×


Երեւանյան պրեմիերա

Երեւանյան պրեմիերա

«Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի արտադրած «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմը 2007 թվականից ցուցադրվում է աշխարհի տարբեր կինոփառատոններում ու դահլիճներում: Մայիսի 12-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ ֆիլմի երեւանյան պրեմիերան: «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» Ֆիլմը մարդկային արժեքների մասին է` ինչպե՞ս պահպանել արժանապատվությունն այս քաոսում, ինչպե՞ս մնալ մարդ այդ ամենին ականատես լինելուց հետո...Արցախյան պատերազմից տարիներ անց այս հարցերի պատասխանը փորձում է գտնել ազատամարտի մասնակից, ռազմաճակատի թեժ գծի լրագրող Վարդան Հովհաննիսյանը: Ֆիլմում ներկայացված են մարտիկների ճակատագրերն ազատամարտի օրերին եւ այսօր` խաղաղ կյանքում: Bravo.am-ի հետ զրույցում ֆիլմի հեղինակը նշեց, որ «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմն իր առաջին միջազգային գործն է. «Մինչ սա ես փոքր շատ գործեր եմ ունեցել, բայց այս ֆիլմն առաջինն է, որը մասնակցեց տարբեր կինոփառատոնների եւ մրցանակների արժանացավ: Հիմա ֆիլմի փառատոնային կյանքն ավարտված է, հետագայում կշարունակվի ցուցադրվել հեռուստատեսություններով, իսկ ուշ աշնանը հնարավոր է նաեւ տեսասկավառակ թողարկվի»: Պրեմիերայից հետո հեղինակը շատ բան չցանկացավ խոսել իր ֆիլմի մասին` կարծիքներն ու մեկնաբանությունները թողնելով ընկերներին: Vardan Hovhannisyan «Սա առաջին ֆիլմն է այս ոճում եւ նման որակով, որը նվիրված է ոչ թե իրադարձություններին, այլ`  մարդկանց, հերոսներին, ովքեր իրենց վրա տարել են պատերազմի դժվարությունները, մեզ բերել մեր հաղթանակը: Այստեղ չկային մեզ հայտնի անուններ, փաստավավերագրական դրվագներ, այլ  կային մարդիկ, մարդկային ճակատագրեր, խոհեր, մտորումներ: Սա ավելի շատ նման է պատերազմի արտացոլման իդեալական մոտեցմանը, պատերազմն այն է, ինչ մենք տեսանք ֆիլմում»,-մեզ հետ զրույցում ասաց Արման Սաղաթելյանը` հավելելով, որ խորհրդային տարիներից  ժառանգած մոտեցումն այս ֆիլմում չկար. «Խորհրդային ժամանակներում մարդու կյանքն ու ճակատագիրը միշտ մղվում էին երկրորդ պլան, բայց ամբողջ աշխարհը մի քիչ այլ կերպ է մտածում, ուրախ եմ, որ մենք էլ ունենք ստեղծագործող մտավորականության մի զանգված, որը եւս մի քիչ այլ կերպ է մտածում»: Լինելով Վարդանի լավ ընկերը,  ֆիլմի մասին իմանալով դրա ծննդից սկսած` մեր զրուցակիցն ասաց, որ  Վարդանին համարում է չափազանց տաղանդավոր մարդ եւ հպարտանում իրենց ընկերությամբ:  Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ ֆիլմն իր իրական լինելով է գրավում հանդիսատեսին. «Սա շարքային մարդկանց կյանքի պատմությունն է, ինչը շատ ավելի հետաքրքիր է մեզ համար: Բավական մեծ աշխատանք է  արված, ինչի արդյունքում ունենք շատ լավ, մատչելի  ֆիլմ` պարզ ու հանգիստ»: Իսկ Դավիթ Ամալյանն ասաց, որ «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմն առանձնացնում է պատերազմի մասին մինչ օրս իր տեսած ֆիլմերից. «Հրաշք... Շատ բաներ վերապրեցի, հուզվեցի, հրաշալի ֆիլմ է»: «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից»  ֆիլմի հերոսներից ազատամարտիկ Ճուտոն մեզ հետ զրույցում ասաց, որ իր զգացողություններն անբացատրելի են. «Կյանքը շարունակվում է, եթե մենք չլինենք, մեր երեխեքն են զենք վերցնելու ու դուրս գալու էն մարդու առաջ, ով կտրորի իրենց հայրենի հողը»:  Ֆիլմն ավարտվում է Ճուտոյի որդու  ծննդով, ում հայրն անվանում է Գրիգոր` մարտում զոհված իր ընկերներից մեկի անվամբ: Այսօր Գրիգորը 6 տարեկան է, պատրաստվում է դպրոց գնալ: Ճուտոն պատմում է, որ նրան ու իր մյուս երկու որդիներին դաստիարակում է նույն ոգով`պատրաստ կռվելու հայրենիքի համար. «Ուրախ եմ, որ կամ, կարող եմ իմ ազգին զինվորներ տալ»: «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ), WDR(Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE(Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզվով եւ արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակի` Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի` FIPRESCI-ի մրցանակ, Նյու-Յորքի «Թրայբեկա» կինոփառատոնում` «Լավագույն նոր վավերագրական ռեժիսոր», “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնում` «Լավագույն վավերագրական ֆիլմ» եւ այլն: «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից»  ֆիլմը երեւանյան կինոթատրոնում կցուցադրվի մինչեւ մայիսի 21-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW