Վերջին շրջանում համացանցում կարելի է տեսնել այսպիսի վերնագրեր. «Հայ աղջիկը ցնցել է ուկրաինական «X Factor» նախագիծը», «Երիտասարդ հայուհին անտարբեր չթողեց ռուսական «Գոլոս»-ի ժյուրիին» եւ այլն: 21-ամյա երգչուհի Ամալյա Մարգարյանը BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, ձեռքբերումների, տպավորությունների մասին, նաեւ խոսել ապագա պլաններից:
Ամալյա Մարգարյանը մասնակցել է ռուսական «Գոլոս» նախագծին
Երաժշտական արմատներ
Երաժշտականությունը մեր ընտանիքի մասն է: Չեմ պատկերացնում ընտանեկան որեւէ հավաք առանց երգ-երաժշտության. նույնիսկ պատմում են, որ իմ մեծ տատիկը տեխնիկապես ոչ այնքան զարգացած ժամանակաշրջանում ունեցել է ձայնագրման սեփական սարքը: Միշտ երազել է լինել այս ասպարեզում, բայց չի հաջողել. նրանից հետո կարծես ես փորձեցի իրագործել չիրականացածը:
Առաջին քայլեր
Երեք տարեկան էի, երբ սկսեցի երգել: «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբի ամենափոքր անդամն էի: Հաճախ եմ հիշում առաջին ելույթս, երբ կատարեցինք Արմեն Սմբատյանի «Հայաստանը», որն առանձնահատուկ եմ սիրում: Դպրոցում անխտիր բոլոր միջոցառումներին մասնակցում էի: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո զգացի, որ ինչ-որ բան կյանքումս պակասում է, եւ սկսեցի հաճախել վոկալի դասերի` Մարան Կարապետյանի մոտ:
Ամալյա Մարգարյանը մասնակցել է ռուսական «Գոլոս» նախագծին
Նախընտրելի երաժշտական ոճ
Երբ դեռ շատ փոքր էի, Լառա Ֆաբիանի ձայնասկավառակը ճակատագրական դարձավ մեղեդային երաժշտությունը սիրելու առումով: Երաժշտության լեզուն ընդհանուր է բոլորի համար, եւ այդ տարիքում, չհասկանալով սիրելի երգերի բառերը, զգում էի մեղեդին յուրովի:
Ճանապարհ դեպի մեծ բեմ
Կաշկանդվող բնավորությանս պատճառով հեշտ չէր ուկրաինական X-Factor-ին մասնակցելու որոշում կայացնելը, սակայն կողքիս գտնվեցին ավելի համառ մարդիկ, ովքեր մղեցին ինձ այդ քայլին: Մինչեւ վերջին պահը հուզմունքս ինձանից ուժեղ էր, բայց երգս մարդկանց հասցնելու ցանկությունը՝ ավելի մեծ…
Սակայն չէի սպասում, որ X-Factor-յան փուլն այդքան արագ կավարտվի: Երբ Հայաստան վերադարձա, մի հեռախոսազանգ ինձ անակնկալի բերեց. «Դուք հրավիրված եք մասնակցելու «Голос»-ի նախընտրական փուլին»: Մոռացել էի՝ միեւնույն ժամանակ երկու մրցույթին էլ հայտ էի ուղարկել: Եվս մի հրաշալի հնարավորություն՝ երգելու մեծ բեմում: Չափազանց մեծ պատասխանատվություն՝ լինելու միլիոն հայտերից 150 ընտրվածների մեջ:
Ամալյա Մարգարյանը մասնակցել է ռուսական «Գոլոս» նախագծին
Մեծ փորձ՝ մեծ բեմում
Նոր մարդիկ, նոր էմոցիաներ, նոր ընկերներ ու ՆՈՐ ընտանիք: Այնքան մտերմացանք, որ նույնիսկ մի պահ մոռացել էինք մրցութային տրամադրվածության մասին: Տխուր էի, որ այդ օրերն ավարտվեցին, սակայն անչափ ուրախ, որ դրանց մի մասնիկն եմ եղել: Չափազանց տարբեր մարդկանց մեկ բռունցքի մեջ պահելը մեծ ջանքեր է պահանջում, եւ մարզիչս՝ Բաստան, արեց հնարավորն ու անհնարինը խմբի հավաքական կերպարը ստեղծելու համար: Դեռ դպրոցական տարիքից նրա արվեստն ինձ միշտ էլ հոգեհարազատ է եղել, եւ ոչ միայն աշխատելը, այլ ուղղակի նրան ճանաչելն արդեն կյանքիս ամենամեծ նվերներից էր:
Անսպասելի արձագանք
Մինչ օրս չեմ հավատում, որ այդ ամենն իրական էր: Երբեք չէի սպասի նման արձագանքի, քանի որ ինքս ինձնից կատարելապես գոհ չէի, բայց երբ համացանցում տեսա ելույթիս տեսանյութը, այն էլ այդպիսի հավանության արժանացած, իսկապես հուզվեցի: Ստացել էի բազմաթիվ ոգեշնչող նամակներ, որոնցից մի քանիսը մինչ օրս պարբերաբար ընթերցում եմ: Ինձ համար տարօրինակ էր, որ կային մարդիկ, ովքեր ուզում էին ուղղակի նկարվել ինձ հետ, այն էլ՝ Մոսկվայում:
Ամալյա Մարգարյանը մասնակցել է ռուսական «Գոլոս» նախագծին
Բումից հետո` լռություն…
Անսպասելի եւ հաճելի արձագանքներից հետո ինձ համար լռությունն այս ամենի տրամաբանական շարունակությունն էր: Այսօր իմ ծավալած գործունեությունը չեմ կարող համարել ակտիվ: Լռությունն ինձ չի անհանգստացնում, այլ ժամանակ է տալիս նախապատրաստվելու նոր ելույթների: Իհարկե, չեմ դադարել նամակներ ստանալ, ինչն էլ շարունակում է ոգեշնչել ինձ…
Հետագա պլաններ…
Առաջնահերթ նպատակս է ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որտեղ սովորում եմ: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ կդադարեմ փորձել ուժերս երգարվեստում: Ազատ ժամերս պարտադիր ծառայում են սիրելի աշխատանքիս. ձայնագրում եմ հանրահայտ երգերի իմ տարբերակները, ստեղծագործում եմ, եւ մեծ է ցանկությունս ունենալ հեղինակային երգերի ձայնասկավառակ: Հուսով եմ, այդ պահը չի ուշանա…
Տեքստը` Մագդալինա Միրիջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ամալիա Մարգարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: