Ֆրանսիաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն(Մուրադ Ամիրխանյան) այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ Zipper Hall սրահում: «Հիշողության ձայնը» համերգային երեկոն հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերին. երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծնունդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ…
Համերգով կնշանավորվի Ադամ Բարրոյի ամերիկյան դեբյուտը: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաեւ սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը եւ «Հայ եմ» կվարտետը:
Ադամ Բարրոն
«Ինձ համար շատ կարեւոր համերգ է: Նպատակ էի դրել իմ առաջ մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Եվ ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում: Միջոցառման կազմակերպիչներից է «Հայ եմ» հիմնադրամը՝ իմաստուն Նշան Աճեմյանի ղեկավարությամբ, որի հետ բախտ ունեցա ծանոթանալ: Կվարտետի անդամներ Տիգրան Երկանյանի, Արմեն Մանգասարյանի, Սահակ Կարապետյանի, Հովիկ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ երջանկություն է աշխատելը»,-նշում է Ադամ Բարրոն:
Ծրագրում ներկայացված են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի եւ այլ կոմպոզիտորների գործերից:
Նշենք, որ առաջիկայում Ադամ Բարրոն հանդես կգա նաեւ այլ ելույթներով: Նա ակտիվ գործունեություն է ծավալում որպես տարաբնույթ հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ. նրան պարբերաբար հրավիրում են դատելու միջազգային ստուգատեսներ տարբեր երկրներում:
Ադամ Բարրոն
Դեկտեմբերի 21-ին Ադամ Բարրոն հանդես կգա ամանորյա համերգով: Կհնչեն հայկական, ռուսական եւ ֆրանսիական Ծննդյան երգեր: Երգիչը ելույթ կունենա Փարիզի ռուսական երգչախմբի հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Եկատերինա Անապոլսկայան: Համերգը տեղի կունենա Հայկական կաթոլիկ եկեղեցում:
2018-ը եւս հարուստ կլինի համերգային ծրագրերով: Հաջորդ տարի Ադամ Բարրոն Հայաստանում կներկայանա «Ադամ Բարրոն եւ ընկերները» համերգային ծրագրով, Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Վերդիի Ռեքվիեմի բեմադրությունում, ինչպես նաեւ հանդես կգա Լոնդոնում, Հռոմում, Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով: Փարիզում Բարրոյի նախաձեռնությամբ հեղինակավոր համերգասրահներում կնշվի նաեւ Երեւանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, Կոմիտասի 150-ամյակը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Ադամ Բարրոյի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: