջորդ տարիներին արդեն բոլորին պարզ կլինի, թե ինչ ենք անելու»: Խումբը ծրագրում է հաջորդ տարի ալբոմ թողարկել, առաջնային նպատակը մեկ համերգային ծրագրի գործ ունենալն է, իսկ հետագայում, երբ զգան`որն է հանդիսատեսի կողմից ամենաշատ սիրված երգը, դրա հիման վրա տեսահոլովակ կնկարահանեն: Խումբն այսօր հանդես է գալիս հետեւյալ կազմով`Սերգեյ Միրզախանյան`վոկալ, Անդրե Վարդանյան` կիթառ, Արթուր Արեւշատյան` բաս-կիթառ,  Արթուր Մկրտումյան` հարվածային գործիքներ, եւ Արմեն Սարգսյան` ստեղնաշարային գործիքներ: “Metafusion project”-ը պրեմիերայով հանդես եկավ :) «Հայարդ»-ին շնորհավորող “Metafusion project”-ը հանդես եկավ պրեմիերայով. «Metafusion» ստեղծագործությունն ազդարարում է նոր`համանուն նախագծի սկիզբը: Bravo.am-ի հետ զրույցում  “Metafusion project”-ի կիթառահար Վանիկ Հակոբյանն ասաց` նախագիծը ներկայացնելու է նոր ստեղծագործությունների շարք, որոնք հետագայում, հույս ունի, որ ալբոմի տեսք կստանան. «Ներկայանում ենք նոր կազմով. մեզ հետ կնվագի «Հայարդի»-ի թմբկահար Արթուր Մկրտումյանը: Առաջիկա ամիսներին արդեն մի քանի ստեղծագործություն կստանա իր որոշակի ավարտուն տեսքը: Չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, բայց կարծում եմ, որ կարեւորը սկիզբն է, տեսնենք, թե ավարտն ինչպիսին կլինի...:)»: “Metafusion project” Խոսելով նախագծի անվան մասին` կիթառահարն ասաց. «Սա մի տերմին է, որին ես չեմ հանդիպել որեւէ տեղ, չեմ էլ ասի, թե ես եմ հորինել: Այն ունի երկու իմաստ` մետալի եւ ֆյուժնի խառնուրդ, իսկ երկրորդը` “մետա” նախածանցը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է այն կողմ, եւ ֆյուժնը, որը նշանակում է միաձուլում, այսինքն` միաձուլումից այն կողմ: Այստեղ ոճերի եւ տարբեր ազդեցությունների միաձուլում է, օրինակ` «Metafusion» ստեղծագործության մեջ կա եւ  ջազ երաժշտություն, եւ դասական ռոքի տարրեր, եւ էթնիկ էլեմենտներ»: Ինչպես նշում է մեր զրուցակիցը, տարիների ընթացքում եկել է այն եզրահանգման, որ երաժշտության ոճային տարբերակումը կարեւոր է ոչ թե ստեղծագործողի, այլ լսողի համար. «Ինձ համար, որպես երաժիշտ, այն այդքան էլ մեծ նշանակություն չունի, ես ոճային սահմանափակում չեմ դնում. ինձ հարազատ է եւ ջազ երաժշտությունը, եւ  դասական ռոքը, եւ հայկական ժողովրդական երաժշտությունը, ես երաժշտությունը տարբերում եմ նրանով, որ կա երաժշտություն, որտեղ կա ոգի եւ հակառակը»: Նշենք, որ “Metafusion project”-ը հանդես է գալիս հետեւյալ կազմով`Վանիկ Հակոբյան`կիթառ, Վահե Հակոբյան` ռիթմ-կիթառ, Անժելիկա Ժամհարյան`ստեղնաշարային գործիքներ, Հայկ Ավետիսյան` բաս-կիթառ,  եւ Արթուր Մկրտումյան` հարվածային գործիքներ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին