«Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման առաջնախաղից հետո Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը չէր հավատում, որ վերջապես այն հանդիսատեսին են հանձնել:
«Քիչ առաջ մտածում էի՝ մի՞թե մեր երազանքը կայացավ: Դեռ 2021 թվականին ենք սկսել առաջին քայլերը կատարել, երբ ծանոթացել ենք Սիմոն Աբգարյանի հետ: Մի քանի անգամ Ֆրանսիայում ենք հանդիպել, ապա նաեւ այստեղ: Այնքան ճիշտ էր զգացողությունս, որ հայ թատրոնի ու մեզ համար շատ լավ գործ ենք անելու»,- BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է Գրիգորյանը:
Նա նշում է՝ էպիկական ներկայացում են ստացել, որում շարժումները նվազագույնն են, բայց ասելիքի ծավալներն են մեծ: Չի թաքցնում, որ «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն մարտահրավեր է եղել իրենց համար:
«Մեր թատերախումբն ամեն անգամ ցույց է տալիս, որ ցանկացած դժվար իրավիճակից դուրս կգա: Շատ ուրախ եմ, որ մեր բազմաշերտ խաղացանկին ավելացավ էպիկական ներկայացում: Այսպիսի բան չունեինք: Կարծում եմ՝ առհասարակ Հայաստանում չկար: Եվ Սիմոն Աբգարյանին եմ շնորհակալ, որ նման գործ է արել, եւ մեր Տաթեւ Ղազարյանին, որը ռեժիսորի օգնականն էր: Նա ամեն ինչ կազմակերպել է: Իր կյանքում սա նման առաջին փորձառությունն էր, որը հիանալի կատարեց»,- ասել է դերասանուհին:
Նարինե Գրիգորյանը ներկայացման մեջ մարմնավորում է ամուսնուն՝ Էլիասին, պատերազմից հետո 20 տարի սպասող Դինահին. առասպելական Ոդիսեւսի կին Պենելոպեն է:
Դերասանուհին համարում է, որ Սիմոն Աբգարյանի ներկայացումը, միեւնույն է, սիրո մասին է: Հիմքում «Ոդիսականն» է, ինչպես նաեւ Աբգարյանի մայրիկի պատմությունը, որն 8 տարի սպասել է ամուսնուն:
«Այսօր հիշեցի՝ 2 տարի սպասել եմ, որ Սերգեյն (ամուսինը դերասան Սերգեյ Թովմասյանն է,-հեղ.) ԱՄՆ-ից վերադառնա: Ես էլ 2 տարվա Պենելոպե եմ: Դինահի ամուսինը վերջապես վերադառնում է: Նա պացիֆիստական երդում էր տվել, որ այլեւս չի սպանելու, բայց կանգնած էր ընտրության առաջ՝ փրկել ընտանիքը կամ երդմանը հավատարիմ մնալ»,- նշել է Նարինե Գրիգորյանը:
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
141






