Ծովինար Մարտիրոսյանն այսօր դարձել է 31 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր կյանքի ամենահիշվող տարեդարձն է անցկացնում, թեեւ հատուկ չի նախապատրաստվել.«Իմ տան դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հիշում են, սիրում են ինձ ու կգան շնորհավորելու: Գիտեմ նաեւ, թե ովքեր կգան»:
Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը
Դերասանուհին պատմել է ընկերների եւ ամուսնու մատուցած անակնկալների մասին.«Մեծ նվեր էր ինձ համար, որ Արտաշեսն ու Մարջանը մինչեւ կեսգիշեր եկան շնորհավորելու: Միասին նշեցինք, իսկ ուղիղ կեսգիշերին Նարեկը մատուցեց իմ կյանքի ամենախոսուն անակնկալը. նա 3D նկար նվիրեց, որը շատ մեծ է: Այն պարզապես տեսնել է պետք, բառերով հնարավոր չէ նկարագրել գեղեցկությունը: Շատ հուզիչ պահ էր, գնահատում եմ ամուսնուս ճաշակը, սիրում եմ նրան: Նա կյանքիս ամենալուսավոր նվերն է, ուզում եմ`միշտ երջանիկ լինի ու հասնի իր ազնիվ նպատակներին եւ երազանքներին»:
Տարեդարձի անակնկալները շարունակվել են Սունդուկյան թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի անվան դպրոց-ստուդիայում, որտեղ դասավանդում է Ծովինարը.«Ճիշտ է` գիշերը չէի քնել, բայց առավոտյան դասի գնացի, իսկ ուսանողներս ինձ համար տորթեր, հրավառություն, նվերներ ու ծաղիկներ էին պատրաստել: Անընդհատ ժպտում եմ, քանի որ շատ լավ ընկերներ ու հարազատ մարդիկ կան կողքիս»:
Նարեկ Հայկազյանի նվերը Ծովինար Մարտիրոսյանի 31-ամյակին
Չնայած` հոբելյարն արդեն հասցրել է տորթի մոմեր փչել, սակայն երազանք դեռ չի մտապահել. «Մոռացա, բայց օրվա ընթացքում էլի տորթեր կլինեն, իսկ երազանքներս շատ են: Ուզում եմ`այն, ինչ ունեմ, Աստված պահի: Գիտակցում եմ, որ այժմ հաստատուն քայլերով պետք է առաջ շարժվեմ, մեծացնեմ երեխաներիս ու հասցնեմ իրենց նպատակներին: Երազանքներս նաեւ մեր պետության հետ են կապված. խաղաղություն եմ ուզում, Հայաստանս բարելավի իր տնտեսական, սոցիալական վիճակը, շատ ընտանիքներ հացի խնդիր չունենան: Շատ կուզեմ հարուստ լինել ու օգնել կարիքավոր ընտանիքներին. այսօր իմ տանն ուրախություն է, բայց շատերը կարիքի մեջ են»:
Ծովինարը շատ է սիրում իր ծննդյան օրը եւ միշտ հետեւյալն է ասում.«Հա, լավ եմ արել, որ ծնվել եմ, ուրեմն պետք եմ այս աշխարհին ու մի բան ունեմ անելու: Շատ ծրագրեր, նախագծեր կան, որոնց մասին չեմ ուզում շատ խոսել, բայց հուսամ` կիրագործվեն այս տարի»:
BRAVO.am-ը շնորհավորում է Ծովինարին ու նպատակների իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ծովինարի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: