×


«Քար»-ի կիսամերկ մարմինները, զարդերն ու բենդը

Անդրանիկ Միքայելյանը երիտասարդ դերասան է, բայց արդեն նաեւ իր ուրույն ռեժիսորական ձեռագիրն ունի: Նախ նա Նարինե Գրիգորյանի հետ բեմադրել է «Լակոտը», ապա ինքնուրույն ստեղծել «Քարը», որը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորաբաց շենքում երկրորդ առաջնախաղն էր: 

BRAVO.am-ի հետ զրուցում Միքայելյանը Հրաչյա Քոչարի 125-ամյակին նվիրված բեմադրության հետ կապված մի քանի պարզաբանում է արել:

Անդրանիկ Միքայելյանը


Անվանումը

Անկեղծ ասած՝ վերնագրի հարցում երկար չեմ մտածել: Ինձ շատ հարազատ Նարինե Գրիգորյանն առաջարկում էր որպես վերնագիր ընտրել «Թեւավոված մարդը», որը եւս շատ գեղեցիկ է հնչում: Ուղղակի շատ հստակ իմ ուղերձը փոխանցում է «Քարը». մենք պիտի քարի պես անկոտրում լինենք, քարի պես կոպիտ, չփշրվող, պինդ: Քար բառը փոխանցում է իմ հույզերն ու մտքերը:


Զարդերը

Դերասանների վզնոցներն ու մյուս զարդերը եւս քարեր են: Դրանք լրիվ հակադրություն են բեմում եղած իրական քարին: Նաեւ հակադրվում են կոպտությանը: 


Ներկայացումն առանց կիսամերկ մարմինների չէի կարող պատկերացնել: Ուզում էի ցույց տալ մարդու մարմինն՝ իր մկաններով ու ռելիեֆներով: Վերջին փորձերին ինձ հետ են եղել նաեւ քանդակագործ ընկերներս՝ Հարությունն ու Սմբատը: Նրանք ինձ շատ կարեւոր հուշումներ են տվել: 

Երաժշտությունը

Անկախ թեմայից, քարից ու պատմությունից՝ այս ներկայացումն ունի նաեւ համերգային տարրեր: Ի սկզբանե պատկերացրել եմ, որ մենք ինչ-որ բենդ ենք, ռոք աստղեր, որոնք իրենց համերգային հագուստը կամ զարդը պետք է ունենան: 


Բեմադրիչ դերասանը

Խաղալ ավելի շատ եմ սիրում ու այդ ընթացքն իսկապես վայելում եմ, իսկ բեմադրելիս լավն այն է, որ ամբողջ կուտակվածը դուրս եմ հանում: Ինչով լիցքավորվում եմ, նույնն էլ փոխանցում եմ դերասաններին, որ խաղան:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW