Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է Հիսուս Քրիստոսի հարության տոնը` Սուրբ Զատիկը, որին նախորդում է Մեծ պահքի շրջանը: Այն այս տարի սկսվել է փետրվարի 20-ից, տեւելու է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Հայ հայտնիներից ովքե՞ր են պաս պահել եւ ինչպիսի՞ն է Մեծ պահքի խորհուրդը նրանց համար, փորձել է պարզել BRAVO.am-ը:
Էմմին
Էմմին մեզ հետ զրույցում պատմել է, որ բավական երկար ժամանակ է, ինչ ամեն տարի պաս է պահում. “Ինձ համար պասը եւս մեկ անգամ կամքի ուժ դրսեւորելու եւ օրգանիզմը մաքրելու ամենալավ միջոցն է, քանի որ իրականում ես առանց պասի եմ հավատում, եւ իմ հավատն ապացուցելու համար ոչ 40 օրն է հերիք, ոչ էլ ամբողջ կյանքս. ես հավատում եմ ամեն օր ու ամեն րոպե: Թող մարդիկ ինձ սխալ չհասկական, ես պասին վերաբերվում եմ շատ դրական եւ հենց դա է պատճառը, որ միշտ պահել եմ` բացառությամբ “Եվրատեսիլ 2011”-ին մասնակցելու տարին: Այդ ժամանակ ինձ ուժ էր պետք եւ լավ սնվել”: Երգչուհին նշել է, որ բանջարեղենի մեծ սիրահար է, մսակեր չէ եւ իր ուտեստների ցանկում միսը 2% տեղ է գրավում. “Ստացվում է, որ ամբողջ տարին ես պաս եմ պահում”:
Անահիտ Սիմոնյանը
Անահիտ Սիմոնյաննն էլ այս տարի պաս պահելու մեծ ցանկություն է ունեցել, բայց շփոթել է Մեծ պահքի շրջանի օրերը. “Պատրաստվում եմ հաջորդ տարի պահել”: Իսկ Հայկոն խոստովանել է, որ երբեք պաս չի պահել.“Աշխատանքի բերումով չի հաջողվում: Լինել այնպիսի վայրերում եւ օգտվել այնպիսի ուտեստներից, որոնք համապատասխան են պասի շրջանին, միշտ չէ, որ հնարավոր է”: Հայկոն նշել է, որ պասն իր համար շատ հետաքրքիր խորհուրդ ունի. “Մաքրում է մարդկային առումով, օգնում կամքի ուժ դրսեւորել: Ինձ թվում է` մի օր էլ ես կպահեմ”:
Էրիկը
Էրիկը եւս մեզ հետ զրույցում նշել է, որ պաս երբեւէ չի պահել եւ նույնիսկ չգիտի, թե ինչու են պահում: Այս տարի պաս չի պահել նաեւ դերասանուհի Լիլի Էլբակյանը, քանի որ փոքր բալիկ ունի:
Անդրե Սիմոնյանը
“The Beautified Project” խմբի հիմնադիր եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանը պաս պահել փորձել է մեկ անգամ եւ մեկ օրով.“Կարող եմ ասել` բավական դժվար էր: Իմ կարծիքով՝ ընդհանրապես ուտելիքից կամ մսից հեռու մնալն առողջարար է, նաեւ կամքի ուժի զարգացման պրոցես է”: Ռոք երաժիշտը նաեւ հետեւյալն է ասել.“Չեմ սիրում, երբ մարդիկ տարվա ընթացքում մեղքեր են գործում եւ փորձում Աստծո մոտ արդարանալ՝ պաս պահելով”:
Լիլի Էլբակյանը (Լուսանկարը՝ Դավիթ Գալստյանի)
Ինչպես Արարատյան թեմի կայքում է գրված՝ սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է՝ նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան եւ բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ երգիչների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: