×


Լուիզա Ներսիսյանի անսովոր կերպարն ու «Կրկին փորձիր» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր մյուս դրվագները

«Կանգ առ, ժամանակ, դու հիասքանչ ես». այս խոսքերը «Ֆաուստ» ողբերգության հերոսինն են, ով վաճառեց իր հոգին չար ուժերին՝ նպատակներին հասնելու համար: Մեր օրերում ի՞նչը կարող է ստիպել պայման կապել որոշ ուժերի հետ։ Երեւանում մեծ էկրան է բարձրացել «Կրկին փորձիր» ֆանտաստիկ կատակերգությունը, որի գլխավոր դերակատարը Գարիկ Պապոյանն է: 

Ռեժիսորներ Արման Սարգսյանի եւ Գրիգոր Գասպարյանի նոր ֆիլմի հերոսը հանուն սիրո 6 ցանկության դիմաց վաճառում է իր հոգին եւ հայտնվում անսպասելի ու արկածային իրավիճակներում:


Պապոյանը խոստովանում է՝ իրական կյանքում էլ ունեցել է ցանկություններ, որոնց համար պատրաստ է եղել շատ թանկ վճարել. «Փառք Աստծո, գործը վճարելուն կամ հոգի ծախելուն չի հասել: Անցած տարի այս օրերին արդեն քննարկում էինք, թե ինչ պետք է նկարահանենք: Սցենարիստներից մեկը ես եմ, եւ գրել ենք Վանի եւ Արմենի հետ»:

Սոնա Մաթեւոսյանի համար նախագիծը դեբյուտային է. առաջին անգամ է նկարահանվում գեղարվեստական լիամետրաժ ֆիլմում: Գարիկի խոսքով` դերասանուհին բացահայտում է եղել բոլորի համար։


Գարիկ Պապոյանի հետ առաջին անգամ նույն ֆիլմում է հանդես գալիս նաեւ կինը՝ Մարիաննա Վարդանյանը. «Առաջարկը, որքան էլ զարմանալի է, տանը չեմ ստացել: Օդանավակայանում էի, տեսակապով զրուցում էինք, երբ Գարիկն ասաց՝ գլխավոր դերակատարներից մեկը ես եմ։ Թռթվռում էի, քանի որ անակնալ էր, նաեւ հուզվել էի, իսկ կողքի մարդիկ չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես, չլինելով դերասան, կարողացա խաղալ, քանի որ կերպարս ինձ հակառակ չէր իր բնույթով»։


Խորհրդավոր Սաթենին է մարմնավորում Լուիզա Ներսիսյանը: Գարիկի խոսքով` սցենարը գրելիս հենց նրան էլ պատկերացրել են այդ դերում։ 

«Միշտ էլ հետաքրքիր է այսպիսի կերպարներ մարմնավորելը, եւ առաջարկը ստանալիս շատ ուրախացա: Ընտանեկան, ջերմ ու սիրուն պատմություն է»,- նշեց դերասանուհին:


Նա պրեմիերային ներկայացել էր տարբերվող կերպարով եւ BRAVO.am-ի հետ զրույցում մեկնաբանեց իր տեսքը. «Մանուկ Ալեքսանյանի հետ ենք որոշել նման կերպար ստանալ։ Քանի որ կերպարս անիրականի եւ իրականի սահմանին էր, մտածեցինք, որ հագուստումս էլ պետք է լինեն տղամարդկային բրուտալությունն ու միստիկությունը»։

Ռեժիսոր Արման Սարգսյանի խոսքով՝ ֆիլմը լավ տրամադրություն փոխանցելուց բացի, կօգնի վերաարժեւորել ցանկությունները, գնահատել, այն, ինչ ունենք, բայց հաճախ չենք նկատում:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW